Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս Սահմանադրությունը արհավիրք է: Որեւէ լծակ չկա մեծամասնության վրա». Արթուր Սաքունց

Հուլիս 16,2024 16:51

Այսօր «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկման ժամանակ անկախ փորձագետ Արմեն Մազմանյանն ասաց, որ ժամանակին ՀՀ Սահմանադրությունը փոփոխվել է նրա համար, որպեսզի իշխանություններն ունենան հնարավորինս քիչ զսպումներ ու «կոմֆորտի զոնան» մեծ լինի. «ՀՀ-ում Սահմանադրությունները գրեթե միշտ փնովել են միայն իշխանական ուժի հետաքրքրություններից դրդված: Փոխել են այն ակնկալիքով, որ պիտի շարունակեն իշխեն: Նույն ակնկալիքներն ունի իշխող ուժն այսօր: Սա պարադոքսալ է»:

Արմեն Մազմանյան

Ըստ նրա, այս Սահմանադրությունը ճգնաժամածին է ու քաղաքական ընդդիմության համար միակ ճանապարհը թողնում է փողոցը. «Մենք շատ ենք խոսում կայուն մեծամասնության մասին, բայց կա նաեւ մեկ այլ օրակարգային հարց, դա ընտրաշեմն է 5%: Ընտրաշեմի պատճառով 52% հանրության վստահություն ունեցող ուժը այսօր ունի 70%-ից ավելի մանդատներ, անհամաչափ ավելի մանդատ, քան վստահություն: Ինչի՞ հաշվին, քանի որ մի շարք ուժեր չմտան պառլամենտ, նրանց ձայները բաշխվեցին մեծ ուժին»:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ գործող Սահմանադրությունը հակաժողովրդավարական է, որովհետեւ չի համապատասխանում ու չի երաշխավորում իշխանությունների տարանջատման սկզբունքին, որը ժողովրդավարության սկզբունք է. «Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ն բավական ազնիվ էին, իրենք մեզ չեն խոստացել ժողովրդական կառավարման Սահմանադրություն, իրենք մեզ ասում էին՝ երկար տարիներ դեպի կառավարություն տանող ճանապարհը անցնելու է Մելիք Ադամյանով: Իրենք պարտադրեցին այն Սահմանադրությունը, որն իրենց համոզմամբ պետք է երկար տարիներ դա ապահովեր: Իսկապես, այս Սահմանադրության հիմքում դրված է մեկ կուսակցության երկարատեւ անվերահսկելի կառավարումը: Խնդիրը երկբեւեռության մեջ չի, խնդիրն այն է, որ պառլամենտում մեծամասնության բեւեռն ունի անվերահսկելի բացարձակ իշխանություն, փոքրամասնության բեւեռը որեւէ մասնակցություն որոշումներ կայացման վրա, ազդեցություն չունի: Սահմանադրության հայրերը, Հրայր Թովմասյանը ժամանակին ասում էր՝ փոքրամասնությունն ունի այս-այս լծակները, ոչ մի լծակ իրենք հիմա չեն կարողանում օգտագործել, որովհետեւ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Էս Սահմանադրությունը արհավիրք է: Որեւէ լծակ չկա մեծամասնության վրա: Մեծամասնություն իր կառավարության ծրագիրը բերում է ու անց կենում, պետբյուջեի նախագիծը բերում է ու անց կենում: Ժողովրդավարությունը երկխոսություն է, պառլամենտը հենց խոսելու տեղն է, բայց եթե հենց այնպես «հավայի» խոսում են, որեւէ նշանակություն չի ունենում, դուրս է գալիս, որ նույնիսկ խոսքի մակարդակն է պլինտուսից ցածր իջնում, էլ քոռ, քաչալ շուն, էլ գող փիսո, սա է:

Դրա համար ասում եմ՝ Սերժ Սարգսյանը մեզ խոստում չի տվել ժողովրդավարության, ասել են՝ երկար ենք իշխելու ու պարտադրեցին, բայց ներկա իշխանությունը նման խոստում չի տվել ժողովրդին, ինքը ասել է՝ պետք է ժողովրդավարություն լինի: Բայց չտեսնել, որ սա հակաժողովրդավարական է, առավել եւս հետաձգել 2026-ից հետո՞: Քաղաքական ընդդիմության համար սա օրակարգային հարց չի, որովհետեւ ինքն է դա ստեղծել: Բայց իշխանությունն ունի պատասխանատվություն»:

Ըստ Սաքունցի, այս Սահմանադրությունը պետք է փոխվի կենսական անհրաժեշտությունից ելնելով, որովհետեւ դա հանրության պահանջն է, որը թավշյա հեղափոխություն արեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031