Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ներքին լարվածությունը եւ մեր ակնկալիքները

Հուլիս 16,2024 10:00

Թրամփի վրա մահափորձի հետ կապված կան շատ վարկածներ: Ընդհուպ մինչեւ՝ նա ինքն է իր ականջը վնասել, իսկ կրակոցը դրա հետ կապ չուներ: Այս աշխարհում, որտեղ ոչ ոք ոչ մի բանի չի հավատում, կարելի է, իհարկե, բստրել ցանկացած անհեթեթություն: Բնականաբար, չեմ պատրաստվում վարկածներ առաջարկել եւ գրեմ միայն այն բաների մասին, որոնք, իմ կարծիքով, ակներեւ են:

Մահափորձը, անկախ նրանից, թե արդյոք դրա հետեւում ինչ-որ մի ուժ է կանգնած, թե դա ոչ ադեկվատ երիտասարդի անձնական նախաձեռնությունն էր, խոսում է ԱՄՆ-ում սրվող ներքաղաքական իրավիճակի մասին: Բնականաբար, ցանկացած ժողովրդավարական երկրում նման բան տեղի է ունենում նախընտրական ամիսներին: Բայց հասարակության այն բեւեռացումը, որը հիմա նկատվում է Միացյալ Նահանգներում, իմ ընկալմամբ, աննախադեպ է՝ ընտրողները պետք է կողմնորոշվեն ներքին քաղաքականությանը վերաբերող չափազանց սկզբունքային հարցերում:

Ընտրությունը շա՜տ հեռուն գնացած ձախակողմյան ծայրահեղ ազատականության եւ ամերիկյան ավանդական պահպանողականության մեջ է: Իշխանափոխության դեպքում, ի տարբերություն վարչակազմերի նախորդ փոփոխությունների, էապես «թարմացվելու» է ամբողջ վերնախավը եւ զգալիորեն նաեւ՝ բյուրոկրատիան: Խաղադրույքներն, այսպիսով, շատ բարձր են, ինչով եւ պայմանավորված է լարվածությունը:

Ինչպե՞ս է դա անդրադառնալու Հայաստանի վրա: Բովանդակային առումով՝ ոչ մի կերպ: Ուրիշ հարց, որ Ադրբեջանը կարող է օգտվել ԱՄՆ-ի ու աշխարհի անկայուն վիճակից եւ նորից մեզ վրա հարձակվել, ինչպես որ դա արեց 4 տարի առաջ՝ Թրամփ – Բայդեն նախորդ դիմակայության ժամանակ:

ԱՄՆ-ի բուն քաղաքականությունը Հարավային Կովկասում կախված չէ նախագահի անձից: Թե՛ Բայդենի եւ թե՛ Թրամփի վարչակազմերը կշարունակեն իրենց քայլերը՝ Հայաստանին Ռուսաստանից հնարավորինս կտրելու ուղղությամբ եւ կծախսեն դրա համար որոշակի գումարներ: Բայց քանի որ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանից բավականին հեռու է, ենթադրվում է, որ հարցի «մենեջմենթով» զբաղվելու է Թուրքիան, եւ շատ հնարավոր է, որ դա, ի վերջո, ինչ-որ ձեւով համաձայնեցվի Ռուսաստանի հետ, որը դրանից կստանա ինչ-ինչ տնտեսական ու քաղաքական օգուտներ:

Սա ո՛չ մեղադրանք է, ո՛չ էլ նույնիսկ կշտամբանք որեւէ մեկի հասցեին: Սա իմ պատկերացրած ամենահնարավոր սցենարի պարզ շարադրանքն է: Եվ դրա մասին ես գրում եմ հետեւյալ համատեքստում. ինձ թվում է, սխալվում են այն հայրենակիցները, որոնք ասում են կամ գրում են՝ «Ա՛յ, որ Բայդենը մնա, փրկված ենք», կամ՝ «Ա՛յ, որ Թրամփը գա, կրելու ենք»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ճիշդ: Ծայրէ ի ծայր:

    Տպաւորիչ է յատկապէս թէ որքան լաւ հասկցած էք ԱՄՆի ներքին, լուրջ խնդիրը, էական բեւեռացումը:

    Կար ժամանակ, երբ «ուրախութեամբ» է որ կը նկատէի ԱՄՆի վատ վիճակը: Հիմա, կ’ափսոսամ: Որովհետեւ իրապէս լաւ ժողովուրդ մըն է, ամերիկացի ժողովուրդի «խոնարհ» դասակարգը, բոլոր նահանգներուն մէջ – խօսում ենք 330 միլիոն բնակչութեան մը զանգուածային մեծամասնութեան մասին – : Այո, յաճախ հակում ունիմ բիրտ լինելու, սակայն խորքին մէջ՝ բարի են:

    Լաւ բան չէ, որ այդպիսի երկիր մը տկարանայ, համաշխարհային առումով: Մինչ, իր արտակարգ ուժն ու անսահման կարողութիւնները կրնայ գործածել շատ լաւ բաներ կատարելու համար, ի շահ Մարդկութեան:

    Կը ցաւիմ որ Հայաստանը այլընտրանք չունի, կարենալ ազատելու համար Ռուսաստանից: Բացի անշուշտ եթէ հիմա էլ անցնի Թուրքիոյ լուծին տակ…

    Դարերէ ի վեր, չկարողացանք դուրս գալ այս դժոխային մամլակից: Կը կարողանայինք, եթէ 2017-18ին չստիպուէինք նահանջել Արեւմտեան Հայաստանի ազատագրուած տարածքներից:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Ալֆրեդ says:

    Կարծում եմ,ԱՄՆ նախագահական ընտրությունները ոչ մի կապ չունեն Ադրբեջանի Հայաստանի վրա հարձակման հետ։ Մինչև 20 թվի պատերազմը ԱՄՆում 6_7 ընտրություն է եղել նախագահական,բայց ոչ մեկի ժամանակ հայ ադրբեջանական պատերազմ չի եղել։Շան գլուխը ուրիշ տեղ է թաղված։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031