Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Գալստյանի մեղադրանքի հիմքում են նաեւ ռուբլիով 3 միլիոն դրամի փոխանցումները, թուրքական բառարանը

Հուլիս 16,2024 17:39

Լրտեսության մեջ մեղադրվող Ստեփանակերտի բնակիչ, արցախցի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը ցուցմունք է տվել տեսաձայնագրառմամբ եւ պաշտպանի ներկայությամբ: Եթե նույնիսկ նրա նկատմամբ միջոցներ կամ սպառնալիքներ կիրառված լինեին, իր դեմքից էլ կերեւար: Այսպես է վարույթ իրականացնող մարմինն արձագանքում Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւի պնդումներին, թե իր պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունքը, որից հիմա հրաժարվում է, տվել է ճնշումների ներքո:

«Հարցաքննությունն այդ ժամանակ իրականացվել է հանրային պաշտպանի մասնակցությամբ եւ հանրային պաշտպանի կողմից էլ պաշտպանությունը թերի իրականացնելու մասով Սարգիս Գալստյանը ներկայումս փաստաբանների պալատ դիմում է նախապատրաստում: Որովհետեւ հարցաքննության արձանագրության մեջ էլ, չբացելով փակագծերը, ի վնաս մեղադրյալի որոշակի հարցեր են հնչեցվել պաշտպանի կողմից: Նույն քննիչը, եթե ասում է, թե տեսաձայնագրող սարքով է եղել հարցաքննությունը, մենք չենք ասում, որ ճնշումները քննիչի կողմից են եղել: Մինչեւ քննիչի մոտ մտնելը, Սարգիս Գալստյանը մտցվել է քննչական կոմիտեի ղեկավարության մոտ, քանի որ այս առումով էլ հանցագործության մասին հաղորդում է նախապատրաստվում, չեմ ցանկանա պաշտոնյաների անունները բարձրաձայնել՝ քննությանը չխոչընդոտելու նկատառմամբ: Բայց շատ բարձրաստիճան ղեկավարներ, ընդհուպ վարչությունների ղեկավար, գերատեսչության ղեկավար, մոտավորապես այս շրջանակի մասին է խոսքը: Մինչեւ քննիչի սենյակ բերվելը Գալստյանը մտցվել է այլ պաշտոնյաների մոտ, այնտեղ տեղի են ունեցել, նրա պնդմամբ ճնշումներ, ինչի ազդեցության տակ կատարել է խոստովանական ցուցմունք»,- Aravot.am-ին ասաց Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Ալեքսանդր Կոչուբաեւի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Մեր զրուցակիցը պնդում է, որ վարույթ իրականացնող մարմինը չի կարողացել, բացի Գալստյանի ինքնախոստովանական ցուցմունքից՝ ձեռք բերել երկրորդ տվյալը, որ Գալստյանը կապ է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:

Մենք փաստաբանին ներկայացրինք գործը քննած քննիչի պնդումները, որ քննությամբ հիմնավորվել է Գալստյանի կապը ադրբեջանական հեռախոսահամարների հետ, դրանցից մեկ հեռախոսահամարը որպես հատուկ ծառայության ներկայացուցչի կողմից օգտագործվող հեռախոսահամար: Ինչի վերաբերյալ նախ Գալստյանը հստակ բացատրություններ չի կարողացել տալ: Բացի այդ՝ ըստ քննիչի վարույթ իրականացնող մարմինը կարողացել է հիմնավորել լրտեսության կամ պետական դավաճանության հանցագործություններին բնորոշ բջջային հավելվածների միջոցով կապի առկայությունը:

«Խուզարկությամբ հայտնաբերվել է թուրքական բառարան, սա դրվել է որպես փաստարկ, թե իբր Գալստյանը սա հիմնավորում է կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Ընդ որում՝ սա նաեւ կալանքի միջնորդության շրջանակներում որպես փաստարկ հենց քննիչի կողմից է վկայակոչվել: Ցավում եմ, որ նախաքննական մարմինը չի տիրապետում, որ ադրբեջաներենն ու թուրքերենը տարբեր լեզուներ են ու թուրքական բառարանն էլ հայտնաբերել են թուրքագետ Սարգիս Գալստյանի, ոչ թե բանվոր, ատաղձագործ Սարգիս Գալստյանի մոտ:

Հաջորդ փաստարկը, որ ձեռք էին բերել՝ այն է, որ Գալստյանը ռուսական ռուբլիով 3 միլիոն դրամ գումար է ստացել, սա էլ հօդս ցնդեց: Այդ գումարը, այո՛. նրա անունով փոխանցվել է, բայց այդ գումարը ստացվել է ՀՀ-ից, իսկ երբ այդ գումարը փոխանցվել ու ստացվել է, Արցախը եղել է բլոկադայի մեջ, Գալստյանն էլ՝ Արցախում:

Ինչ վերաբերում է ադրբեջանական հեռախոսազանգերին: Ոչ միայն Գալստյանը, այլեւ Արցախի ողջ բնակչությունն այդ օրերին ադրբեջանցիներից զանգեր էին ստանում, ծաղրական բնույթի, թե մենք ցանկանում ենք ձեր բնակարանը գնել, հեգնում ու ծաղրում էին արցախցիներին: Այդ արցախցիներից մեկն էլ եղել է Սարգիս Գալստյանը: Եթե այդ փաստարկը հիմք ընդունենք, Արցախի բնակչության գրեթե կեսին պետք է դատապարտել, որովհետեւ նմանատիպ զանգեր ստացել են բազմաթիվ արցախցիներ: Քննիչին էլ է այդ տվյալը հասանելի, զանգերը 7, 3 վայրկյան են տեւել: Այսինքն՝ զանգել, ներկայացել են, Գալստյանը տեսել է, որ ադրբեջանցիներ են, հայհոյել ու անջատել է հեռախոսը: Զանգերը մեծամասամբ եղել են բաց կապով, քողարկված զանգեր չեն եղել: Էդ ինչ տիպի հանգիստ պայմաններում պիտի գործեր Գալստյանն ադրբեջանցիների հետ ու երեք վայրկյանում Արցախի բանակի կամ տնտեսության վիճակի մասին տեղեկություն փոխանցեր»,- պարզաբանեց Կոչուբաեւը:

Փաստաբանը նաեւ նկատեց, որ եթե իր պաշտպանյալի լիակատար անմեղության վերաբերյալ համոզմունք իր մեջ չձեւավորվեր, ամենաբարձր գումարների դիմաց էլ չէր ստանձնի նրա պաշտպանությունը:

Ինչ վերաբերում է Սարգիս Գալստյանին վերագրվող «Սարխան» ծածկանվանը, թե այդ ծածկանվամբ է լրտեսությունն արել, պարոն Կոչուբաեւն ասաց՝ թելադրված է եղել. «Ինչ իր հաղորդման մեջ թելադրել են, գրել է, փաստարկվածություն չկա: Չկա հատուկ ծառայության աշխատակիցը, փոխանցված տեղեկությունները չկան, ոչինչ չկա: Ես չեմ ուռճացնում հանուն պաշտպանության: Եթե Գալստյանը կատարած լիներ իրեն մեղսագրվող արարքը, առաջինը ես կաջակցեի, որ դատապարտվեր» :

Նա նաեւ վստահեցրեց, որ իր պաշտպանյալին ճնշումների ներքո գրել են տվել, թե Շուշի է մեկնել Արցախի ղեկավարության իմացությամբ. «Փորձ են արել պատրանք ստեղծել , որ Արցախի ղեկավարությունը տեղեկացված է եղել լրտեսական գործունեության մասին: Սա հստակ է թելադրված եղել Սարգիս Գալստյանին: Փորձ է արվել Շահրամանյանին ներքաշել այս քրեական գործի մեջ: Շահրամանյանը առերեսման ժամանակ հերքել է, որ իրեն չեն զեկուցել, Գալստյանն էլ հաստատել է, որ կեղծ ցուցմունք է տվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Քննչական կոմիտեի ղեկավարությանը վերաբերող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի մեղադրանքները մեր զրույցում որակեց սուտ ու հերյուրանք:

«Այն, ինչ նկարագրվում է իրենց կողմից՝ հանցագործություն է, իսկ նման բան լինելու դեպքում իրենք կարող էին առանց որեւէ կաշկանդվածության՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Վարույթ իրականացնող մարմնից ճշտեցի, որ առ այս պահը նման որեւէ հաղորդում չենք ստացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031