Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր նպատակն է ամրապնդել կապը Սփյուռքի հետ, ապա մենք պետք է կարողանանք միավորել մեր ջանքները». Գոհար Իսկանդարյան

Հուլիս 16,2024 17:59

Սույն թվականի հուլիսի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա գիտական ներուժի միջև համագործակցության խորացմանը։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության, ԳԱԱ ինստիտուտների, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ Անվտանգության խորհրդի, ԲՈՒՀ-երի, Մոսկվայի «Դիալոգ» կազմակերպությունից ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Սփյուռքի հարցերով պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Գոհար Իսկանդարյանը։ Նա թվեց այն հաստատությունները, որոնք զբաղվում են Սփյուռքի հարցերով՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, Երևանի պետական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, Անվտանգության խորհուրդ և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ։ «Սակայն, ըստ էության, մեր՝ բոլորի գործողությունները միասնական և համակարգված չեն։ Եթե մեր նպատակն է ամրապնդել կապը Սփյուռքի հետ, ապա մենք պետք է կարողանանք միավորել մեր ջանքները։ Այս նպատակով որոշում կայացվեց փորձել համատեղել Սփյուռքով զբաղվող մասնագետներին և հնարավորության դեպքում մշակել մեխանիզմներ գիտական Սփյուռքի հետ լավագույնս համագործակցելու համար»,- իր ելույթում ասաց Գոհար Իսկանդարյանը։

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ վերջին տարիներին իրականացնում են Սփյուռքի ներուժի հաշվառման ծրագիրը։ «Ծրագրի շրջանակներում ստեղծված տեղեկատվական բազայի մեջ կան, անշուշտ, մեր գիտնականների տվյալները։ Ակադեմիային, ինստիտուտներին, համալսարաններին եթե պետք են գիտնականներ, որոնց վերաբերյալ տվյալներ կան, անհրաժեշտ ընթացակարգն անցնելուց հետո դրանք հնարավոր է ձեռք բերել»,- ասաց նա։

Ելույթներում նշվեց Սփյուռքի ներուժի գնահատման, համագործակցության համար հստակ գաղափարախոսություն ունենալու, Սփյուռքի ռազմավարության, սերնդափոխության, դրանով պայմանավորված կապերի ուժեղացման անհրաժեշտության մասին։ Հովհաննես Ալեքսանյանն նշեց, որ ներկայում իրականացվում են մի շարք ծրագրեր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար,  որոնցից են «Քայլ դեպի տուն»-ը,  «Ի գործ»-ը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ը։  Սակայն անելիքներ շատ կան։ «Սփյուռքը հիմա տրանսֆորմացիայի փուլում է, բայց դա միայն մեր Սփյուռքին չէ հատուկ։ Իհարկե, սերունդները փոխվել են, այլ մտածողություն կա, հիմա ավելի ինտեգրված են, և շահագրգռություններ են պետք»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն առաջարկեցին ստեղծել Սփյուռքի հարցերով մասնագիտական խումբ, որը կգործի ՀՀ ԳԱԱ նախագահության ենթակայության տակ, ինչը կնպաստի գիտական Սփյուռքի և Հայաստանի հետ կապերի մեխանիզմների ստեղծմանը, հարաբերությունների ակտիվացմանը։

Քննարկումը կազմակերպվել էր սույն թվականի հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ խորացնել համագործակցությունը՝ ակտիվացնելով գիտական Սփյուռքի հետ փոխգործակցությունը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031