Aravot.am-ը գյումրեցի ընդդիմադիր գործիչ, կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանից կարծիք հարցրեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Սրբազան շարժման» մասին՝ հետաքրքրվելով՝ այն մարե՞լ է, թե՞ ինչպես հայտարարում են ՝ շուտով նորից կակտիվանա։
Արթուր Համբարձումյանի համոզմամբ, շարժման առաջնորդները լայն զանգվածների վստահությունն ունենալու համար նախ պիտի անդրադարձ կատարեին 2018 թվականի իշխանափոխությանը, քանի որ ժողովրդի նկատմամբ հենց այդ ժամանակ տեղի է ունեցել «հանցագործություն ու մեծ ողբերգություն»։
«Իմ կարծիքով՝ այդ շարժումը մեղք է «Սրբազան շարժում» անվանել, ասեմ՝ ինչու. «Սրբազան շարժման» առաջնորդները պետք է ամեն ինչ ներդնեին, որպեսզի մարդկանց բացատրեին, թե ինչ ողբերգություն ու հանցագործություն է տեղի ունեցել 2018 թվականին ժողովրդի հետ, պետք է դնեին իրենց ազատությունը, կյանքը։ Բայց պարզվեց, որ այդ շարժման ղեկավարները ոչ միայն պատրաստ չեն, այլ նաև կորպորատիվ էթիկետից չեն ցանկանում դուրս գալ։ Բագրատ արքեպիսկոպոսին բազմաթիվ անգամ ուղերձներ հղելուց, անձամբ այդ հարցը տալուց հետո էլ նա մեկ-երկու բառ չասաց տեղի ունեցածի մասին։
Ողբերգությունը և դավադրությունը վերաբերում է 2018 թվականին։ Ես ասել եմ և ասում եմ՝ մինչ 2018 թվականի հանցագործությունը չբացահայտվի՝ Հայաստանի Հանրապետությունում մի սպասեք որևէ փոփոխության։ Ցանկացած շարժում, որը ընդդիմադիր են հռչակում, պետք է այդ շարժման ղեկավարներին հարցնես ՝ դու ընդդիմադիր ես ո՞ւմ։
Կարդացեք նաև
Ասում են ազգային-ազատագրական պայքար ենք տանում, տղերք, ո՞ւմ դեմ եք տանում այդ պայքարը, ասում են՝ պետությունը զավթել են։ Պետությունը զավթողները վերջը անուն-ազգանուն, հայրանուն, հասցե ունե՞ն, թե՞ չունեն։ Ձեզ թվում է միայն Նիկոլ Փաշինյանի մասին խոսելով՝ հարց է լուծվո՞ւմ։
Մենք հիմա Գյումրի քաղաքում ենք, ովքե՞ր են Գյումրի քաղաքում ազդեցություն ունեցող մարդիկ։ Նրանք են, ովքեր մինչև 2018 թվականն էլ ազդեցիկ էին, մինչև թավշյա ոչ բռնի իշխանության հանձնումը։ 2024 թվականին՝ վեց տարի անցել է, նրանք են դարձյալ ազդեցիկ մարդիկ։
Ձեզ թվում է՝ Շիրակի մարզում մեծ ազդեցություն ունե՞ն ՔՊ-ականները, թե՞ Շիրակի մարզում ազդեցություն ունեն այն «առևտրականները», որոնք իրենց հարցերը լուծել են թե՛ 2017, թե՛ 2018 թվականներին և թե՛ հիմա։
Եթե ուզում ենք ինքներս մեզ խաբել, ուրեմն խաբենք։ Նույնը վերաբերում է Սյունիքի մարզին, Արարատի մարզին, նույնը վերաբերում է նաև Հայաստանի ողջ Հանրապետությանը։ Այն մարդիկ, որոնք ազդեցություն են ունեցել մինչև 2017- 2018 թվականը, այդ ազդեցությունը պահպանում են հիմա»,- ասում է Արթուր Համբարձումյանը։
Նրա համոզմամբ, իրենց ազդեցությունը չեն կորցրել նաև ՀՀԿ-ի այսպես ասած «օդիոզ» դեմքերը, այդ թվում՝ նաև Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ