2023 թվականի հուլիսի 25-ին բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շինությունների համալիր կառուցապատող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը):
2024 թվականի մարտի 22-ին վարույթն իրականացնող մարմինը, հանգելով հետևության, որ ընկերության փաստացի ղեկավար, մեղադրյալ Ռ.Կ.-ն վճարել է չվճարված 206 մլն 659 հազար դրամ հարկերը, առկա են նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր՝ միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
2024 թվականի մարտի 26-ին հսկող դատախազը մերժել է ներկայացված միջնորդությունը և մի շարք վարութային գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություն է տվել նախաքննություն իրականացնող քննիչին:
Դատախազի հանձնարարության հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքում՝ ընկերությունում հաշվարկվել է լրացուցիչ 224 մլն 641 հազար դրամի չափով, այսինքն՝ ընդհանուր 431 մլն 300 հազար դրամ հարկային պարտավորություն:
Կարդացեք նաև
Արդյունքում՝ Ռ.Կ.-ն ամբողջությամբ հատուցել է նաև 224 մլն 641 հազար դրամ հարկը՝ ընդհանուր վերականգնելով 431 մլն 300 հազար դրամի չափով պետությանը պատճառված վնասը:
2024 թվականի հուլիսի 15-ին հսկող դատախազը որոշում է կայացրել ոչ արդարացնող հիմքով Ռ.Կ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ