Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը»․ ինչպե՞ս պատժել պատգամավորական էթիկան եւ բարեվարքությունը խախտած պատգամավորին

Հուլիս 16,2024 18:30

«Ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը»,- սա «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության փորձագետ Արմեն Խուդավերդյանի մոտեցումն է՝ պատգամավորների պատասխանատվության ինստիտուտի մասով։

Պատգամավորական էթիկայի խախտման հարցն այսօր քննարկվում էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով խորհրդաժողովի ժամանակ։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կարծիքով պատասխանատվությունը պետք է նյութական հետեւանքներ առաջացնի․ «Կարծում եմ, նյութականին պետք է կպնել, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ դա ազդեցիկ է»։

Գործող Սահմանադրությունը սահմանափակում է ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հնարավորությունները եւ 2018-ից հետո, որեւէ էթիկայի հանձնաժողով խորհրդարանում չի ստեղծվել, չնայած պատգամավորների՝ բազմաթիվ սկանդալային դրսեւորումներին։ Գործող կարգով, որն ամրագրված է Սահմանադրությամբ, անհրաժեշտ է ԱԺ պատգամավորի նախաձեռնությունը՝ այս կամ այն պատգամավորի վարքագիծը քննարկելու դիմումի տեսքով։ ԱԺ-ն համաձայնություն է տալիս, երկու ամսով հանձնաժողով է ստեղծվում։ Այլ ճանապարհով դիմումներ, բողոքներ ընդունելու այլ տարբերակ չկա։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլը» առաջարկվում է ստեղծել յուրաքանչյուր նստաշրջանի համար գործող ժամանակավոր հանձնաժողով՝ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հավասար ներկայությամբ։ Հանձնաժողովի ղեկավարումն էլ իրականացնել ռոտացիոն սկզբունքով։ Նաեւ, հանձնաժողովին իրավունք վերապահվի՝ թե սեփական նախաձեռնությամբ գործընթաց սկսել, թե վարույթ ընդունելու քաղաքացիների, լրագրողների դիմումները։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» մշակել է նաեւ  պատգամավորի վարքագծի կանոնակարգի նախագիծ, որը ԱԺ-ն պետք է հաստատի եւ որը համահունչ է Հանրային ծառայողի մասին օրենքի սահմանումներին։ Առաջարկվում է բարեվարքության հարցերի կազմակերպիչ ունենալ նաեւ ԱԺ-ում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գնալու փոխարեն։ Շահերի բախման ինստիտուտին վերաբերվող օրենսդրական փաթեթի վրա, ՀՀ արդարադատության նախարարությունում, այժմ աշխատում են։

Հանձնաժողովում հավասար ներկայացվածության եւ ռոտացիայի պարագայում, Արծվիկ Մինասյանը վերապահումներ ունի․ նա համարում է, որ ռոտացիան ըստ դեպքի պետք է լինի։ Եթե օրինակ, հարցը վերաբերվում է իշխանական պատգամավորին, նիստը պետք է նախագահի ընդդիմադիր պատգամավորը։ Նաեւ, նրա կարծիքով, քաղհասարակությունը, ՄԻՊ գրասենյակը, հանրային կարծիք ձեւավորող այլ սուբյեկտներ, քվեարկելու իրավունքով պետք է հանձնաժողովում ներկայացված լինեն, ինչը հանձնաժողովի անդամների համար կարող է ուղղորդող կամ զսպող մեխանիզմ լինել։ Արծվիկ Մինասյանի կարծիքով, նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքները չենք կարող անտեսել։ Ավելին, ցանկալի է, որ այդ կարծիքները լինեն հանձնաժողովի տրամադրության տակ՝ որեւէ հարցի քննարկման ժամանակ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031