Լրահոս
Օրվա լրահոսը

Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր, պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենա. «Փաստ»

Հուլիս 16,2024 08:37

Փաշինյանի կառավարությունը որոշեց ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ օրերս, իսկ ավելի կոնկրետ՝ կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց: Ի լրումն ամենի, կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 000 դոլար: Չէ, բայց եկեք մի հատ էլ կրկնենք. 1 միլիարդ դրամ՝ շուրջ 50 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Այսինքն, առավելագույն ու թանկարժեք հարմարավետություն մի կառավարության ու պաշտոնյաների համար, որոնք մեր բոլորի կյանքը վերածել են առավելագույն անհարմարության, եթե չասենք՝ մղձավանջի:

Բայց հարցը միայն դա չէ: Կարելի էր ասել, որ հարցը բարոյական հարթության վրա է, եթե բանը չվերաբերեր Նիկոլ Փաշինյանին ու նրա ներկայացրած իշխանությանը: Այդուամենայնիվ: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր «աշխատում», պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենա, նույն ինքը՝ «պադավատ»: Ավելին, «պադավատապետություն» բառը հայրենի քաղաքական ասույթ-խոսույթ, որքան հիշում ենք, ներմուծել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խստորեն քննադատելով, ավելի ճիշտ՝ դատափետելով ծառայողական մեքենաներից օգտվելը: Եվ, ահա, այդ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում, որ 49 հատ ծառայողական մեքենա ձեռք բերեն:

Հապա ինչպե՞ս չասես՝ հապա ինչո՞ւ եղածով, որը հաստատ 30 հատ չէ, այլ բազմակի անգամ շատ, չեք բավարարվում: Գլուխը՝ քարին, թե 6 տարվա մեջ սա «պադավատներ» ձեռք բերելու ու դրա վրա պետական գումարներ քամուն տալու միակ դեպքը լիներ: Բայց փաստն այն է, որ գրեթե ամեն տարի, ինչ Փաշինյանն ու ՔՊ-ն եկել են իշխանության, ծառայողական մեքենաների ձեռքբերման համար հատկացումներ են արվել, մեքենաներ են գնվել, հիմնականում՝ թանկարժեք: Ու այդ «ոսկե գետակը» ոչ միայն չի սմքում, այլև գնալով ավելի է վարարում:

Իրենք՝ փաշինյանենք հայտարարում էին, թե՝ ծառայողական մեքենաների թիվը նկատելիորեն կրճատվել է, անգամ տոկոսներ էին նշում (հնչել է 40 տոկոս թիվ), սակայն լրատվամիջոցները արագորեն բացահայտել են նաև այդ ստերը: Հանրագումարում պարզվում է, որ գոնե մի երկու տարի առաջվա դրությամբ ծառայողական մեքենաների թվաքանակը գործնականում գրեթե նույնն է մնացել, ինչ «նախկինների» ժամանակ, նույնիսկ մի քանի միավորով ավելացել է:

 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Երբեք չեմ մոռանա մի աննշան դրվագ, որ կատարվեց մոտ 15-20 տարի առաջ: Տղայիս հետ գնում էինք Շիլաչի շուկա, երբ ճանապարհի ոսկու խանութից (դատարանի կողքի. հիմա չգիտեմ՝ կա՞, թե՞ ոչ) աղմուկ լսեցինք: Երեխայի ձայն էր, դրա համար մտանք, որ տեսնենք թե ինչ է եղել: 5-6 տարեկան գյուղացի տղա էր. լացելով մորը համոզում էր, որ իր համար հաստ ոսկե շղթա գնի: Եվ համոզեց…
    Մեր չտես, անզուսպ իշխանավորներն այդ գյուղացի տղան են, մեր տհաս, անկիրթ հասարակությունը՝ իր մայրը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031