Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչելով հայոց ցեղասպանությունը եւ քրեականացնելով դրա ժխտումը, Ֆրանսիան չորս միլիարդ դոլարի ռազմական պատվեր է կորցրել Թուրքիայից. Մհեր Շահգելդյանը՝ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների, առաջիկա զարգացումների մասին

Հուլիս 15,2024 23:13

Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունները բավական յուրահատուկ իրավիճակ են ստեղծել այդ երկրի համար. այս կարծիքին է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Մհեր Շահգելդյանը:

Հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը չունի մեծամասնություն. ծայրահեղ ձախ «Նոր Ժողովրդական ճակատը» ստացել է 174 մանդատ, նախագահ Մակրոնի՝ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան երկրորդ տեղում է՝ 156 մանդատով, իսկ ծայրահեղ աջ հայացքներ կրող Մարի լը Պենի «Ազգային միությունը»՝ 143 մանդատ է ստացել: Նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի Հանրապետական կուսակցությունը և նրա դաշնակիցները, ստացել են 66 մանդատ, մյուս քաղաքական ուժերը՝ 38։

«Այս անկայությունը, Ֆրանսիայի համար վտանգավոր չէ». Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունները եւ դրանց առանձնահատկությունները

Aravot.am-ի հետ զրույցում, վերլուծելով Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Մհեր Շահգելդյանը նկատեց, որ նախագահն ու խորհրդարանը հայտնվելու են համակեցության մեջ, բայց սա նոր իրողություն չէ Ֆրանսիայի համար: Այդ երկրում մի քանի անգամ եղել է իրավիճակ, երբ նախագահը եւ խորհրդարանական ընտրությունների հիման վրա ձեւավորված կառավարությունը եւ, մասնավորապես, վարչապետը, եղել են տարբեր կուսակցություններից։ Նման իրավիճակներ եղել են նախագահ Ֆրանսուա Միտերանի եւ վարչապետ Ժակ Շիրակի կառավարման օրոք, ապա՝ նախագահ Ժակ Շիրակի եւ վարչապետ Լեոնել Ժոսպենի կառավարման օրոք։

«Բայց, այստեղ յուրահատկությունն այն է, որ այդ ժամանակահատվածում խորհրդարանում եղել է մեծամասնություն։ Ներկայիս իրավիճակի քաղաքական յուրահատկություններից մեկն էլ այն է, որ զուտ քաղաքական-կուսակցական տեսանկյունից, այդ միավորներն իրենք դաշինքներ են։ Այսինքն, երեք խոշոր կենտրոններ, որոնք առանձին միավորներ չեն, դաշինքներ են. բացի իրար հետ հստակեցնելուց եւ նախագահ Մակրոնի հետ համաձայնության գալուց, նրանք նախ պետք է համաձայնության հասնեն իրար մեջ։ Մասնավորապես, ձախ կենտրոնում երկու խոշոր ուժեր կան՝ «Չենթարկված Ֆրանսիային» եւ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը։ Այս երկու քաղաքական ուժերն ունեն հավասար ձայներ, ուղղակի «Չենթարկված Ֆրանսայի» նախագահը՝ Ժան Լյուկ Մելանշոնը, առավել հայտնի, առավել հետաքրքիր գործիչներից մեկն է եւ այս տեսանկյունից, նա միանշանակ կենտրոնական դեմք է համարվում, լիդեր է, բայց վարչապետի պաշտոնի հայտ չի ներկայացնում։ Այս երկու կուսակցություններում դեռ պետք է գտնեն այն մարդուն, ում կառաջադրեն վարչապետի թեկնածու։

Ի դեպ, երկու ամիս առաջ Մելանշոնն այցելել էր Հայաստան։

Աջ քաղաքական ուժերի շրջանում միանշանակ լիդեր է Մարի լը Պենը, ով նույնպես չի հավակնում վարչապետի պաշտոնի: Այդ միավորումը հայտարարել է, որ նման հավակնություն կունենան, երբ բացարձակ մեծամասնություն ունենան։ Եվ հաջորդ հիմնական ուժը՝ Մակրոնի ղեկավարած  կուսակցությունը եւ դաշինքն է, որը դեռ կառավարում է»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս անկայությունը, Ֆրանսիայի համար վտանգավոր չէ, քանի որ Ֆրանսիան կիսանախագահական երկիր է եւ, ըստ էության, նախագահը, որպես գործադիր իշխանության մի ճյուղի ղեկավար եւ պետության գլուխ, լիարժեքորեն կարող է ու իրականացնելու է արտաքին եւ ռազմական քաղաքականությունը, ինչպես եղել է բոլոր համակեցությունների դեպքում։

Ֆրանսիայի նոր քաղաքական իրավիճակը եւ արտաքին գործակցությունները. Ուկրաինա, ՌԴ՝ ի՞նչ սպասել

«Ֆրանսիայի զգային անվտանգության կարեւոր բաղադրիչը՝ դիվանագիտական, ռազմական եւ հետախուզական բաղկացուցիչը, ոչ մի խնդիր չի ունենալու այդ իրավիճակի արդյունքում։ Իմանալով Մակրոնի ներգրավվածությունը արտաքին քաղաքականության մեջ, հասկանալի է, որ ինքն այդ գիծը տանելու է շատ հստակ։ Բայց, բնականաբար, արտաքին քաղաքականության մեջ կլինեն որոշակի միտումներ, որոնցից կարեւորագույնը Ուկրաինային զենքով աջակցելու հարցն է եւ ՌԴ-ի հետ հետագա հարաբերությունները: Մեկ բավական ուշագրավ կետ կա․ եւ ձախերը, եւ աջերը, մինչ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկսվելը, բարի-դրացիական վերաբերմունք ունեին ՌԴ-ի հետ՝ տարբեր տեսանկյուններից ելնելով։

Հիմա, ես կարծում եմ, որ Ֆրանսիայում նոր կառավարության ձեւավորումը, Ուկրաինային ռազմական աջակցության վրա այս կամ այն կերպ կազդի․ ոչ թե կդադարեցնեն աջակցությունը, այլ դա կազդի զենքի քանակի, տրամադրման պատրաստակամության վրա։ Բայց, մինչեւ 2027 թվականը, Էմանուել Մակրոնը մնալու է նախագահ եւ այս տեսանկյունից, նա առաջ է տանելու արտաքին քաղաքականությունը, իհարկե, ստիպված լինելով խորհրդարանում համաձայնության գալով քաղաքական ուժերի հետ։ Ինչով՞ է սա հետաքրքիր մեզ՝ հայերիս. նրանով, որ ռուս-ուկրաինական պատերազմը ազդում է ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի վրա»,- ասաց Մհեր Շահգելդյանը:

Ֆրանսիական «կոշտությունը» եւ թուրքական էքսպանսիան

Հաջորդ խնդիրը, որը կարեւորում է մեր զրուցակիցը, աջերի՝ ավանդականորեն, շատ ավելի կոշտ վերաբերմունքն է թուրքական էքսպանսիայի նկատմամբ՝ Միջերկրական ծովում. «Մակրոնը նույնպես այդ կոշտությունը ցուցաբերում էր, բայց աջերի ազդեցությունը, որը կտրուկ աճել է, մոտ 70 տոկոսով նրանց ձայներն ավելացել են, ավելի են կոշտացնելու դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ավելի են կոշտացնելու նաեւ դիրքորոշումը ներգաղթի նկատմամբ, իսկ մենք գիտենք, որ եվրոպական երկրներում մեծ քանակի է հասել Թուրքիայից ներգաղթը։ Ֆրանսիայում, նույնպես։ Օրինակ, Ֆրանսիայում կային քաղաքներ, որտեղ կար հայկական համայնք, չկար թուրքական համայն, այդ քաղաքներում այսօր ներգաղթյալների քանակը հավասարվում է։ Նման քաղաքները մեկը-երկուսը չեն եւ բնական է, որ տեղական մարմինների մակարդակով համագործակցությունների վրա արդեն ազդեցություն է գործելու։ Իսկ եվրոպական երկրներում, ՏԻՄ-ի մակարդակով համագործակցությունները, այդ թվում նաեւ ապակենտրոնացված՝ քույր-եղբայր քաղաքներ, աջակցություն մարզերին, բավական մեծ նշանակություն ունի։ Չմոռանանք, որ շատ ֆրանսիական համայնքներ, ժամանակին եղբայրացման պայմանագրեր ստորագրեցին Արցախի համայնքների հետ․ սա միջազգային հարաբերություններում նոր խոսք էր»։

Մհեր Շահգելդյանը, մեզ համար, ոչ պակաս էական է համարում, Ֆրանսիական քաղաքականության ակտիվացումը Մերձավոր արեւելքում, այդ թվում արեւելյան քրիստոնյա ազգերի շահերի պաշտպանության տեսանկյունից. «Այդպիսի կիզակետերից մեկը մեզ համար Լիբանանն է։ Վերջերս քիչ ենք խոսում Լիբանանի հայության մասին, բայց Լիբանանի հայ համայնքը մեր ամենահզոր համայնքներից մեկն է եղել։ Ցավոք, մարոնիտների հետ միաժամանակ այնտեղից արտագաղթ կա։ Ֆրանսիական քաղաքականության ակտիվացումը Լիբանանում, ես կարծում եմ, ավելի կբալանսավորի իրավիճակը, թույլ կտա երկիրը զարգացնել, մեր համայնքին հնարավորություն կտա մի քիչ ավելի ամրացնել պետական դիրքերը»։

Լուրջ մրցակցություն Ֆրանսիայի նախագահական ընտրություններում. ո՞վ կհաղթի 2027-ին

Ավելի երկարաժամկետ հատվածի համար իր վերլուծություններում, մեր զրուցակիցը համարում է, որ այսօր մի քանի խոշորագույն քաղաքական գործիչներ, այդ թվում եւ Մարի լը Պենը, եւ Մելանշոնը, այսինքն, երկու ծայրագույն դիրքորոշումներ ունեցող ուժերի առաջնորդներ, նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կուսակցությունը՝ Հանրապետականը, որոնք պահպանում են իրենց ազդեցությունը, իրենց մոտեցումները՝ Ֆրանսիական քաղաքական դաշտում, պատրաստվելու են 2027 թվականի նախագահական ընտրություններին։

«Խնդիրը հետեւյալն է. արդյոք ձախ ուժերը կկարողանա՞ն միասնական հանդես գալ: Միգուցե համաձայնություն կլինի, սոցիալիստներին հնարավորություն կտրվի հիմա կառավարություն կազմել, իսկ հետագայում նրանք կարող են նաեւ պաշտպանել Մելանշոնին։ Իրավիճակը բավական հետաքրքիր է լինելու եւ 2027-ին արդեն լուրջ մրցակցություն կտեսնենք։ Այն քաղաքական ուժը, որը այսօր կձեւավորի կառավարություն, մի կողմից կունենա հնարավորություն, մյուս կողմից, կանգնելու է մի իրավիճակի առջեւ, երբ ռիսկերը բավական լուրջ կլինեն։ Այսինքն, 2024-27 թվականը բավական քիչ ժամանակ կա եւ այն քաղաքական ուժը, խոսքը ձախ ուժերի մասին է, որը կստանձնի երկրի կառավարումը, հաջողության դեպքում, իհարկե ավելացնելու է իր հաղթելու հնարավորությունը, մյուս կողմից, ցանկացած քայլ, քննադատության արժանի դիրքորոշում, որը հավանության չի արժանանա հասարակության կողմից, կբերի դժգոհությունների՝ թուլացնելով դիրքերը։ Բավական ռիսկային իրավիճակ է ստեղծվում, բայց, որքան ես եմ հասկանում, ձախ ուժերը պատրաստ են դրան գնալու, նրանք ունեն մոտեցումներ՝ սոցիակական բարեփոխումների քաղաքականության միջոցով:

Օրինակ, կենսաթոշակային տարիքը մինչեւ 60 իջեցնելու քայլը, որը կարող է ընկալելի լինել ֆրանսիական հասարակության մի հատվածի համար։ Բայց, զուգահեռաբար, անհրաժեշտ է լինելու, որ սոցիալական բարեկեցությունն ավելանա։ Կա նաեւ հասարակության մի հատված, որն աջերին է ձայն տվել, ընդ որում, դա միջին խավն է, որոնք հարց են բարձրացնում՝ թոշակի տարիքը բարձրացրեցինք, իսկ ինչո՞վ եւ ինչպե՞ս ենք վճարելու։ Ֆրանսիայում դեմոգրաֆիական աճի հարց կա նաեւ. մոտ 8-9 տարի առաջ, հասարակության աճը 2,1 էր, ընդ որում դա միայն ներգաղթյալների հաշվի չէ, այլ նաեւ բնական աճի, քանի որ սոցիալական պաշտպանության հնարավորությունները մեծ էին եւ կանայք, երեխա ունենալուց հետո, մեծ հնարավորություններ էին ունենում։ Հիմա, վերջին տարիներին, սոցիալական ապահովության մեխանիզմները սկսել են պակասել եւ մարդիկ բնականաբար հետաքրքրվում են՝ իսկ ինչպե՞ս պետք է կարգավորվեն այդ հարցերը։ Սոցիալական բարեփոխումները, որոնք ժողովրդահաճո են լինելու, մի մասի մոտ կարող են քննադատություն առաջացնել։

Այսօրվա իրավիճակներում մենք պետք է կարողանանք պատկերացնել ապագա նախագահական ընտրություններում հաղթողին: Իմ խորին համոզմամբ, հայ-ֆրանսիական հարաբերությունները մնալու են ջերմ եւ շարունակելու են զարգանալ, սակայն, կան ուղղություններ, որոնք մենք պետք է կարողանանք տեսնել, հասկանալ, վերլուծել եւ պլանավորել. ի վերջո, այս տարածաշրջանը մեծ վտանգեր է պարունակում մեզ համար, հատկապես այնպիսի ղեկավարների դեպքում, ինչպիսիք Ալիեւն ու Էրդողանն են»,- ասաց Մհեր Շահգելդյանը։

Զենքը եւ պատերազմը, դա երկաթն է. հայ-ֆրանսիական հարաբերությունները, ռազմական համագործակցության հնարավորությունները

«Ըստ իս, ինչպիսին եղել է քաղաքական ուժերի դասավորվածությունը եւ ինչպիսին կառավարություն էլ ձեւավորվի, հայ-ֆրանսիական հարաբերությունները կշարունակեն գնալ այն ուղով, ինչպիսին եղել են վերջին տասնամյակների ընթացքում, քանի որ այդ հարաբերությունները ունեն երերք հիմք։ Առաջինն արժեքային մոտեցումներն են․ Ֆրանսիան ավանդականորեն աջակցել է եւ հայ ժողովրդին, եւ արեւելյան քրիստոնյա ժողովուրդներին։ Երկրորդը՝ հայկական Սփյուռքի առկայությունն է։ Իսկ երրորդը՝ պատմական-ավանդական հարաբերություններն են, որոնք գալիս են միջնադարից։ Այս տեսանկյունից, հիմնական քաղաքական ուժերի՝ լինի ձախ, «Նոր ժողովրդական ճակատը», լինի աջ ազգային համախմբումը, թե կենտրոնամետ «Միասին» դաշինքը, հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգանալու են: Բայց կան որոշակի տարբերություններ եւ դրանք վերաբերվում են նրան, թե իշխանությունը, դիցուք, ինչպես կվերաբերվի Թուրքիային։ Իսկ մի շարք դեպքերում, Ֆրանսիան ցուցաբերում է կոշտ դիրքորոշում թուրքական արտաքին էքսպանսիոնիստական եւ ագրեսիվ քաղաքականությունը արգելափակելու համար։ Դա Կիպրոսի զավթման ժամանակ դրսեւորվեց: Այսօր էլ, Ֆրանսիան իր դիվանագիտական ջանքերն է ներդնում՝ արգելափակելու համար թուրքական եւ ադրբեջանական հակահայկական քաղաքականությունը»,- ասաց մեր զրուցակիցը։

Հայ-ֆրանսիական հարաբերությունների հաջորդ կարեւոր կետը՝ տնտեսական փոխգործակցություններն են, որտեղ մեր զրուցակիցը Հայաստանի հնարավորությունները բավական համեստ է որակում. «Ֆրանսիայում ցանկացած կառավարության ձեւավորման պարագայում, թե մեր պետության, թե համայնքի ուժերը պետք է ներդրվեն՝ այս հարաբերությունները զարգացնելու վրա: Հայաստանը փոքր տնտեսություն ունի եւ, բնականաբար, բիզնեսի համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: Սակայն, համագործակցության այն մակարդակը, որ մենք ունենք, մեզ թույլ է տալիս՝ այս դաշտում ավելի ակտիվ խաղալ»:

Դիտարկմանը՝ վերջին շրջանում ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունների մասին հայտարարություններ եղան, դրանք իրականության մեջ ի՞նչ արտացոլումներ կստանան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այստեղ կա, իհարկե, քաղաքական կամք՝ նաեւ ֆրանսիական կողմից, այդ համագործակցությունը ընդլայնելու, բարելավվելու. դա բացահայտ երեւում է: Միաժամանակ, ֆրանսիական բիզնեսն այս տեսանկյանուից շատ ավելի զգույշ է: Ֆրանսիայի ռազաարդյունաբերական համալիրն աշխարհում լավագույններից է: Վերջին 10-15 տարիների ընթացքում էլ ավելացնում է իր շրջանառությունը. ոչ միայն լիովին ապահովում է Ֆրանսիային՝ զենքի բոլոր տեսակներով, այդ թվում նաեւ միջուկային զենքի, այլեւ մեծ չափով արտահանում է իրականացնում: Ռուս-ուկրաինական ռազմական կոֆլիկտի պայմաններում, Ֆրանսիան, ըստ էության, զենք արտահանող երկրորդ երկիրն է: Բայց, պետք է հասկանանք, որ սա բիզնես է, իհարկե, պետության գործունեությամբ մեծապես պայմանավորված, բայց, բիզնես է: Ֆրանսիան, արդեն մեկ-երկու անգամ կորցրել է այդ ոլորտում Թուրքիայի հետ իր պայմանագրերը՝ ճանաչելով հայոց ցեղասպանությունը եւ քրեականացնելով ժխտումը՝ կորցնելով մոտ չորս միլիարդ դոլարի ռազմական պատվերներ:

Բայց, ֆրանսիացիները գնում են դրան, որովհետեւ համարում են, որ արժեքները շատ ավելի կարեւոր են: Իսկ համագործակցությունն արդեն մասնագիտական հաշվարկի դաշտում է՝ ելնելով նաեւ մեր ռազմաարդյունաբերական պոտենցյալից: Ես կարծում եմ, որ հեշտ չի լինի: Խորհրդային տարիներին Հայաստանի արդյունաբերական պոտենցյալը շատ մեծ էր, բայց դա արդեն հնացած է: Բայց կան կադրեր, որոնք միգուցե կկարողանան՝ վերապատրաստումների դեպքում: Բացի ներդրումներից, բացի տեխնոլոգիաներից, նաեւ կադրերի բանկն է կարեւոր: Ենթադրում եմ, որ Հայաստանում կարող է բավարար չափով զարգանալ էլեկտրոնիկան, որը ինտելեկտուալ ոլորտ է՝ ծրագրավորման խնդիրներ, կառավարում եւ այլն, բայց զենքը եւ պատերազմը, դա երկաթն է: Մեզ համար կարեւորագույն ուղղություններից մեկն էլ կարող է լինել ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի զարգացումը, որը հետագայում կարող է դրվել անօդաչու թռչող սարքերի, մարդկանց կողմից չկառավարվող մեքենաների եւ այլ ոլորտներում, քանի որ հաջորդ պատերազմները արհեստական ինտելեկտի միջոցով է լինելու: Մնացածը՝ ժամանակը ցույց կտա»:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031