«Ամերիկայի ձայն». Հնչում են աղոթքներ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համար, որը, կարելի է ասել, փրկվեց շաբաթ օրը տեղի ունեցած մահափորձից, իսկ կիրակի արդեն մեկնեց հանրապետականների համագումար:
«Աստված նրան ասաց, որ լինի ուժեղ և քաջ»:
«Ողջ քարոզարշավը փոխվել է, ողջ ուղերձը փոխվել է. Ինչ-որ մեկը փորձել է սպանել մեր թեկնածուին»,- ասում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության Միլուոկի շրջանային կառույցի ղեկավար Հիլարիո Դելեոնը։
Միացյալ Նահանգների Վիսքոնսին նահանգի Միլուոկի շրջանում է ընթանում ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարը՝ հուլիսի 15-18-ը։
Կարդացեք նաև
Իրեն պատկանող Truth Social սոցհարթակում Դոնալդ Թրամփը գրել է, թե չի կարող թույլ տալ, որ «պոտենցիալ մարդասպանը» ստիպի իրեն փոխել իր ժամանակացույցը:
«Ամեն անգամ, երբ նրա հետ ինչ-որ բան է պատահում, զգում եմ, որ դա ավելի է ամրապնդում նրա հաղթանակը: Նա մի տեսակ հասել է լեգենդար կարգավիճակի»,- ասում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության Միսսուրիից ընտրված պատվիրակ Էմմի Դեկլյուն:
Քաղաքի մյուս կողմում գտնվող հյուրանոցում…
Հարավային Կարոլինայի պատվիրակները խոսում են շաբաթ օրը տեղի ունեցածի մասին, և թե ինչ ազդեցություն թողեց մահափորձը իրենց դիրքորոշման վրա: Գնդակը դիպչել էր Թրամփի ականջին, սակայն նախկին նախագահը ամենևին չընկճվեց՝ բռունցքը վեր բարձրացրած կանգնեց և գոչեց՝ «կռվել»։
«Կանգնելն ու պայքարելը․․․, [ինչ տեսանք] խորհրդանշական էր։ Արյունը հոսում էր [Թրամփի] դեմքի վրայով։ [Տեսանք] կապույտ երկինքը, ամերիկյան դրոշը, ես նկատի ունեմ, որ կապրի»,- ասում է Հանրապետական կուսակցության Գրինվիլ շրջանային կառույցի ղեկավար Իվոն Ջուլիանը։
Հրաձիգը օգտագործել է AR տեսակի հրազեն, որը հաճախ է կիրառվում ԱՄՆ-ում։
Ի դեպ, հանրապետական պատվիրակները ընդգծում են՝ անգամ շաբաթ օրը տեղի ունեցածը չի փոխել կուսակցության դիրքորոշումը երկրում զենքի վերահսկման վերաբերյալ:
«Խնդիրը հրազենը չէ, այլ այն է, ինչ տեղի է ունենում, երբ հրազենը հայտնվում է սխալ մարդու ձեռքում»,- ասում է Հանրապետական կուսակցության Հարավային Կարոլինայից ընտրված պատվիրակ Բեքի ՄըքԼաֆլին:
«Մենք պետք է վերադառնանք ողջախոհությանը, վերադառնանք և դադարեցնենք այն, ինչ կատարվում է»,- ասում է Հանրապետական կուսակցության պատվիրակ Դեբորա Մենինգը:
Հանրապետականների պատվիրակներից մեկը փոխանցել է «Ամերիկայի ձայնին», որ Թրամփի դեմ մահափորձի պատճառով հնարավոր է համագումարի կարգախոսը դառնա՝ «Եկե՛ք Ամերիկան վերստին դարձնենք անվտանգ»: