Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բնակարանս քանդվում է». 83 տարեկան կինը քաղաքապետարանի, խմբագրությունների դռներին է

Հուլիս 17,2024 13:00

Թոշակառու, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում 40 տարի աշխատած Լաուրա Մանուկյանի խնդրին «Առավոտում» անդրադարձել եմ 2011 թվականին:

2009 թ. Լ. Մանուկյանը հայց էր ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ իր գույքը վնասած հարեւանի դեմ: Դատարանը հայցը մերժել էր՝ որակելով անհիմն, իսկ Լ. Մանուկյանից բռնագանձել էր ութ հազար դրամ՝ որպես չվճարած պետտուրք: Երեկ նա նորից «Առավոտի» խմբագրությունում էր…

Մայրաքաղաքի Գ. Նժդեհի 35 շենքի 32 բնակարանի 83-ամյա բնակիչը՝ Լաուրա Մանուկյանը, տարիներ շարունակ քաղաքապետարանի, համայնքապետարանի, ոստիկանության, խմբագրությունների դռներն է ծեծում: Նրան լսող չկա: Նրա առաջ դուռ բացող չկա, աջակցող չկա, ձեռք մեկնող չկա:

Նրա ասելով, դիմել էր վարչական շրջանի ոստիկանություն. «ոստիկանը եկավ, նայեց վիճակը, թեւս կոպիտ ոլորեց, գնաց»: Լ. Մանուկյանը «Առավոտին» հուզված պատմում է, որ վերեւի հարեւանն իր բնակարանը պարբերաբար վարձակալության է տալիս տարատեսակ անձանց, իսկ վարձակալների անփութության պատճառով քանդվել է լողասենյակի առաստաղը: Նա ցույց է տալիս նկարներ՝ անմխիթար վիճակում հայտնված իր բնակարանի:

«Բնակարանս վատ վիճակում է, քանի որ խողովակները փտած են, ինչի արդյունքում, ես նույնպես չեմ կարողանում օգտվել լվացարանից, ջրից: Բողոքում եմ, սակայն ոչ մի արձագանք չեմ ստացել»,-ասում է նա: Մի նկար էլ է ցույց տալիս, երբ գնացել է հերթական անգամ բարձրաձայնելու իր իրավունքների մասին, ընկել էր բակում, քարերին, վնասել դեմքը, մինչ օրս գլխացավեր ունի:

2017 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ լրացումներ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ կապված հարեւանների միջեւ ծագած հարաբերությունների հետ, հույս ունեինք, թե սահմանված դրույթը կյանքի կկոչվի, այն է. «Հարեւանները օրենքով նախատեսված իրավունքներից եւ պարտականություններից բացի, ունեն փոխադարձ հարգանք ցուցաբերելու պարտականություն»: Բայց արդյո՞ք այդպես եղավ, լսելով Լաուրա Մանուկյանին, կարող ենք պնդել, որ՝ ոչ: Լաուրա Մանուկյանները շատ են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031