Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննեց դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը ներկայացրեց միջնորդությունը։ Նա ասաց, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի հաղորդումը։ Եվ արդարադատության նախարարի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Կարդացեք նաև
«Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։ Մասնավորապես, դատավորը որոշում է կայացրել, որ կալանավորված անձը պետք է երկու ժամվա ընթացքում կարճաժամկետ մեկնման վայրից ՔԿՀ վերադառնա։ Բացի այդ, որոշում է կայացրել, որ պետք է մեկնումը կատարվի առանց ձեռնաշղթայի կիրառման։ Երկու ժամ ժամանակը տվյալ դեպքում ԱԺ շենքից արդարադատության նախարարության Երեւան-Կենտրոն ՔԿՀ տեղաշարժվելու համար օբյեկտիվորեն երկար ժամանակահատված է։ Լիազոր մարմինը գտնում է, որ դատավորի կողմից համապատասխան վարքագծի կանոնների եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը կարող էր եւ պարտավոր էր գիտակցել իր կողմից խախտման բնույթը եւ դրա իրավական հետեւանքները»,- ասաց Սուջյանը։
Նշենք, որ խոսքը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ դատավոր Դոլմազյանի կայացրած որոշման մասին է։ Կալանքի տակ գտնվող Տոնոյանը նախորդ տարի մասնակցել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նիստին եւ պատասխանել պատգամավորների հարցերին։ Վահե Դոլմազյանը որոշել էր, որ Դավիթ Տոնոյանն այդ նիստին պետք է մասնակցեր առանց ձեռնաշղթաների։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հարցրեց Վահե Դոլմազյանին՝ դատավորն իրավունք ունե՞ր որոշելու՝ անձը նիստին պետք է մասնակցեր ձեռնաշղթաներով, թե՞ առանց դրա։ Ի պատասխան՝ դատավորն ասաց, որ Դավիթ Տոնոյանն էր այդ մասին միջնորդություն ներկայացրել դատարանին, որպեսզի իրեն առանց ձեռնաշղթաների ուղեկցեն, հակառակ դեպքում նա հրաժարվել էր ձեռնաշղթաներով ներկա գտնվել ԱԺ հանձնաժողովի նիստին։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հարցրեց Արտյոմ Սուջյանին․ «Պարոն Սուջյան, ի վերջո ես էլ չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ ժամկետ պետք է նշեր դատավորը, որպեսզի գոհացներ տվյալ դեպքում նախարարությանը։ Ու ընդհանրապես նախարարությունն ինչո՞ւ է խառնվում դատավորի լիազորությանը, փախո՞ւստ է տեղի ունեցել, ի՞նչ է տեղի ունեցել»։
Սուջյանն ասաց, որ ՔԿՀ ղեկավարն է հաղորդում ներկայացրել, որ դատավորը որոշում է կայացրել, որը հետեւանքներ է ունեցել։ Կարեն Անդրեասյանի հարցին, թե ի՞նչ ոչ իրավաչափ գործողություններ են արվել, Արտյոմ Սուջյանը պատասխանեց՝ առաջինը, ժամկետ է սահմանվել վերադարձի համար, երկրորդ, որոշում է կայացվել, որ ուղեկցումն առանց ձեռնաշղթաների տեղի ունենա։
Կարեն Անդրեասյանը շարունակեց հարցադրումը․ «Ես չեմ կարողանում հասկանալ՝ ձեզ ժամկե՞տն է անհանգստացրել՝ երկու ժամ, թե՞ ձեզ բառն է անհանգստացրել»։ Սուջյանն ի պատասխան ասաց, որ դատավորի կողմից չպետք է ժամկետ նշվեր ՔԿՀ վերադառնալու համար, սա է խախտումը։
Կարեն Անդրեասյանն ասաց․ «Ընդհանրապես դատարանն ունի՞ հայեցողության շրջանակ, ազատություն, միտք շարադրելու իրավունք, թե՞ պետք է ռոբոտային կլիշեներով ինչ-որ բառեր տպի ու դրանով սահմանափակի այս գործը»։
Դատավոր Վահե Դոլմազյանն իր եզրափակիչ խոսքում ասաց․ «Իմ գնահատմամբ՝ կարգապահական վարույթ չպետք է հարուցվեր, հարուցվելուց հետո իմ կողմից բոլոր փաստարկները ներկայացված են»։
Դոլմազյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունը հիմնավորված չէ եւ ենթակա է մերժման, հարուցված վարույթը ենթակա է կարճման։ «Ինձ այսօր կարգապահական պատասխանատվության փորձում են ենթարկել նրա համար, որ ես որոշում կայացնելիս հաշվի չեմ առել ենթաօրենսդրական որեւէ ակտով որեւէ դրույթ։ Կարգապահական վարույթի միջնորդության քննության ժամանակ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան։ Բայց սույն գործընթացը որեւէ կերպ քրեական, վարչական կամ քաղաքացիական գործ, իմ գնահատմամբ, չի կարող դիտարկվել։ Տվյալ վարույթով որեւէ մեղադրյալ անձի արդար դատաքննության իրավունքը դատարանի ներկայացված որոշմամբ չի խախտվել»,- ասաց Դոլմազյանը։
ԲԴԽ-ն անցավ խորհրդակցությունների սենյակ, այս գործով որոշումը կհրապարակվի օգոստոսի 5-ին, ժամը 10։00-ին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ