Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կան ձեւակերպումներ, որ եթե տանք, իշխանությունը ամոթից գետինը կմտնի կամ ինքնախարազանմամբ կզբաղվի խախտման դեպքում, գտնենք, տանք». Արծվիկ Մինասյան

Հուլիս 16,2024 17:17

Այսօր «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ համաձայն չէ հնչեցված կարծիքների, անգամ քննարկման վերնագրի հետ, որ Սահմանադրություն փոխելը օրվա հրամայական է. «Բոլորը նշեցին քաղաքական մշակույթի փոփոխության մասին, դրա կրողը քաղաքական իշխանությունն է, դրա փոփոխությունը կարող է բերել նաեւ այդ փոփոխություններին: Դուք ներկայացնում եք, որ Սահմանադրությունն է մեղավոր, որ փոխզսպումների մեխանիզմ չկա, ընդդիմությունը զրկված է լծակներից, բայց այդ Սահմանադրության պայմաններում մենք ենք աշխատում խորհրդարանում: Բերեմ մի քանի օրինակներ ու կտեսնեք, որ Սահմանադրությամբ ամրագրված հստակ դրույթը ուղղակի ոտնակոխ է արվում մեծամասնության կողմից, դրա համար անգամ քրեական հոդված կա, բայց որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում: Ինչ ուզում եք գրեք Սահմանադրության մեջ, եթե իշխող ուժը չունի այդ պատասխանատվությունը, չեք կարող Սահմանադրության վրա մեղք բարդել»:

Նա դիմեց Արթուր Սաքունցին՝ ասելով, որ ընտրություններ տեղի ունեցան 2017-ին՝ գործող Սահմանադրությամբ, ՀՀԿ-ն ստացավ 49%, մանդատների վերաբաշխման արդյունքում եղավ 54% չանցածների հաշվին, բայց ոչ ավելին. «Դրանից հետո փողոցից եկած իշխանությունը ընտրություններով արձանագրում է մի դեպքում 70%, մի դեպքում՝ 53%: Եթե Սահմանադրությունը գրված լիներ մեկ ուժի համար, որ հավերժացներ իր իշխանությունը, այդքան հեշտ փողոցը կվերցնե՞ր իշխանությունը՝ չէ: Այսինքն, խնդիրը իշխող ուժի վարքագծի մեջ է:

Սահմանադրությունը չի կարող զսպել, արգելել պատգամավորին, որ ինքը հանցագործություն չանի: Այսօր քաղաքական մեծամասնությունը բոլոր սահմանադրական ինստիտուտները զավթել է դատական իշխանություն, գլխավոր դատախազ, քննչական մարմիններ, ԲԴԽ, Վճռաբեկ դատարան, ՍԴ, անկախ պետական մարմիններ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով՝ խոսքի ազատությունը երաշխավորող, միակ նշանակումները կատարվում են իրենց թիմից:

Խորհրդարանում լսել ենք այնպիսի մեկնաբանություններ մեր թեկնածուներին, որ պատգամավորները անձի անցյալի քաղաքական դիրքորոշման վերաբերյալ ներկայումս քվեարկություն են կազմակերպում: Բայց հենց իրենց թեկնածուին է վերաբերում, պրոբլեմ չկա, որ անցյալում ինքը քաղաքական ակտիվ գործունեությամբ է զբաղվել ԿԸՀ անդամ, Վճռաբեկ դատարանում գործող պատգամավոր նշանակվեց: Սրանում Սահմանադրությունը ինչո՞վ է մեղավոր: Եթե կան ձեւակերպումներ, որ եթե տանք, իշխանությունը ամոթից գետինը կմտնի կամ ինքնախարազանմամբ կզբաղվի խախտման դեպքում, գտնենք, տանք»:

Նա ասաց, որ Սահմանադրության փոփոխությունը իրենց օրակարգում չկա, եթե թշնամին դա է ուզում, ո՞նց կարող է այդ օրակարգի մեջ մտնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031