Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում հաճախորդներիս թիվը զգալիորեն աճել է. արցախցի Օլգան դիմահարդարման դասընթացներ է անցկացնում. «Ա1+»

Հուլիս 16,2024 23:13

Օլգա Դավթյանը տուրիզմի ոլորտի մասնագետ է, սակայն հանգամանքների բերումով դիմահարդարությամբ է զբաղվում։

«Դիմահարդարման հմտություններ ունեի դեռ դպրոցական տարիներից։ Ամեն ինչի մեջ փնտրում էի գեղեցիկը, տարվում էի շրջապատիս գեղեցկությամբ։ Մի ժամանակ նույնիսկ լուսանկարչությամբ էի տարված։ Գեղեցիկ բնապատկերներ էի անում, սիրում էի նաև ինքս լուսանկարվել։ Իսկ հետաքրքրությունը դիմահարդարման հանդեպ ու այն իմ մեջ զարգացնելն առաջացավ շնորհիվ մայրիկիս։ Նա միշտ չափի մեջ դիմահարդարվում էր, իսկ ես կողքից հետևում՝ հիանում էի »,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Օլգան։

Արցախում վերջին չորս տարիներին Օլգան զբաղվում էր դիմահարդարմամբ։ Սիրելի զբաղմունքն աստիճանաբար նորաստեղծ ընտանիքի համար եկամտի աղբյուր դարձավ։ Նաև դասընթացներ էր կազմակերպում, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնում։

«Ստեփանակերտում վարձակալած գեղեցկության սրահում էի աշխատում։ Աշխատանքս համատեղում էի երկու մանկահասակ երեխաներիս խնամքի հետ։ Իհարկե մեր ծնողները օգնում, սակայն ընտանիքի հիմնական ծանրությունն իմ ուսերին էին »,- ասում է Օլգան։

Օլգան նաեւ երաժշտական կրթություն ունի։

«Երգել սկսել եմ 5 տարեկանից՝ Ստեփանակերտի մշակութային տարբեր հաստատություններում ելույթներ էի ունենում։ Երգարվեստը ևս հոգուս շատ հարազատ է։ Քաղաքային մշակույթի տանն աշակերտներ ունեի։ Ուսուցանելու համար հիմնականում վերցնում էի 20 տարեկանից բարձր երիտասարդների, ովքեր որոշ չափով տիրապետում էին վոկալային արվեստին։ Համագործակցում էի նաև հարսիկների հետ, նրանց երգել սովորեցնում»,- ասում է զրուցակիցս։

Բռնագաղթելուց հետո Հայաստանում Օլգան վճռեց կրկին զբաղվել դիմահարդարմամբ։ Անհրաժեշտ պարագաները, չնայած դժվարությամբ, սակայն կարողացել է հետը բերել։ Շրջափակման դժվարին ամիսներին օրիգինալ նյութերի պակասն արդեն զգացվում էր։ Այստեղ բավականին մեծ ներդրումներ է արել՝ անհրաժեշտ պարագաներ ձեռքբերելու համար։

«Հաստատվել ենք Երևանում և առաջին իսկ ամսից սկսեցի աշխատել տանը։ Երկու աշակերտ ունեի։ Մի ամսից հետո բնակությանս վայրին մոտ գեղեցկության սրահում աշխատանքի անցա, որտեղ աշխատում եմ մինչ այժմ։ Դժվարություններ ցանկացած տեղ, ցանկացած ոլորտում կան, բայց ես չեմ վախենում դրանցից ՝ Աստծով եմ հաղթահարում։ Արցախյան վերջին երկու պատերազմներում ամուսինս միայն հրաշքով է փրկվել՝ մեր սրտերում ավելի ամրապնդելով հավատն առ Աստված»,- ապագայի հանդեպ լավատեսությամբ տրամադրված ասում է դիմահարդարման վարպետը։

Երևանում հաճախորդների թիվը զգալիորեն աճել է։ Ընդլայնվել է աշխատանքի մասշտաբը։ Ունի մշտական հաճախորդներ, մոդելներ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031