Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հավաքն էր սուրբ Աննա եկեղեցու բակում:
ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը խոսեց Հայաստան-սփյուռք ներկայիս հարաբերությունների մասին. «Շատերը հպարտացել են Հայաստան-սփյուռք-Արցախ եռամիասնությամբ, այդ եռամիասնությունից մնացել է տկար, թույլ մի անկյուն՝ Հայաստան: Իրականացվում է ծրագիր: Ինչքան էլ փորձենք ասել՝ չեն հասկանում, տգետ են, տեղյակ չեն՝ մի հավատացեք, այստեղ կա հստակ ծրագիր:
Թուրքիայում նախկին ԱԳ նախարար կար՝ Դավութօղլուն: Այս ճարտարապետության մեջ առանցքային նշանակություն է ունեցել սփյուռքի գործոնը: Այդ մարդը կազմել է պարզ նախադասություն՝ «Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման համար Թուրքիային խանգարում է հայկական սփյուռքը», հետեւաբար, նաեւ այսօրվա իշխանությունների ձեռամբ այդ հսկայական, հպարտանալու գործոնը պետք է վերացվի կամ չեզոքացվի: Քանի որ այս վարչակարգը հրաշալի կատարում է օտարների պահանջները՝ լինի դա վախի տակ, գիտակցված, իսկ դա իմ խորին համոզմամբ գիտակցված է, վարում է հակահայ, հակասփյուռքյան քաղաքականություն: Կատարել է դերաբաշխում՝ դուք արեք ձեր գործը, մենք կանենք մեր գործը: Չխառնվե՛ք, թե մենք ինչ քաղաքականություն ենք վարում, չմիջամտե՛ք, չքննադատեք, մոտ անգամ չգաք, եթե չեք ընդունում մեր խաղի կանոնները, դուք մնացեք ձեր ցեղասպանության հետ միասին, գնացեք, ոնց 100 տարի պաշտպանել եք Հայ դատը, ընդվզել եք, պայքարել եք, ոնց որ դա ձեզ մոտ լավ է ստացվում, գնացեք եւ մեզ մի խառնեք դրա հետ: Սա ամենավտանգավորն է, նոր բաժանարար գծեր ստեղծելու ճանապարհն է»:
Նա հիշեցրեց, թե 2018-ին ներկայիս վարչախումբն ինչպես եկավ իշխանության ու սփռյուռքյան համայնքները ինչ խանդավառությամբ ընդունեցին դա, ինչպես էին դիմավորում օրվա վարչապետին, որը ժամանակին քայլում էր փողոցներով, կառավարության շենքը ասում էր՝ իրենցն է, իրենց է պատկանում.
Կարդացեք նաև
«Երկու օր առաջ 32 ավտոմեքենա ուղեկցել են այս անձնավորությանը: Այդ սուտը, որ մենք գալիս ենք փոխելու սփյուռքի հետ օրակարգը, մենք գալիս ենք բարձրացնելու Հայաստան-սփյուռք օրակարգը, խորացնելու սփյուռքի հետ հարաբերությունը, ոչ մեկին պետք չեկող սփյուռքի նախարարությունը պետք է փակվի, շատ ավելի հնչեղ անուններ կան՝ բարձրագույն հանձնակատար՝ սփյուռքի գրասենյակ, որը շատ ավելի սերտ պիտի աշխատի սփյուռքի հետ…Բերեցին այդ կառույցում կարգեցին սփյուռքից բացարձակապես գաղափար չունեցող, կապ չունեցող մի անձ: Իր պատկերացմամբ ինքը գիտի սփյուռքը խորքից, տիրապետում է ամեն ինչ, այո՛, տիրապետում է սփյուռքը պառակտելու արվեստին, բոլոր հնարավոր միջոցներին: Ապրելով այնտեղ, հրաշալի տիրապետելով այն նուրբ թելերին, որ կապում է մարդկանց, կառույցները իրար, դրանք կտրելու, ջարդուփշուր անելու արվեստին, այո, հրաշալի տիրապետում է»:
Վահագն Մելիքյանը հայտարարեց, «Իշխանափոխությունը հայ ժողովրդի միակ փրկության ճանապարհն է»:
Նա նաեւ քայլեր մատնանշեց, թե ինչ պետք է արվի՝ իրավիճակը փոխելու համար. «Նախ պետք է վերականգնենք փոխադարձ վստահությունը սփյուռքի մեր հայրենակիցների հետ: Հաջորդը՝ սփյուռքի հետ աշխատանքը երբեք չի կարող լինել ինքնանպատակ, աշխատանքը պետք է ունենա հստակ նպատակ եւ գործողությունների ծրագիր: Վստահեցնում եմ՝ այդ ծրագիրն էլ կա, նպատակն էլ կա: Մենք պետք է առաջ քաշենք փոխադարձ պատասխանատվության սկզբունքը: Սփյուռքի ներուժի մասին շատ է խոսվել, բայց մենք նույնիսկ չենք կարողացել ճիշտ օգտագործել սփյուռքի ներուժը, շատ դեպքերում սխալ ենք օգտագործել, եղել է ընտրովի, խտրական մոտեցում: Երբ ասում եմ ներուժ, դուք պատկերացնում եք ֆինանսները, բայց ֆինանսը ամենավերջին տեղում է, կա հզոր ներուժ, դա մեր ուղեղն է: Պետք է ծրագիր ունենանք սփյուռքի ներուժի համակարգված օգտագործման համար, սա կենսական նշանակություն ունի ՀՀ-ի համար, մեր ազգային անվտանգության խնդիրն է դա: Պետք է նույնականացվեն, սինխրոնացվեն Հայաստանի եւ սփյուռքի օրակարգերը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ