2017 թվականի դեկտեմբերի 13-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվեց Խ. Պետրոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, Հ. Շանոյանի վերաբերյալ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված թիվ 13202517 քրեական գործը:
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշմամբ պաշտպաններ Ի. Ավագյանի եւ Վ. Գեւորգյանի միջնորդությունները բավարարվել են եւ Խ. Պետրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով (2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 44-396-րդ հոդվածի 3-րդ մաս), եւ Հ. Շանոյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մաս) քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մայիսի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ եւ սահմանվել էր գրավոր ընթացակարգ։
Ըստ բողոքի. «Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգությունը հետեւյալն է. նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ եւ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ»։ Խոսքը անձին վերագրվող ենթադրյալ արարքի մասին է, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների խմբին: Արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով ամբաստանյալներին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքները դասվել են ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է 10 տարի։ Գործող քրեական օրենքով մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքները դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եւս 10 տարի է։ Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ ամբաստանյալներին մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը 10 տարի է, որը դեռեւս չի անցել։
Կարդացեք նաև
Վճռաբեկ դատարանը, որ այս որոշումը հաճախակի է մեջբերվում վաղեմության ժամկետ կիրառելու վերաբերյալ գործերով, դատապարտյալի եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի աշխատակից, արդարադատության ենթասպա -աշխատակցի վերաբերյալ գործը 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշմամբ բեկանել է, անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի եւ վաղեմության ժամկետների փոփոխման հարցերին: Վճռաբեկ դատարանին ի սկզբանե հետաքրքրել է հետեւյալ հարցը. «Արդյո՞ք փոփոխված օրենսդրությունը, ի տարբերություն արարքը կատարելու պահին գործող օրենսդրության, անձի համար բարենպաստ հետեւանքներ առաջացնում է, թե ոչ»։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Վերագրվող արարքի ծանրության տեսակի փոփոխությունը դեռեւս չի նշանակում, որ հանցանքը կատարած անձի համար վաղեմության ժամկետի տեսանկյունից տեղի է ունեցել բարելավում»։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, եւ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին եւ գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ «Պարզելու համար, թե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող հանցանքի տեսակի փոփոխությունն արդյո՞ք քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից բարելավում է ենթադրյալ հանցանք կատարած անձի վիճակը, անհրաժեշտ է համադրված ուսումնասիրել երկու քրեական օրենսգրքերի վերաբերելի դրույթները»։
Ըստ հիշատակված քրեական գործի, որի մասին տարիներ առաջ գրվել էր նաեւ լրատվամիջոցներով, Ա. Մուրադյանը, քննությամբ չպարզված հանգամանքներում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափի, տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոց, ապա ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իր պատիժը կրող դատապարտյալ Խ. Պետրոսյանին 2017թ. հանդիպել է դատապարտյալ Պետրոսյանի կողմից ուղարկված, նրան առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ձեռքբերմանն օժանդակող, ՔԿ հիմնարկի աշխատակից, արդարադատության ենթասպա Հ. Շանոյանի հետ եւ հիշյալ թմրամիջոցը փոխանցել՝ ապօրինի իրացրել է վերջինիս՝ հետագայում նրա կողմից Պետրոսյանին հանձնելու նպատակով: 2017թ. հուլիսի կեսերին նշված թմրամիջոցը Հ. Շանոյանի մոտից հայտնաբերվել է ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից կատարված անձնական խուզարկության ժամանակ:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա. Ալեքսանյանը խնդրել է առաջին ատյանի դատարանի՝ թիվ ԵԱՔԴ/0196/01/17 քրեական գործով 2023 թվականի մարտի 27-ի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումն ամբողջությամբ բեկանել՝ մերժելով պաշտպաններ Ի.Ավագյանի եւ Վ.Գեւորգյանի կողմից ներկայացված միջնորդությունները:
Բողոքաբերը, մեջբերելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 83-րդ, 396-րդ հոդվածները եւ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ եւ 268-րդ հոդվածները, արձանագրել է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի, որը որպես պատիժ էր նախատեսում ազատազրկումը 2-6 տարի ժամկետով, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասը որպես պատիժ է նախատեսում ազատազրկումը՝ 2-5 տարի ժամկետով։ Բացի այդ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը 10 տարի է, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով ծանր հանցագործության վաղեմության ժամկետը՝ 10 տարի։ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատժի մեղմացման հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի կիրառման ուժով Խ. Պետրոսյանի եւ Հ. Շանոյանի արարքները համապատասխանել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 44-396-րդ հոդվածի 3-րդ մասին եւ 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասին, որոնք հանդիսանում են միջին ծանրության հանցանք, որոնց համար քրեական պատասխանատվությունից անձն ազատվում է, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է 10 տարի ժամկետ։ Մինչդեռ առաջին ատյանի դատարանը, Պետրոսյանի եւ Շանոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս, հիմք է ընդունել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը (5 տարի), անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Պետրոսյանի եւ Շանոյանի արարքները հանդիսացել են ոչ թե միջին, այլ ծանր հանցանք, որոնց վաղեմության ժամկետն արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է 10 տարի։ Այլ կերպ՝ Պետրոսյանի եւ Շանոյանի վիճակը բարելավող օրենքին իրավացիորեն հետադարձ ուժ տալով՝ առաջին ատյանի դատարանը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ եւ 9-րդ հոդվածների դրույթների խախտմամբ միաժամանակ կրկնակի հետադարձ ուժ է տվել նախկին քրեական օրենսգրքի դրույթներին՝ անտեսելով այն հանգամանքը, որ արարքի կատարման պահին գործող օրենքով Պետրոսյանի եւ Հ. Շանոյանի արարքը հանդիսացել է ծանր հանցագործություն, որի վաղեմության ժամկետը 10 տարի է։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2024