Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ամեն մարդ չի կանա խմի, իմ ջուրն ուրիշ ջրեն է…» կամ՝ «Սարդարապատի պարերն ամեն մարդ չի կանա պարի…»

Հուլիս 17,2024 12:30

Մուրադ Հակոբյանի անվան 40-ամյա «Սարդարապատ» պարարվեստի դպրոցի հաշվետու համերգը կայացավ Էդգար Հակոբյանի ղեկավարությամբ, մանուկ եւ պատանի պարող-պարուհիների սաների ծնողներով եւ բարեկամներով լեփ-լեցուն դահլիճում` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում:

Ռազմապարերը եւ մարտապարերը բնորոշ են ՀՀ ԶՈՒ «Սարդարապատ» պարի պետական անսամբլի բազմաբնույթ պահանջներ իրականացնող ելույթներում: Պարասեր հանդիսականը տեղյակ է, որ «բանակի անսամբլը» հաճախ հանդես է գալիս  նաեւ «Գոյամարտ» կամ «Հերոսամարտ» խոշորածավալ  պարային ներկայացումներով: Ակնհայտ է, որ պետության պաշտպանությունը ապահովող  գերատեսչական պատկանելության անսամբլը ենթադրում է պարացանկում ունենալ ռազմա-հայրենասիրական պարերի մեծ տեսականի,  թեմատիկ հարստություն, որտեղ իրականացվում է ոչ միայն ազգային ավանդական կամ թեմատիկ բեմադրական պարերի առկայություն եւ առատություն, այլեւ պահանջվում է տարբեր երկրների պատվիրակությունների հետ հանդիպումների ընթացքում միշտ ներկայացնել նաեւ հյուր երկրի պարարվեստը եւ կամ աշխարհի շատ երկրներում հայտնի եւ սիրված պարերի նմուշներ, օրինակ` «գնչուական», «հունգարական», «իսպանական» կամ այլ համընդհանուր սիրված պարերի` տանգո, վալս եւ այլն: Ոչ միայն գերատեսչական պատկանելության պարտադրանքն է «պարտադրում» բեմադրել մարտապարեր, այլեւ  պարարվեստի այդ ժանրը պարային հավատամք  է «Սարդարապատ» անսամբլի հիմնադիր պարուսույց  Մուրադ Հակոբյանի համար:

Կինտո – Հայկ Հակոբյան

Արվեստասեր հանրությանը հայտնի է, որ 2023-ի հոկտեմբերին վաղաժամ կյանքից հեռացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր,  պարուսույց արվեստագետը եւ անդառնալի հանգամանքների բերումով «Սարդարապատ» համակարգի ղեկավարության չափազանց մեծ ու ծանր պատասխանատվությունը ստանձնեց Ընկեր Մուրադի որդին` Էդգար Հակոբյանը, ով իր մանկության ժամանակներից սկսած, դպրոցական-ուսումնական, բանակի ծառայության, զորացրվելուց հետո եւ «իր ամբողջ կյանքում» մասնակցել է «Սարդարապատ» անսամբլի ամբողջ գործունեությանը, քաջ ծանոթ է անսամբլին առնչվող բոլոր տարիների բոլոր մանրամասներին: Շրջահայաց արվեստագետ Մուրադ Հակոբյանը որպես պրոֆեսիոնալ անսամբլի ավանդությունները պահպանող ու շարունակող  զորություն, ժամանակին  հիմնադրել էր նաեւ մանուկների եւ պատանիների պարարվեստի դպրոց-ստուդիան, որի ղեկավարությունը երկար տարիներ ստանձնել էր Էդգար Հակոբյանը եւ հենց  Ընկեր Էդգարի նախաձեռնությամբ է տարիներ առաջ, դեռեւս Ընկեր Մուրադի ղեկավարության տարիներից դպրոցը անվանակոչվել  «Մուրադ Հակոբյանի անվան պարարվեստի դպրոցի» եւ  առաջին անգամն է, որ դպրոցը իր տարեկան ավարտական համերգը ներկայացնում է ծնողներին եւ հանրությանը՝ առանց Ընկեր Մուրադի մասնակցության:

Էդգար Հակոբյանը եւ Լեւոն Իվանյանը

Պարարվեստի դպրոց-ստուդիայի գործունեությունը գնահատելու մեր հարցին ուսումնական հաշվետու երեկոյի  ռեժիսոր ու միաժամանակ նաեւ երեկոյի համերգավար` Լեւոն Իվանյանը հայտնեց հետեւյալը. «Մուրադ Հակոբյանի հետ միասին մենք տարիներ շարունակ պետական, մշակութային կարեւոր նշանակության մեծ համերգներ եւ պարային ներկայացումներ ենք իրականացրել եւ հիմա, երբ  «Սարդարապատ» պրոֆեսիոնալ պարի եւ ուսումնակրթական համակարգի ղեկավարությունը բանակի անսամբլի եւ պարարվեստի դպրոցի հետ միասին ստանձնել է «Սարդարապատ»-ի նախկին սան եւ այսօր արդեն պետական անսամբլի եւ դպրոցի միացյալ համակարգի գեղարվեստական, մանկավարժական եւ տնօրինական ղեկավար Էդգար Հակոբյանը, ես որպես անսամբլի տասնյակ տարիների գործընկեր եւ բարեկամ ընկեր, իմ կարողությոնների ներածին չափով այժմ էլ օգնում եմ բեմական պրոֆեսիոնալ եւ ուսումնակրթական աշխատանքներին: Եվ եթե պետք էր, որ ուսումնակրթական քառաստիճան համակարգի հաշվետու համերգին  այսօր ես  մասնակցեմ համերգավարությամբ, ապա հոժարակամ կատարեցի այդ ոչ հեշտ պարտականությունը, քանի որ ինքս պրոֆեսիոնալ բեմին հավասար եմ գնահատում ուսումնակրթական գործունեությունը` առանձնապես մանկապատանեկան տարիքային շերտում, քանի որ «ավագ» սերնդի նվաճումները անպայման պետք է փոխանցվեն «կրտսեր» սերնդին, հատկապես «ռազմա-հայրենասիրական» ոչ պաշտոնական անունը կրող պարային ժանրում, որը  մեր ժամանակներում, իմ գնահատմամբ` պետական քաղաքականության արդյունքում, ես այսօր դասում եմ մեզանում արագ «անհետացող որակների թվին»  եւ դնում եմ, այսպես կոչված, ստեղծագործական հայեցակարգերի «կարմիր գրքում»: Իսկ «Սարդարապատ»-ի պարային գործունեությունը նմանատիպ պարային խմբերի մեջ առանձնանում է իր «բանակային կարգապահությամբ», մարզական բարձր պատրաստվածության հասնող պարային բարդագույն հնարքների կատարմամբ եւ մարտապարերին, հայրենապարերին, հաղթապարերին ու ռազմապարերին բնորոշ ու հատուկ` «խենթ ու վարակիչ» էներգետիկայով, որը հենց պարի ընթացքում փոխանցվում է դահլիճ եւ ակամա ցանկություն է առաջանում ինքդ էլ տեղից բարձրանալու բեմ ու պարելու արտիստների եւ երեխաների հետ միասին: Սակայն սրանք այն պարերը չեն, որ «ամեն մարդ կարող է պարել», այս պարերը շատ մեծ ու բազմակողմանի պատրաստություն են պահանջում եւ  ամենեւին էլ «ամեն մարդու բան չի»:

Լուսանկարները՝ Նաիրա Գևորգյանի

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031