Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական մուլտֆիլմերի պակասը և դրանց հոգեբանական ազդեցությունները

Հուլիս 16,2024 16:59

Վերջերս հայկական հեռուստաընկերություններում նկատվում է մանկական հաղորդումների և մուլտֆիլմերի պակաս։ Հասկանալու համար, թե ի՞նչ մուլտֆիլմեր են առաջարկում հեռուստաընկերությունները՝ ուսումնասիրել ենք մի քանի հեռուստաալիքների մանկական հաղորդումների ծրագրերը, եւ արձանագրել հետևյալ պատկերը։

Հանրային հեռուստաընկերությունում ցուցադրվում են թարգմանված և տեղական արտադրանքի մուլտֆիլմեր և հաղորդումներ։ Երկուշաբթի-շաբաթ օրերին ցուցադրվում էին «Դրոնավրեր», իսկ կիրակի օրը «Թիթինի արկածները․ միաեղջուրի առեղծվածը» մուլտֆիլմերը:

«Արմենիա» հեռուստաընկերությունում չկան մուլտֆիլմեր, դրանց փոխարինելու են եկել սիթքոմները։

«Շանթ» հեռուստաընկերությունում ընդհանրապես չկան մանկական հաղորդումներ: Տարիներ առաջ ամանորյա հաղորդումների ցանկում ցուցադրվում էր «Մաշան և արջը» հայերեն թարգմանությամբ մուլտֆիլմը։

«Ա-թիվի» հեռուստաընկերությունը չի ներկայացնում մուլտֆիլմեր և մանկական հաղորդումներ։

«Շողակաթ» հեռուստատեսությունում, ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների, մանկական հաղորդումներ կան, դրանց մեծ մասը կրթական և հոգևոր բովանդակություն ունեն և հետաքրքիր են երեխաների համար։ Թվարկենք մի քանիսը, օրինակ՝ «Ինչն ինչոց է» հաղորդաշարի միջոցով երեխաները բացահայտում են շատ հարցերի պատասխաններ՝ ինչո՞ւ են ավտովթարներ ու բնական աղետներ լինում, ինչպե՞ս է երկնքում հայտնվում ծիածանը և այլն։ Մեկ այլ հաղորդում ևս՝ «Պատումիկներ Աստվածաշնչից» հաղորդաշարը երեխաներին ծանոթացնում է Սուրբ գրքի հետ, հաղորդաշարը ներկայացնում են հենց փոքրիկ երեխաները և իրենց տպավորություններով կիսվում հեռուստադիտողի հետ։

«Կենտրոն» հեռուստաընկերությունը ցուցադրում է մեկ մանկական հաղորդում՝ «Քեռի մուլտիկնիկը»։

Կարինե Տիտանյանի լուսանկարը ֆեյսբուքյան էջից

Հասկանալու համար թե ո՞րն է պատճառը, որ չեն ցանկանում նկարահանել մանկական հաղորդումներ, զրուցեցինք ՀՊՄՀ-ի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս, տեսաբան Կարինե Տիտանյանի հետ։

Տեսաբանը իր մտահոգությունը հայտնեց այս հարցի վերաբերյալ․ «Ինձ համար արդիական է հարցը, թե ինչու են խուսափում հեռուստաընկերությունները մանկական հաղորդումներ ցուցադրել։ Մենք չունենք երեխաների համար լեզվամտածողությունը զարգացնող հաղորդումներ, երեխայի ճաշակ ձևավորող հաղորդումներ։ Ինչո՞ւ չկան մանկական հաղորդումներ․ առաջինը՝ դրանք շահութաբեր չեն, երկրորդը, որ մանկական հաղորդումներ պատրաստելը շատ աշխատատար է»։

Ըստ տեսաբանի՝ այս ամենի մեջ միակ լուսավոր կետը Հանրային ռադիոն է։ Օրինակ՝ «Արևիկը» որպես առանձին ալիք հրաշալի է, պետությունը աջակցում է, և այստեղ ֆինանսների խնդիր չկա։

Կարինե Տիտանյանը նշեց, որ կարևոր է հաշվի առնել, թե հաղորդումները ինչ հոգեբանական ազդեցություն են թողնում երեխայի վրա․

«Բացի սցենարիստներից՝ պետք է աշխատեն նաև հոգեբանները։ Շատ դեպքերում նրանք ընդօրինակում են անհաջող հերոսներին և նույն տոնով խոսում ընտանիքում կամ բակում ընկերների հետ, ինչն այսօր շատ մեծ խնդիր է բոլոր ծնողների համար»։

Լուսանկարը տրամադրել է Աստղիկ Թորոսյանը

Իսկ թե ի՞նչ հոգեբանական ազդեցություն են թողնում հաղորդումները երեխաների վրա՝ մեզ հետ զրույցում հոգեբան Աստղիկ Թորոսյանը նշեց, որ շատ բան կախված է երեխայի ընկալումից, դա անհատական է, թե ինչպես է ընկալում երեխան այդ ամենը, ինչպես է վերլուծում դա, ինչ հոգեբանական վիճակում է գտնվում այդ պահին ․հետևանքները կարող են լինել և՛ դրական և՛ բացասական։

«Մուլտֆիլմերն ունեն տարիքային սահմանափակում, խորհուրդ է տրվում նայել 3 տարեկանից հետո։ Չնայած դրան, բոլոր ծնողները վաղ տարիքից են տալիս երեխաներին մուլտֆիլմ նայելու իրավունքը։ Պետք է լավ որակի հաղորդումներ նայել, քանի որ մինչև 3 տարեկան երեխայի երևակայությունը շատ վառ է, նրանք ամեն ինչ նույնականացնում են, այդ ամենը տեսնում են երազներում, դրանք ազդում են նրանց քնի վրա։ Այսօր մուլտֆիլմերը ազդում են նաև խոսքի զարգացման վրա։ Եթե երեխայի խոսքը զարգացած չէ, ապա մուլտֆիլմը սահմանափակում է երեխային, նա այլևս ջանք չի գործադրում խոսելու, փոխարենը՝ կերպարների միջոցով է փոխանցում ամեն ինչ»,-ընդգծեց հոգեբանը։

Ըստ հոգեբանի՝ պետք է ընտրել ճիշտ հաղորդումներ երեխաներին զերծ պահելով հնարավոր վատ հետևանքներից։ Հաղորդման վիզուալ մասը, ձայնը, երաժշտությունը նույնպես կարևոր են, քանի որ կան հաղորդումներ, որոնք երեխային հաճելի չեն։ Կերպարների գունային գամման և գործողությունները կարող են ագրեսիա առաջացնել երեխայի մոտ։

Հոգեբանը չի արգելում երեխաներին դիտել հաղորդումներ, սակայն ասում է, որ ծնողները լինեն հետևողական, որպեսզի երեխաները հաղորդումներից քաղեն դրականը, մեղմացնելով բացասական երևույթները։

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031