Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան․ «2020թ. հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում արձանագրեցի, որ ես գիտեմ, որ տարածքները չկան ու դրանց չլինելու մասին խոսակցություն չկա»

Հուլիս 16,2024 23:03

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է 44-օրյա պատերազմին առնչվող իրադարձությունների մասին պատմությունները ականատեսի աչքերով։ Այս անգամ նա խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստի մասին։

«Հոկտեմբերի 17-ին 14 քաղաքական ուժեր հայտարարությամբ հանդես եկան։ Նրանք պահանջում էին ձեւավորել ռազմաքաղաքական շտաբ, ներգրավել նախկին նախագահներին, օժտել օպերատիվ ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունքներով։ Պատերազմի ժամանակ այդ ուժերն արդեն ստեղծված էին։ Եվ վարչապետը հոկտեմբերի 19-ին հանդիպում է ունենում այս ուժերի ներկայացուցիչների հետ»,-ասաց Մարուքյանը, բայց մինչ այդ հիշեցրեց, թե ինչ է եղել այդ օրը։

Իսկ այդ օրը գիշերը 12։35-ին հրապարակվեց  Քաջարան եև Մեղրի համայնքների ղեկավարների հայտարարությունը, որով հորդորում էին 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, որպեսզի  պաշտպանեն Սյունիքը։

Երկրորդը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառումը ֆեյսբուքում, որտեղ նա հարցեր էր գրել իր պատին պատերազմի պատճառների, Արցախի կարգավիճակի, տարածքներ հանձնելու, պատերազմի ընթացքի եւ այն կանգնեցնելու պայմանների եւ հնարավորության մասին։ Մարուքյանն այս անգամ էլ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատի գաղափարի եւ մինչեւ վերջ գնալու հայտարարությունը։

Հաջորդը եղել է նախընտրական պայքարի մեջ գտնվող Դոնալդ Թրամփի ՝ հայերի մասին հայտարարությանը, ավելի ուշ՝ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որով արձանագրվել է, որ հոկտեմբերի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ֆրանսիայի նախագահի անմիջական միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ները միաժամանակ հայտարարել են մարդասիրական հրադադարի մասին, սակայն այս անգամ էլ այն չի պահպանվել։Մարուքյանը թվարկեց նաեւ այդ օրվա այլ իրադարձություններ։

«Եվ այս ամենից հետո տեղեկացանք, որ վարչապետը Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում։ Ես, ճիշտն ասած, չգիտեմ, վարչապետը հանդիպե՞լ էր արտախորհրդարանական ուժերի հետ մինչեւ ԱԽ նիստը կամ դրանից հետո։ Բայց Անվտանգության խորհրդի նիստը ընդլայնված էր, որին հրավիրվել էին ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցության ղեկավարները՝ Գագիկ Ծառուկյանը եւ ես, իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նիստին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը, ԲՀԿ-ից Արման Աբովյանը, հանձնաժողովի նախագահներ Ռուբեն Ռուբինյանը, Անդրանիկ Քոչարյանը, ԱԽ անդամները։ Նիստը բացվեց Վեհափառ Հայրապետի աղոթքով:

Վարչապետը եւ ասաց, որ ինքը խոսել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւ Արցախի նախագահն ասում է, որ պատրաստ են զիջումներ։ Ըստ էության պատրաստ են Լավրովի պլանի իրագործմանը։ Վարչապետը նաեւ ասաց, որ մեզ չի հրավիրել, որպեսզի պատասխանատվությունը կիսի, որ ինքն է որոշում ընդունելու եւ պատասխանատուն ինքն է։ Այդ հայտարարությունը նա արել է նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայությամբ։

Արայիկ Հարությունյանը նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների, Հայաստանի Հանրապետության նախկին նախագահների անունից ասել է, որ Փաշինյանը զանգի Վլադիմիր Պուտինին եւ առաջարկի պատերազմը կանգնեցնել, Լավրովի պլանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկով, ինչը վերջին հաշվով նույն բանն է դառնում։ Եվ այս հարցը ԱԽ-ում քննարկվում է ծավալուն։

Ինչո՞վ է այս նիստը հայտնի մեր հանրությանը։ Որովհետեւ այս նիստից հետո, նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ եղել է քննարկում, ինքը համոզել էր Ալիեւին, որ պատերազմը կանգնի, սակայն վերջին պահին Փաշինյանը չի համաձայնել, որովհետեւ Ալիեւն առաջարկում է, որ փախստականները վերադառնան Շուշի։ Եվ ի զարման՝ ՌԴ նախագահ Պուտինն ասում է, թե հայերն ինչի համար չհամաձայնեցին, ինքն այդպես էլ չհասկացավ, բայց նրանք ասացին, որ դա Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի շահերից չի բխում։ Իսկ Փաշինյանն ասում է․ 95 տոկոս ադրբեջանցիներն էին գալու, Շուշին կապող առանձին ճանապարհ է ունենալու, հետեւաբար, դա նշանակում էր Շուշին հանձնել։ Սակայն այս նիստի ժամանակ Շուշիի հարց չի քննարկվել։

Ես հարց բարձրացրի, թե արդյո՞ք այն տարածքները, որ պետք է զիջվեն հանուն հրադադարի, մեր վերահսկողության տակ են։ Եվ արձանագրեցի, որ ես գիտեմ, որ տարածքները չկան ու դրանց չլինելու մասին խոսակցություն չկա։ Վերջին հաշվով քննարկումն ավարտվեց նրանով, որ հանրապետության նախագահն ասաց, թե սա այն է, որ մենք կողմ ենք, որ դուք զանգեք Վլադիմիր Պուտինին։

Հիշում եմ․ Վեհափառ Հայրապետն ասում էր, որ ինքը ընդհանրապես տեղյակ չէ, որ  վիճակն այդքան վատ է։ Ես իմ հարցերն եմ այդտեղ բարձրացնում, բավականին սուր խոսակցություններ եմ ունենում ԱԽ մի քանի անդամների հետ եւ այդ խոսակցություններից հետո իմ զգացողություններում, ըստ էության արձանագրումը, հետեւյալն էր․ պատերազմն այլեւս տանուլ տրված է, ոչ մի շանս չկա որեւէ ձեւով բեկում մտցնելու եւ միանշանակ է, որ պետք է ամեն գնով, ամեն հնարավորությամբ պատերազմը դադարեցնել»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031