«Ապառաժ». Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի բնակիչների մի մասը հաստատվել է Տաշիր համայնքի Լեռնահովիտ գյուղում՝ համախմբվելով իրենց համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանի շուրջը, որը 2001 թվականից մինչև Արցախի անկումը ղեկավարում էր Հաղորտի գյուղը։
Հաղորտեցիները գյուղից տեղահանվել են 2023-ի սեպտեմբերի 26-ին։ Բարեբախտաբար, առանց կորստի։
Երբ Լեռնահովիտ գյուղում հանդիպեցինք Նվեր Մարտիրոսյանի հետ, նա չցանկացավ խոսել 2023-ի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի մասին։ Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, 3-րդ կարգի հաշմանդամ արցախցու համար ցավալիորեն ծանր էր խոսել Հայրենիքի կորստի մասին։ Փոխարենը պատմեց, թե ինչպես են դուրս եկել գյուղից և տեղավորվել Հայաստանում. «Սեպտեմբերի 23-ին արդեն հասկացել էինք, որ իրավիճակը լուրջ է, և գյուղում մնալն արդեն վտանգավոր է դառնում։ Ոչ ոք չէր մտածում առանձին հեռանալու մասին։ Կային մարդիկ, որոնք վառելիքի խնդիր չունեին, սակայն սպասում էին, որ գյուղովի դուրս գանք։ Հենց այդ է պատճառը, որ համախմբված, առանց խուճապի ու կորստի դուրս եկանք։
Երբ եկանք Հայաստան, լսեցի, որ Տաշիրում վեց ամսվա գյուղատնտեսական ծրագիր է գործում։ Եկա ու հրավիրեցի նաև իմ համագյուղացիներին։ Ինձ միացավ 11 ընտանիք։ Մեզ առաջարկեցին անվճար բնակարաններ և հնարավորություն՝ ստեղծելու մեր սեփական տնտեսությունները։
Կարդացեք նաև
Այժմ Լեռնահովտում ապրում են 160 հաղորտեցիներից 64-ը։ Գյուղաբնակներիս համար դժվար է ապրել Երևանում, կամ ուրիշ քաղաքներում։ Մենք սովոր ենք գյուղատնտեսության շնորհիվ օրվա հաց վաստակել։ Արցախցիներս պետք է հնարավորություն ունենանք աշխատելու, կրկին ստեղծելու, այլ ոչ թե նստելու և սոցիալական աջակցությունների սպասելու։
Մտածում եմ, որ ինչքան հնարավոր է համագյուղացիներով հավաքվենք ու հետագայում բնակություն հաստատենք նույն բնակավայրում։ Դեռևս չեմ կողմնորոշվել ՀՀ քաղաքացիություն ընդունելու և բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու հարցերում։ Այն, որ մնալու ենք Հայաստանում, դա հաստատ է, սակայն կոնկրետ որ բնակավայրում ենք ապրելու, դեռ չենք որոշել»։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: