Եթե խոսքն անհատի մասին է, ապա կարեւոր չէ, թե ով է նա, կարեւոր է, թե ինչպես է ներկայանում
«Տեսեք, թե ինչպիսի կրոնական հանդիսավորությամբ է ժամանակակից աշխարհը հռչակել անհատի սրբազան իրավունքները եւ ինչպիսի գին է դրա համար վճարել, – 1925 թվականին գրում էր ֆրանսիացի կաթոլիկ փիլիսոփա Ժակ Մարիտենը, – Մինչդեռ արդյո՞ք երբեւէ որեւէ անհատ այս աստիճանի ստրկացած էր, այդքան հեշտ վարժեցրած էր, ինչպես հիմա՝ Պետության, Փողի, Հասարակական կարծիքի կողմից»: Ուշադրություն դարձնենք այս թվարկման մեջ մարդուն ստրկացնող վերջին գործոնին՝ Հասարակական կարծիքին:
Փիլիսոփան գտնում է, որ ամբողջ խնդիրը անհատին անձի հետ շփոթելն է: Անձն ինքն է ընտրում իր ճանապարհը, դրան հասնելու միջոցները: Անձը հնարավոր չէ կործանել, քանի որ այն դրսեւորվում է անմահ հոգու միջոցով, անկախ է իր կողքով անցնող իրադարձությունների հանդեպ: Եվ հակառակը՝ որպես անհատ, մենք տիեզերքի մասնիկն ենք ու, հետեւաբար, ենթարկվում ենք ֆիզիկական, ժառանգական, տնտեսական ու պատմական օրենքներին:
Այդ բզկտված անհատներից ստեղծվում է պետություն, եւ մեր աչքի առաջ, ըստ Մարիտենի, առաջանում է «Հոբբսի միապետական դեսպոտիզիմի, Ռուսոյի դեմոկրատական դեսպոտիզմի, Հեգելի ու նրա աշակերտների Աստված-Պետության» անհրաժեշտությունը:
Անհատն, այդպիսով, ապրում է իր կրքերով եւ դարձել է րոպեական հաճույք բերող անցողիկ բարիքների ստրուկը: Անձը, ի հակադրություն դրա, մեծանում է եւ բարձրանում է զգայական աշխարհից այնքանով, որքանով իրեն կապում է ոգեղեն կյանքի հետ:
Ֆրանսիացի փիլիսոփան 100 տարի առաջ ճշգրիտ է կանխատեսել այն միտումները, որոնք այսօր գերակշիռ են դարձել՝ վազել անհատական բարիքների հետեւից՝ մոռանալով մարդկային համերաշխության եւ կարեկցանքի մասին:
Եթե դու ազատ անհատ ես, ուրեմն քո գլխի ճարը տես: Դա միայն առաջին հայացքից է ազատություն եւ անկախություն, իրականում սարսափելի կախվածություն է՝ «գլխի ճարը» տեսնելը եւ կյանքում «հաջողություն» գրանցելը դառնում է ինքնանպատակ: Հանկա՜րծ այս կյանքում loser չլինեմ:
Այդպիսով ձեւավորվում են «նոր դարաշրջանի» օրինաչափությունները, որոնք Մարիտենը դիտարկում է երեք խոշոր «բարեփոխիչների»՝ Լյութերի, Դեկարտի եւ Ռուսոյի գաղափարների օրինակով: «Լյութերի, ինչպես նաեւ Ժան-Ժակի, պատմությունն այդ ուսմունքի ուշագրավ դրսեւորումն է: Նա չի ազատագրել մարդու անձը, նա շեղել է մարդուն ճանապարհից: Իսկ ազատագրել է նյութական անհատականությունը»:
Այս մոդերնիստական ազատագրումից անմիջականորեն բխում է այն, ինչ ընդունված է անվանել «պոստմոդերնիզմ», որն, ըստ էության, վերը շարադրված ուսմունքի շարունակությունն է:
Ենթադրենք, մարդու նպատակը loser չլինելն է: Իսկ ո՞վ պետք է գնահատի՝ դու հաջողա՞կ ես, թե ոչ: Բնականաբար, հասարակական կարծիքը: Այստեղից կարելի է կատարել հաջորդ «պոստմոդերնիստական» քայլը. բացարձակապես կարեւոր չէ՝ դու loser ես, թե ոչ: Կարեւոր է, թե ինչպես ես գնահատվում, ընկալվում, մատուցվում:
Դրա ամենացայտուն «փոխաբերությունն» է սոցցանցերում քո էջը, որտեղ դու կարող ես ներկայանալ մարզված մկաններով եւ գանգուր մազերով: Դու, որպես անձ, այստեղ չկաս, կա միայն քո պատկերը, կամ, նույն «պոստմոդերնիստական» լեզվով ասած, քո «սիմուլյակրը»: Կամ, եթե ավելի պարզ օրինակ բերենք, քո «վառ անհատականությունն» ընդգծելու համար կարող ես մազերդ կանաչ ներկել:
«Պոստմոդեռնը», հետեւաբար, 20-րդ կամ 21-րդ դարում չէ, որ առաջացել է: Պարզապես զանգվածային սպառումն այն դարձրել է ավելի ցայտուն:
Մի խոսքով, պարզ է, թե ինչ է պահանջում մեր անհատականությունը: Իսկ ի՞նչ է պետք մեր անձին: Պատասխանս պետք է «կղերաֆեոդալական» հնչի. «ճանաչիր զիմաստություն եւ զխրատ»: Այլ կերպ ասած՝ ճանաչիր Աստծուն: «Ճանաչելն» այստեղ պետք է հասկանալ ուղիղ իմաստով՝ ոչ թե «իմանալ», այլ «ճանաչել»՝ у-знавать, re-cognize: Այնպես, ինչպես ճանաչում ենք տարիներ բացակայող ընկերոջը, ճանաչում ենք եւ ուրախանում:
Այդ առիթով խորհորդ եմ տալիս վերընթերցել Ղուկասի Ավետարանի վերջին գլուխներից մեկը (24:15-35): Հիսուսի երկու աշակերտներ խորը դեպրեսիայի մեջ Յերուսաղեմից վերադառնում են իրենց գյուղը: Նրանք խորապես ցնցված են Տիրոջ խաչելությունից: Ճանապարհին հանդիպում են մի մարդու, որը նրանց հարցուփորձ է անում կատարվածի մասին: Հասնում են գյուղ, նստում են հացի, եւ հանկարծ հաց կտրելու ժեստից ճանաչում են Տիրոջը:
Խոսքը հենց այդպիսի ճանաչելու մասին է, մեծ հաշվով՝ Հանդիպման մասին: Եվ ահա անձն այդպիսի Հանդիպումների կարիքն ունի: Այս տեսանկյունից երջանկությունը եւ ուրախությունը հենց նրանում է, որ ամեն մի երեւույթի ու մարդու մեջ ճանաչես Տիրոջը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2024