Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա քաղբանտարկյալ չկա, քաղաքականությամբ զբաղվել են կրիմինալները»…«Վրե՞ժ եք լուծում, հերիք եղավ, բո՛լ եղավ». Սաքունցն ու Արծվիկ Մինասյանը վիճեցին

Հուլիս 16,2024 18:09

Այսօր «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը բանավիճեցին: Սաքունցն ասաց, որ քաղաքական ուժերը Սահմանադրությանը մոտենում են ըստ քաղաքական նպատակահարմարության ու եթե նման «բովանդակային քննարկում լիներ 2013-2015թթ-ին, բոլորովին այլ պատկեր կլիներ». «Էդ ո՞վ էր խելքը թռցրել ժամանակին քաղհասարակությանը այսպես ակտիվ մասնակցություն դարձներ»:

Արծվիկ Մինասյանը ընդդիմացավ: Սաքունցը պատասխանեց. «Պետությունը զավթած է եղել: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դարձնելը, Գագիկ Հարությունյանին ՍԴ-ից ԲԴԽ նախագահ դարձնելը քաղաքական փոքրամասնությո՞ւնը արեց: Իշխանությունը պետությունը զավթել էր, այս Սահմանադրությունը պետությունը զավթող է՝ անկախ քաղաքական ուժի անվանումից, ու սրա պատասխանատուն դուք եք»:

Նա մատնանշեց ԱՄՆ Սահմանադրությունը, որն ընդունվեց ստրկատիրության ժամանակ. «Սահմանադրությունը նման է ծանրության ուժին, երբ այդ ուժը գոյություն ունի, բույսերը պետք է բարձրանան վերքեւից վերեւ, իրերը պետք է ներքեւ իջնեն՝ անկախ զանգվածից: Բայց նույն արագացմամբ են իջնում, որովհետեւ ծանրության ուժի անկման արագացումը g-ն 9,8 մ/վ քառակուսի: Անկախ նրանից՝ փետուրին է վերաբերում, քարին, փայտին, մարդուն: Սահմանադրության նշանակությունը այդ ընդհանուր ու անշեղ գործող կանոններն է հասարակությունում, ոչ թե մեկն ուզենա այդ ծանրության ուժը իր ձեռքում պահի ու ոնց ուզենա իրերը պտտացնի կամ չթողնի իջնեն: Մենք ամենադեբիլներն ենք, հա՞, կներեք հազար անգամ, իրենք ստեղծել են մեխանիզմներ զրկելու բացարձակ իշխանությունից: ՏԻՄ-ը ո՞վ է այդ ձեւ դրել: Իշխանությանը մեղադրում եմ, որ պետությունը զավթող մեխանիզմները դեմոնտաժ չարեց»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ երբ, օրինակ, արտահերթ նիստ են իրենք հրավիրում, իշխանական պատգամավորները չեն գալիս, չնայած պարտավորված են գալու. «Ի՞նչ անենք հիմա այս մարդկանց, խաչե՞նք: Խաչողն էլ՝ դատախազությունն էլ էլի իրենցն է, էլի չեն խաչում, հիմա ո՞նց անենք: Սահմանադրությո՞ւնն է: Ես չեմ ասում՝ այն ժամանակ սուրբ էին սաղ, հիմա սատանա են, չէ, բացարձակ: Եթե քաղաքական մշակույթ մենք չենք փոխում, պարոն Սաքունցի ձեւակերպումով բոլոր ժամանակներում պետությունը զավթված է լինելու:

Մեր պրոբլեմն է, որ այս Սահմանադրությունը չաշխատեց, ընդ որում, այս Սահմանադրությունը 2018-ի ապրիլի 9-ից հետո է իր ամբողջ ծավալով մտել ուժի մեջ, պարոն Սաքունց, երեւի մոռացել եք: Ամբողջական պատասխանատվությունը Սահմանադրությունը ճիշտ կիրառելու այսօրվա իշխանության վրա է: Բայց ինչո՞ւ չի աշխատում, որովհետեւ գլխի վրա շուռ է եկել մեր ընտրական համակարգը: Ոչ թե պառլամենտն է ձեւավորում գործադիր իշխանությունը, այլ գործադիր իշխանություն է ձեւավորում իր պառլամենտը:

Որեւէ ողջամիտ մարդու մտքով չի անցնում, որ եթե մարդը հրաժարական է տալիս, ինքը պիտի մնա այդ աթոռին նստած էլի ու էլի լծակներն օգտագործի: Նախկինում նման դե՞պք եք հիշում: Հրաժարական տված վարչապետը հեռացել է, նույնիսկ Սերժ Սարգսյանը գնաց, չմնաց, որ ասեր՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը ես կկատարեմ իմ լիազորությունները: Ի՞նչ արեց Փաշինյանը, պահեց: Ոչ միայն պահեց, այլեւ չագուճը ձեռը ահաբեկում էր մարդկանց, բա դուք քաղհասարակություն եք, դրա մասին չեք ասում, դա՞ էլ է Սահմանադրությունը մեղավոր: Քաղհասարակությունն այսօր ինչի՞ չի խոսում քաղհալածյալների մասին: Այն ժամանակ, մինչեւ այս իշխանության գալը ամեն օր օրուգիշեր թմբկահարում ու անարգանքի սյունին էիք գամում իշխանություններին, իսկ հիմա ծպտուն չկա, վրե՞ժ եք լուծում»:

Արթուր Սաքունցը արձագանքեց. «Քաղաքական բանտարկյալ հիմա չկա, պարոն Մինասյան, կա քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող: Ամբողջ պրոբլեմը նա է, որ 20 տարի առնվազն քաղաքականությունն ու կրիմինալը այնքան է իրար հետ սերտաճած եղել, որ թացը չորից տարանջատելու առումով, երբ կոռումպացված անձինք ակնհայտ մեր աչքի առաջ թե՛ կրթության համակարգը, թե՛ զինված ուժերը…մոռացե՞լ եք, քաղաքականությամբ զբաղվել են կրիմինալները»:

Արծվիկ Մինասյանը հակադարձեց. «Ուրեմն լսեք, դուք ձեզ վերապահել եք դատավորի ֆունկցիա, ԵԽ բանաձեւերը լավ նայեք, անհամաչափության եւ նույն արարքի համար նույն մարդկանց տարբեր սանկցիաների տանելը լավ նայեք, հերիք եղավ, բոլ եղավ: Միտինգի կազմակերպման համար կալանքի եք վերցնում մարդկանց, սրանից ավելի ակնառու քաղաքական հալածյալ ու քաղաքական բանտարկյալ չկա՛»:

Արթուր Սաքունցը պնդեց, որ մարդու իրավունքների խախտումներին, կալանքին եւ անհամաչափ ուժին իրենք արձագանքել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031