Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանությունն ու պատմությունը համադրելու հայկական փորձը «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» ներկայացրել է Մեծ Բրիտանիայում

Հուլիս 16,2024 14:03

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում անցկացվող՝ «Նարատիվային թերապիա եւ համայնքային աշխատանք» 6-րդ կոնֆերանսին այս տարի առաջին անգամ մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

2003-ից անցկացվող կոնֆերանսը նվիրված է հոգեբանության արդի ուղղություններից մեկի՝ նարատիվային թերապիայի մեթոդին:

Կոնֆերանսն այս տարի ունեցել է 220-ից ավելի մասնակից՝ Մեծ Բրիտանիայի ու Եվրոպայի տարբեր երկրներից:

Երկու օր շարունակ աշխարհի տարբեր անկյուններից Լիվերպուլում հավաքված մասնագետները քննարկել են նարատիվային մեթոդի առանձնահատկությունները, այս մեթոդով աշխատելու նրբությունները, դժվարություններն ու մարտահրավերները, կիսվել են իրենց փորձով ու մասնագիտական ձեռքբերումներով:

Կոնֆերանսին մասնակցող «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ներկայացուցիչները՝ նարատիվային մասնագետ, հոգեբան Անի Մարգարյանը եւ Հիմնադրամի հետազոտական եւ զարգացման ծրագրերի ղեկավար Հեղինե Պողոսյանը, արտասահմանցի գործընկերներին ներկայացրել են Հիմնադրամի մոտեցումը, կատարած աշխատանքը եւ Հիմնադրամի մշակած՝ նարատիվային թերապիան եւ պատմությունը համադրելու մոդելը:

Հիմնադրամը, որը ստեղծվել է «Flagship Pioneering» եւ «Moderna» ընկերությունների ղեկավար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ, մշակում եւ իրականացնում է նորարական ծրագրեր, որոնք խարսխված են հայ ժողովրդի գոյաբանական պատմության, հոգեւոր արժեքների ու հոգեբանության վրա: Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մասին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբանական» լուծումներ։

«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» այդ նպատակով վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի տարբեր համայնքներում անցկացրել է Համայնքային ժողովներ, հոգեկրթական միջոցառումներ ու խմբային աջակցման հանդիպումներ:

Հիմնադրամի մասնագետները կոնֆերանսի ընթացքում պատմել են նարատիվային մեթոդով կատարված աշխատանքի եւ դրա արդյունքում մարդկանց ամոքման անհատական պատմությունների մասին:

Կոնֆերանսի կազմկոմիտեի խոսքով՝ Հիմնադրամի մասնագետների մասնակցությունը բրիտանական կոնֆերանսին եղել շատ արժեքավոր. «Մենք տպավորված ենք «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» կատարած աշխատանքով: Լսելով Հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կոնֆերանսի մասնակիցները հիացել ու ոգեւորվել էին այն ծրագրով, որը մշակվել է՝ համադրելով նարատիվային մեթոդն ու հայ ժողովրդի վերականգնման յուրահատուկ փորձը: Եվ որի նպատակն է օգնել բոլոր այն մարդկանց, որոնք անցել են տրավմատիկ իրադարձությունների միջով»:

 

«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերի շահառու են բոլոր նրանք, ովքեր կյանքում անցել կամ անցնում են տրավմատիկ իրադարձությունների միջով եւ կարիք ունեն վերագտնելու հավատը սեփական ուժերի ու հավատը այլոց նկատմամբ։ Հիմնադրամի ծրագրերին մասնակից դառնալու համար պետք է լրացնել www.revival.am կայքում տեղադրված հոգեբանական թեստերից որեւէ մեկը: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031