Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցների հետ հանդիպմանը հայտարարեց. «Հայաստանում գտնվող բանկերը մերժել են մեզ հաշիվ բացել՝ պարզ հիմնադրամ ստեղծելու համար: Ես ասում եմ՝ բա լավ, ընդդիմադիր կուսակցությունները ինչպե՞ս են բացել այդ հաշիվները, բա էդ մարդկանց ինչի՞ չեն արգելել:
Պարզ հաշիվ բացես, նյութական միջոցները թափանցիկ երեւան, եթե տեռորիզմի, թրաֆիքինգի վրա չես ծախսում այդ գումարները, կամ ուրիշ բաների վրա, որոնք անընդունելի են, եթե գործունեությունդ ընկալելի է, ընդունելի է, հաշիվ ինչի՞ չես բացում: Անկախ միավոր բանկը՝ դրամատունը վախենում է»:
Նա դիմեց քաղաքական կուսակցություններին. «Դուք հաշիվներ չունե՞ք: Բանկը ինչի՞ց կարող է վախենալ: Հետո կխոսեմ, կհամաձայնեցնեմ, անուններն էլ կասեմ: Դուք կոչված եք հանրությանը ծառայելու, դուք միջոց եք, այդքան բան, ավելին չեք: Բայց վախենում են: Փոխարեն ուրիշները վախենան բանկերից, իրենք են վախենում: Այ սա է մեր երկրում տրամաբանությունը, որ պետք է գլխից վերեւ փոխվի»:
Բագրատ սրբազանը տեղեկացրեց, որ ի վերջո իրենց հաջողվել է հաշիվ բացել բակերից մեկում: Հետո նա հայտարարեց, որ Փաշինյանին դատի է տալու. «Էս չարիքի դեմ դատական գործընթաց եմ սկսելու անձամբ: Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը զրպարտել ու ասել է՝ եպիսկոպոսը մոտեցել է հունիսի 12-ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղավարտները իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո գնացել է եւ քարերով հարվածելու գործընթաց է կազմակերպել նույն մարդը՝ այսինքն, ես: Սկզբում գնացել եմ ասել եմ՝ սաղավարտները հանեք, հետո գնացել եմ, ասել եմ՝ հիմա ջարդեք: Այս հայտարարությունն է արել խորհրդարանի ամբիոնից, նոր եմ իմացել՝ այսօր առավոտյան: Այդ ստախոս վախկոտ նեռը, որը Բեռլինից չգիտեմ մինչեւ ուր է ուզում հեծանիվ քշել, այդպիսի հայտարարություն է արել ու մենք հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թե՞ չէ, էդ ո՞ր դատավորն է, որ հանձն առնելու տանել այս գործը մինչեւ վերջ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ