Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան․ «Իշխանությունն ունի մինչեւ 10 տոկոս կայուն զանգված, ինչը բավական չէ, որպեսզի ընտրություններում իշխանությունը ստանա ուղղակի մեծամասնություն»

Հուլիս 16,2024 19:40

«Որքան ես գիտեմ, հատուկ չարտերային չվերթ էր պատվիրված, որպեսզի ոչ միայն Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ, այլ նաեւ ՔՊ-ի, այսինքն, իշխանական վերնախավի մի շարք անդամներ այցելեին Գերմանիա՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտելու։ Այդ այցելությունը շատերի համար տուրիստական բնույթ էր կրում։ Իսկ հիմնական մեսիջը, որ բնակչությանը հղվում էր, այն է, որ երկրում իրավիճակն այնքան կայուն, այնքան խաղաղ է, որ իշխանության ներկայացուցիչները եւ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները կարող են իրենց թույլ տալ այս օրերին այցելել Գերմանիա, ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն, վայելել ֆուտբոլը, կապուչինո, հեծանիվ քշել արդեն Բեռլինի փողոցներում»,-ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Հայելի» ակումբում։

«Սա մեսիջ է ոչ միայն Հայաստանի ներքին լսարանին, այլ նաեւ արտաքին աշխարհին, որ համենայն դեպս, Հայաստանի այսօրվա իշխանությունը երկրում լուրջ պրոբլեմ չունի»,- շարունակեց քաղտեխնոլոգը։

Նա չբացառեց, որ Փաշինյանը նաեւ հանդիպումներ է ունեցել այլ երկրների ղեկավարների հետ, որոնք շահագրգիռ են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողություն հաստատելու, ինչպես նաեւ չբացառեց, որ հանդիպումներ եղած լինեն խոշոր երկրների հատուկ ծատայությունների ղեկավարների հետ, ինչը Փաշինյանը սովորական պրակտիկա է դարձրել։

«Թերեւս, բացառիկ նշանակություն չէր տրվի այս տուրիստական այցին, եթե, իմ տվյալներով, այդ այցը իշխանության ներսում որոշակի խանդի տեսարաններ չառաջացներ, որովհետեւ ինքնաթիռում, որը թռչել է Գերմանիա, եղել են այն մարդիկ, որոնց անձամբ ընտրել է Նիկոլ Փաշինյանը։ Շատերի մեջ դրան ավելանում է նաեւ այն, որ ոմանք ավելի շատ հնարավորություն ունեն իշխանական կերակրատաշտին մոտ լինելու եւ բարիքներից օգտվելու ամբողջ ծրագրով, իսկ իրենք սահմանափակվում են պատգամավորական աշխատավարձով, ինչը շատ ավելի համեստ է, քան այն մասշտաբները, որոնցից օգտվում են ընտրյալները»,-ասաց Վիգեն Հակոբյանը։

Անդրադառնալով Սահմանադրության հանրաքվեի անցկացման մասին իշխանական քարոզչամեքենայի ասպարեզ նետած գաղափարին ու դրանից հետո այդ մտքից, կարծես, հրաժարվելուն, Վիգեն Հակոբյանն ասաց․ «Վերջին հարցման արդյունքները եթե գնահատենք, ապա իշխանությունն ունի մինչեւ 10 տոկոս կայուն զանգված։ Սա այն տոկոսն է, որը, հնարավոր է, իշխանությանը կրկին ընտրի։ Բայց դա բավական չէ, որպեսզի իշխանությունը ստանա ուղղակի մեծամասնություն՝ անկախ նրանից, թե մրցակիցները ինչ վարկանիշ ունեն եւ ինչ տոկոս կարող են հավաքել։ Այս առումով իշխանությունը շատ լավատեսորեն տրամադրված լինելու հիմք չունի, որովհետեւ այսօրվա «Սրբազան շարժման» նվաճումն այն է, որ այս շարժման արդյունքում զգալիորեն նվազել է պասիվ սպասման մեջ գտնվող զանգվածի քանակը։ Ապատիայի մեջ գտնվող մի զգալի հատված արթնացել է։ Իսկ սա նշանակում է, որ ի տարբերություն Երեւանի ավագանու ընտրությունների, մասնակցությունը կարող է լինել անհամեմատ բարձր։ Նման պարագայում իշխանության պայմանական 10 տոկոսը բնավ էլ բավարար չէ, որպեսզի  առնվազն միանձնյա իշխանություն նա ձեւավորի։ Մնացած հայտարարությունները տեխնոլոգիա, շոու են։

Կարծում եմ, այս առումով իշխանությունը լուրջ մտավախություններ ունի իրավիճակի շուրջ։ Հակառակ դեպքում կակտիվացներ գոնե արտահերթ ընտրության գաղափարը, որ տարվա սկզբին առաջ քաշեց, բայց այսօր դրա մասին, կարծես, մոռացել է եւ առհասարակ, խուսափում է «արտահերթ սցենարների» մասին խոսակցությունից»,-ասաց Վիգեն Հակոբյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031