Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը` նույնացնելով, կամ` հավասարեցնելով այդ շահերը ռուսականի հետ
Ռուսաստանը մտահոգված է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում կարող է դառնալ մշտական: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Մոսկվայի հերթական անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք մտահոգված ենք, որ Երեւանի հավանությամբ, առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական», – ասել է ռուսաստանցի դիվանագետը՝ հիշեցնելով՝ ապրիլից առաքելության կազմում նաեւ Կանադայի ներկայացուցիչների առկայությունը, ինչը, Գալուզինի խոսքով` «դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաեւ խոստովանել է, որ Մոսկվան ԵՄ առաքելության հարցը մշտապես բարձրացնում է թե՛ Երեւանի, թե՛ տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացմամբ», – ասել է Գալուզինը։ Դիվանագետը միեւնույն ժամանակ մտահոգություն է հայտնել, թե Հայաստանում «արեւմուտքցիները կարող են հետախուզական տվյալներ հավաքել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հարեւան պետությունների վերաբերյալ»։
Հետաքրքրականն այն է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ընդլայնումը, մասնավորապես, Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը ռուսները դիտարկում են որպես ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցումը Հարավային Կովկաս։ Իսկ այն, որ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Թուրքիան վաղուց Ադրբեջանում է, 2020թ. 44-օրյա պատերազմին անմիջական մասնակցություն է ունեցել, այդ պատերազմից հետո Ադրբեջանի Զինված ուժերում ամրապնդվել են, դա Ռուսաստանին ամենեւին չի անհանգստացնում: Ընդ որում, Թուրքիան մի պետություն է, որը զինում է Ուկրաինային` ընդդեմ Ռուսաստանի պատերազմի: Բայց նման «մանր-մունր» փաստերն առանձնապես դժգոհելու առիթ չեն հանդիսանում ռուսական քաղաքական, փորձագիտական, լրագրողական հանրույթների համար:
Կարդացեք նաև
Որեւէ անգամ ՌԴ իշխանության ներկայացուցիչները «բացասաբար գնահատե՞լ» են Ադրբեջան-Թուրքիա տանդեմի համակարգված գործունեությունը: Ո՛չ, միակ խնդիրը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունն է, նրանք այնքան են սեւեռվել այս թեմայի վրա, որ արդեն նշում են, որ Եվրամիությունը փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում՝ ի վնաս տարածաշրջանի պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ավանդական գործընկերների եւ հարեւանների շահերին։ Մեծահոգաբար, Գալուզինն այս անգամ չի հիշատակել Ադրբեջանի շահը, սակայն պարզից էլ պարզ է, որ «ավանդական հարեւանների» շարքում` հենց Ադրբեջանի շահը նկատի ունեն:
Ինչ է ստացվում, հանդիսանալով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, Ռուսաստանը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ դիրքորոշում ունեցող ԵՄ առաքելության գործունեությունը համարում է սպառնալիք Հայաստանի թշնամի պետությունների նկատմամբ:
Այսինքն, Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը` նույնացնելով, կամ` հավասարեցնելով այդ շահերը ռուսականի հետ, եւ դրանով հանդերձ, համարում է, որ Հայաստան պետությունն իրավունք չունի իր շահը պաշտպանել ու առաջ տանել իր օրակարգը:
Ավելին, ռուս պաշտոնյաները համարում են, որ ԵՄ դիտորդների աշխատանքից, իբր, «շոշափելի արդյունք չի գրանցվել», օրինակ՝ նրանց ներկայությունը «չի կանխել պարբերական սրացումները հայ-ադրբեջանական սահմանին»։ Իսկ վերջին երկու տասնամյակում Ռուսաստանի` Հայաստանի դաշնակից լինելու հանգամանքը հե՞տ է պահել Ադրբեջանին հայ-ադրբեջանական սադրանքներից եւ ի վերջո` ընդդեմ Արցախի երկրորդ պատերազմ սանձազերծելուց… Այս եւ այլ հարցերի Մոսկվայում գերադասում են չանդրադառնալ:
Հայաստան-Ռուսաստան տարբեր պայմանագրերով նախատեսված պարտավորությունների արդյունավետությունը փոխանակ գնահատեն` ռուսական կողմը շարունակ դավադրություններ է տեսնում, թե` Արեւմուտքը «հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների մասին»:
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչեւ սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։ Ապրիլի կեսերին Կանադան միացավ ՀՀ-ում ԵՄ առաքելությանը։ ԵՄ առաքելության նպատակն է նպաստել «Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ստեղծել վստահություն եւ մարդկային անվտանգություն հակամարտությունների ազդեցության տակ գտնվող տարածքներում եւ ապահովել ԵՄ կողմից աջակցվող՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր»: Թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտել են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն եւ տեղակայվում է բացառապես ՀՀ ինքնիշխան տարածքում, սակայն Մոսկվայի ու Բաքվի համար սրանք բավարար փաստեր չեն:
Մոսկվայի հետ զուգահեռ, Բաքուն է պարբերաբար քննադատում ԵՄ առաքելությունը: Ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բաքվի մեղադրանքները նույնն են` «առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք, իսկ Կանադայի անդամակցումը դե ֆակտո այն դարձնում է ՆԱՏՕ-ի առաքելություն»:
Հայաստան-Արեւմուտք փոխհարաբերություններից դժգոհության հերթական չափաբաժինը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից է հնչել: Օրերս նա էլ նշել է, թե Արեւմուտքը Հարավային Կովկասում Հայաստանին ներգրավում է Ռուսաստանի դեմ ուղղված համագործակցության տարբեր ձեւաչափերի մեջ: Խոսելով «Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, Զախարովան նշել է. «Այդ զորավարժությունները ափսոսանքից զատ ոչինչ չեն առաջացնում, հատկապես այն հանգամանքներում, երբ Երեւանը փաստացի սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում եւ հասարակական հարձակումներ է կատարում այդ կազմակերպության դեմ»։ Նրա պնդմամբ, Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կուժեղացնի տարածաշրջանում հակամարտությունների մնացորդային ներուժը եւ կստեղծի նոր բաժանարար գծեր։ Զախարովայի խոսքով, այդօրինակ զորավարժությունների միջոցով ամերիկացիները Հայաստանին պարտադրում են ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները եւ արտաքին քաղաքականությունը։
Այն, որ Բելառուսն ու Չինաստանը համատեղ ռազմական վարժանքներ են անցկացնում Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին, իհարկե, դա Մոսկվայի համար ընդունելի է:
ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւն էլ իր հերթին նկատել է, թե ՀԱՊԿ-ում տեսնում են Արեւմուտքի բացահայտ փորձերը՝ ցնցելու իրավիճակը կովկասյան տարածաշրջանում եւ Իրանում. «Նրանք նաեւ փորձում են Հայաստանին հետ քաշել դաշնակիցներից, թեեւ այլ երկրների օրինակները ցույց են տալիս, թե դա ինչի է հանգեցնում։ Մենք տեսնում ենք այլ իրավիճակների օրինակով՝ նույն Անդրկովկասում, նույն Վրաստանում, թե ինչի է հանգեցնում այս ամենը։ Բնականաբար, մեզ չեն կարող չտագնապել եւ չմտահոգել Երեւանում «արտաքին խաղացողների» եւ ղեկավարության գործողությունները, որոնք ապակայունացնում են իրավիճակը ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ կարող են սրել իրավիճակը նրա սահմաններից դուրս»։
Ռուսաստանից այս բուռն դժգոհությունների ֆոնին` ուշագրավ մեկ փաստ… Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի ԳԱ-ում հակառուսական բանաձեւին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել: Բանաձեւը կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից, այն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Կողմ է քվեարկել 90 երկիր, դեմ՝ 9, 60 երկիր չի մասնակցել քվեարկությանը։ Հայաստանը, Ադրբեջանը եւ ԱՊՀ մի շարք այլ երկրներ ձեռնպահ են մնացել հակառուսական բանաձեւի քվեարկության ժամանակ, ինչպես նաեւ ԲՐԻԿՍ-ի բոլոր երկրները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը եւ մի քանի այլ պետություններ: Ձեռնպահ մնացածների կամ չքվեարկածների թվում են նաեւ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը: Բանաձեւին դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Բելառուսը։ Հետխորհրդային երկրներից փաստաթղթին աջակցել են մերձբալթյան երկրները, Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը: Փաստաթղթով Ռուսաստանին նաեւ կոչ է արվել համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, քանի դեռ կայանը չի վերադարձվել ամբողջական ուկրաինական հսկողությանը։ Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին բանաձեւն անվանել էր` «վնասակար, խիստ քաղաքականացված եւ միջուկային անվտանգության հետ կապ չունեցող»։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 16.07.2024