Արդյո՞ք Վաշինգտոնն ի վիճակի չէր Ադրբեջանի վրա ազդել։ Եթե նայում ենք ԱՄՆ ունեցած համաշխարհային ազդեցությանը, ապա Բաքվի վրա ճնշում գործադրելը կարող էր ընդամենը ժամերի հարց լինել։
Մի քանի պատժամիջոցների մասին հայտարարությունը բավական էր, որ Ալիևը խելոքանար։
Արցախում ցեղասպանական գործողությունների իրականացումից հետո Բայդենի վարչակազմը Հայաստան ուղարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին, այն էլ՝ այնպիսի առաքելությամբ, որ արցախցիներին որոշակի հումանիտար օգնություն տրամադրվի։ Իհարկե, բացարձակ անընդունելի է թերագնահատել մարդասիրական աջակցության կարևորությունը, սակայն արդյո՞ք միայն արցախցիներին տրամադրվող այդ օգնությունը հարցի լուծում էր, երբ մարդիկ ամիսներ շարունակ շրջափակման զրկանքները կրելուց հետո հիմա էլ զրկվում են իրենց տուն ու տեղից ու ընդհանրապես հայրենիքից։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարն օրերս կրկին Հայաստան էր այցելել, այս անգամ՝ Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը նպաստելու հարցով։ Ու Արցախի հայաթափման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշեց, թե Պետքարտուղարությունում ուսումնասիրում են տեղի ունեցած իրադարձությունները։
Բայց հարցն այն է, որ Արցախում տեղի ունեցած հանցագործությունները փաստագրված են ու տեղի են ունեցել ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, ու ամեն ինչ այնքան պարզ է, որ տևական ուսումնասիրության կարիք անգամ չկա։ Այլ հարց է, որ Վաշինգտոնում չեն ցանկանում իրավական գնահատական տալ տեղի ունեցածին՝ համապատասխան հետևանքներով։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին մասնավորաբար կարող էր դրսևորվել այնպես, որ Վաշինգտոնը միջնորդի, ինչու չէ՝ նաև երաշխավորի դեր ստանձներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հաշտության պայմանագրի կնքման համատեքստում։ Այլապես ամերիկյան պաշտոնյաների կողմից Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու մասին հայտարարությունները վերածվում են դատարկ խոսքերի։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։