Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ կարո՞ղ է Փանահովը պատասխանել հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը պատրաստ չէ միջազգային ամուր երաշխիքների պայմաններում ապահովել հայ բնակչության իրավունքների արմատական վերականգնումը. Գարդման Շիրվան Նախիջևան

Հուլիս 16,2024 17:08

Արտահերթ նախագահական ընտրությունները «օրինականության» բարձր մակարդակով անցկացնելուց հետո Ադրբեջանի Կենտրոնական ընտրական կոմիտեն այժմ էլ անցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների «օրինականացմանը» և իշխող ռեժիմի հավելյալ լեգիտիմացմանը։ Սակայն այս ակնհայտ բեմականացված գործընթացում Ադրբեջանի Կենտրոնական ընտրական կոմիտեի նախագահ Մ․ Փանահովը մի շարք զավեշտալի հայտարարություններ է արել, որոնք իրականությունից հեռու են ճիշտ այնքան, որքան Ադրբեջանը ժողովրդավարությունից։

Մ․ Փանահովը, խոսելով ընտրությունների «թափանցիկության» մասին կարծես մոռանում է, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2023 թ․ զեկույցն արդեն իսկ արձանագրել է, որ 2023 թ․ արտահերթ նախագահական ընտրությունները, կամ դրան նախորդած պետական մարմինների կազմավորումը տեղի չի ունեցել ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Մ․ Փանահովը, նշում է նաև, որ «Ադրբեջանը միակ պետությունն է, որտեղ ԶԼՄ-ները չեն գրանցվում ընտրությունները դիտարկելու համար», սակայն Մ․ Փանահովը կրկին մոռանում է, որ նույն Freedom House-ը զրոյական է գնահատել մամուլի ազատությունն Ադրբեջանում։ Հետևապես, ինչու է անհրաժեշտ գրանցել ԶԼՄ-ներին, եթե դրանցից և ոչ մեկը չի արձանագրելու որևէ ընտրախախտում, իսկ այն լրատվամիջոցները, որոնք կարող էին արձանագրել, վաղուց փակված են, լրագրողները՝ ձերբակալված կամ արտաքսված։

Մ․ Փանահովը նշել է նաև, որ ընտրություններին հետևելու համար Ադրբեջան կգան պատվիրակություններ բոլոր մայրցամաքներից։ Դժվար չէ հիշեցնել Ադրբեջանի Կենտրոնական ընտրական կոմիտեի նախագահին, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Ադրբեջանն անգամ դիտորդության հրավեր չէր ուղարկել ԵԽԽՎ-ին, նաև որի պատճառով ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունը մեկ տարով վտարվեց ԵԽԽՎ-ից։ Հետևաբար դիտորդների հավանական բարձր ներկայացվածությունը ոչ թե բարձր քաղաքական կամքի և թափանցիկության ու ժողովրդավարության ցուցիչ է, այլ պարզապես միջազգային հանրության աչքին դժգույն իրականությամբ չներկայանալու էժան փորձ։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում ընտրատեղամասերի մասին՝ Մ․ Փանահովը կարծես թե դարձյալ մոռանում է, որ դրանք ստեղծվել են այն բնակավայրերում, որտեղից հայ բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտման 10 ամիս հումանիտար աղետի պայմաններում ապրելուց հետո։ Իսկ կարող է արդյո՞ք Մ․ Փանահովը պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը պատրաստ չէ միջազգային ամուր երաշխիքների պայմաններում ապահովել հայ բնակչության իրավունքների արմատական վերականգնումը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն քննադատում է Ադրբեջանի իշխանությունների «թափանցիկ» և «ժողովրդավար» երևալու անհույս ճիգերը՝ դրանք դիտարկելով որպես միջոցներ մարդկության դեմ կատարված հանցանքների կոծկման և դրանց համար պաասխանատվության շրջանցման զազրելի գործընթացում։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031