Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը 2 տարի, 7 ամիս անազատության մեջ էր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով». Գեղամ Մանուկյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին

Հուլիս 16,2024 14:54

«Իրականում Մամիկոն Ասլանյանի միջոցով կարելի է բազմաթիվ օրինակներ բերել: Այժմ այստեղ նստած է Նարեկ Մալյանը, զինվորականներ, eրկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, Նուբարաշենում Արմեն Աշոտյանն է, Արմավիր ՔԿՀ-ում մեկ տասնյակից ավելի մեր հայրենակիցներ են, որոնց ձերբակալել էին հուլիսի 12-ի դեպքերի ժամանակ »,-լրագրողների հետ զրույցում ասաց ազատ արձակվող  քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին սպասող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալներին եւ բոլոր նրանց, որոնք բանտարկված են քաղաքական դրդապատճառներով:

Պատգամավորի խոսքով. «Բոլորը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրության զոհերն են: Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու լուրը շատերն ուրախությամբ են ընդունում, բնականաբար ուրախություն կա, բայց կա նաեւ այն ողբերգական վիճակը, որ դու հասկանում ես՝ 2 տարի, 7 ամիս մարդը անազատության մեջ էր՝ քաղաքական նպատակահարմարությունից, իշխանությունների անձնական վրեժխնդրությունից ելնելով:

Դեռ Մամիկոն Ասլանյանի դեպքը մի քիչ յուրահատուկ է… Մամիկոնը դեռ առաջին ճակատում չէր ընդդիմադիր պայքարի, ուղղակի ձերբակալվել էր, կալանքի տակ էր 2 տարի 7 ամիս՝ մեկ բանի համար, որ այս իշխանության քիմքին ոչ հաճո կարող էր համայնքի ղեկավար լինել: Եվ այս իրավական խայտառակ անարդարությունը, եթե Նիկոլ Փաշինյանով է պայմանավորված, միայն ինքը չէ, այստեղ քննիչներն են, դատախազը, դատավորը…Նույնը Երեւան ՔԿՀ-ն է, հայտնի ԿԳԲ-ի մեկուսարանը, որտեղ 2,5 տարի է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն է նստած, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը…

Համատարած է այս խայտառակությունը, եւ սրան զուգահեռ կա մի ողբերգություն՝ Հայաստանում չկա քաղհասարակություն, տարիներով ձեւավորված իրավապաշտպան կազմակերպություններից գրեթե ծպտուն չի լսվում»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031