Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր երկրները պարտավոր են բոլորի հետ համագործակցել եւ իրենց հարմարեցնել խաղի այն կանոնները, որոնք թույլ կտան իրենց մնալ ջրի երեսին. Թաթուլ Մանասերյան

Հուլիս 16,2024 13:49

«Այսպես կոչված երկու աթոռի վրա նստելը կոռեկտ չէ: Մենք պետք է աշխարհում ավելի շատ բարեկամներ ունենանք: Ժամանակակից աշխարհում որեւէ մեկն անկախ չէ… Ամենազարգացած պետությունները վերցրեք՝ ԱՄՆ, ԵՄ անդամ որեւէ երկիր, Չինաստան… Որեւէ մեկն անկախ չէ, բոլորը կախված են բազմաթիվ երկրներից»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ Հայաստանի տնտեսության վերաբերյալ թեմային եւ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է իրատեսական միաժամանակյա ներկայությունը տարբեր քաղաքական և տնտեսական դաշինքներում։

«Որքան շատ է երկրների թիվը, ումից որ կախված է կոնկրետ երկիրը, այնքան անկախ է այն: Սա իմ պատկերացումն է: Որովհետեւ այդ դեպքում դուք ունեք հնարավորություն՝ դիվերսիֆիկացնելու աղբյուրները՝ եւ արտահանման, եւ ներմուծման, եւ համագործակցության, երբ մեկ երկրից կամ երկրների խմբից կախվածությունը սպառնալիք չի դառնում երկրի համար»,- հավելեց տնտեսագիտության դոկտորը:

Նրա խոսքով. «Ժամանակակից աշխարհում չկա որեւէ երկիր, որը մեկ այլ երկրի կամ երկրների խմբին պատկանի… Ուզում եք վերցնենք ԱՄՆ-ը, շարունակենք գնալ՝ ուր ուզում եք, Խաղաղօվկիանոսյան բլոկը որ ձեւավորեցին, Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտին, որը պարադոքսալ միություն է՝ Մեքսիկան Կանադայի հետ եւ Միացյալ Նահանգները… Մինչեւ հիմա չեն կողմնորոշվել՝ պատ շարեն, թե քանդեն էդ պատը…Լատինական Ամերիկայի հետ համագործակցությունը, Եվրամիության հետ… Հիմա ինչ, ասեք ԱՄՆ-ը մի քանի աթոռների վրա՞ է նստած…»:

Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը՝ հետեւյալ կերպ ձեւակերպեց. «Իսկ Հայաստանի Հանրապետությունը շե՞կ է, ինչո՞ւ բոլորին կարելի է, իսկ Հայաստանի Հանրապետությանը չի կարելի բարեկամներ ձեռք բերել, համագործակցել բոլորի հետ: Ճիշտ ընդհակառակը՝ փոքր երկրները պարտավոր են բոլորի հետ համագործակցել եւ իրենց հարմարեցնել խաղի այն կանոնները, որոնք թույլ կտան իրենց մնալ ջրի երեսին:

Ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Արեւմուտքից են Հայաստանին ուղղված հնչում նման բաներ, թե կողմնորոշվեք՝ որ կողմ…Կուզենայի, որ մենք չսեւեռվենք Հայաստանի վրա եւ անպայման ինստիտուցիոնալ նայենք…

Օրինակ, ՀԱՊԿ-ի գործող, չսառեցված անդամ Ղազախստանի Հանրապետությունը ռազմավարական դաշնակցության պայմանագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ… Ո՞ւր են որակումները, թե» դրանք միայն Հայաստանի համար են պահված…Պատկերացնո՞ւմ եք ՆԱՏՕ-ի անդամ երկրի եւ ՀԱՊԿ-ի անդամ երկրի միջեւ ռազմավարական դաշնակցության պայմանագիր է ստորագրված…

Էս ի՞նչ տկարամտություն եւ սահմանափակ շրջանակ ենք մեզ համար գծել, որից չի կարելի դուրս գալ… Լավ, հասկանալի է ռուս-ուկրաինական հակամարտությունը, եղբայրասպան պատերազմը, սակայն բոլոր նրանք, որ որեւէ մեկի կողքին են կանգնել եւ դատապարտում են մյուսին, վերջում կանգնելու են կոտրած տաշտակի առաջ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031