Լրահոս
Օրվա լրահոսը

Պակիստանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները համարում է «արդարության համապարփակ տոնակատարության օրինակ»։ Ի՞նչ է սա, եթե ոչ ահաբեկչության բացահայտ հովանավորչություն. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Հուլիս 16,2024 17:04

Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով մեկնել էր հանցակից պետություն՝ Պակիստան, որի վարչապետն իր հայտարարության մեջ ևս չի խորշել խոստովանել իր երկրի հանցակցությունը մարդկության դեմ ուղղված այն քայլերին, որ կատարել է ադրբեջանական վարչակարգը։

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը Իսլամաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մամուլի հայտարարության մեջ նշել է, որ «Պակիստանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, և Ձեր Հաղթանակը արդարության համապարփակ տոնակատարության օրինակ է։ Պակիստանը տասնամյակներ շարունակ միշտ աջակցել է Ձեր գործին»։ Պակիստանի վարչապետի հայտարարությունից հետևում է, որ ինքը միշտ պաշտպանել է խնդիրներ պատերազմական եղանակով լուծելու դատապարտելի պրակտիկան, պաշտպանել է վերջին մի քանի տասնամյակներում այն բոլոր ռազմական հանցագործությունները, որ Ադրբեջանն իրականացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Պակիստանը 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը՝ խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում հումանիտար աղետի միտումնավոր հարցումը, համարում է «արդարության համապարփակ տոնակատարության օրինակ»։ Ինչ է սա, եթե ոչ ահաբեկչության բացահայտ հովանավորչություն։ Ըստ էության, Պակիստանի նախագահը նաև հպարտանում է, որ «Պակիստանը տասնամյակներ շարունակ միշտ աջակցել է Ձեր գործին»։

Նման հայտարարություններից հետո Պակիստանի վարչապետն արդյո՞ք պարտավորություն է ստանձնում կիսելու այն ողջ պատասխանատվությունը, որ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան պետք է կրի Ադրբեջանը վերջին տասնամյակներում էթնիկ և ռասայական հիմքով հայության նկատմամբ վարած խտրական քաղաքականության համար։ Նման գործելակերպով Պակիստանն ապացուցում է, որ պատրաստ է ոտնահարել ինչպես միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի, իրավարար այլ կազմակերպությունների ընդունած որոշումներն ու բանաձևերը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Պակիստանի միակողմանի և անարդարացի քաղաքականությունը և արդարության հաստատման գաղափարի նկատմամբ թերըմբռնումները։ «Արդարության համապարփակ տոնակատարության օրինակ» կարող էր լինել այն, որ Ադրբեջանն ընդուներ 1988-1992 թթ․ պատմական Գարդման, Շիրվանի, Նախիջևանի հայության էթնիկ զտման, տեղի հայկական մշակութային ժառանգության նպատակադիր ոչնչացման փաստը, և այս հանցանքների հետևանքների հաղթահարման պարտավորությունը։ Մենք, իհարկե, կցանկանայինք Պակիստանին կոչ անել միջազգային հանցավորությանն աջակցելու փոխարեն աջակցել իրական արդարադատությանը, սակայն տասնամյակներ շարունակ Ձախողված պետությունների ցանկում ամենաբարձր ինդեքսները գրանցող երկրից սպասելիքները նույնն են, ինչ «արդարության համապարփակ տոնակատարության օրինակ»-ներ ցույց տվող Ադրբեջանից: Ըստ այդմ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությանը ոչինչ չի մնում, քան առողջացում մաղթել պակիստանական պետությանը:

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031