Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի փաստաբաններ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը նախորդ օրը հանդես էին եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ փորձագիտական եզրակացության համաձայն՝ Կարապետ Պողոսյանի կողմից ինքնակամ տրված նմուշներում հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել։
«Այսինքն, հիշյալ եզրակացությամբ նույնպես հաստատվել է Կարապետ Պողոսյանի կողմից հայտնած այն տվյալը, որ ինքը հոգեմետ նյութեր կամ թմրամիջոցներ չի օգտագործում:
Վերը նշված հանգամանքը, մեր կողմից սույն թվականի հունիսի 9-ին տարածված հայտարարության մեջ նշված փաստական տվյալների համատեքստում, ևս վկայում է Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և դեռևս իրականացվող քրեական հետապնդման անհիմն լինելու մասին:
Իրադարձությունների հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել էին նրա պաշտպանները:
Կարդացեք նաև
Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը վկայությունն է այն փաստի, որ իր ամուսնուն կալանավորել են ապօրինի, քաղաքական հայացքների համար և որ 6 տարի է՝ տարբեր առիթներ էին փնտրում նրան բանտարկելու։
Անգին Մալխասյանը նաև տեղեկացրեց, որ Կարապետը ինքն էր պահանջել իրենից փորձանմուշ վերցնելու, ու մեկ ամիս անց եկել է եզրակացությունը։
«Առանց ճշտելու, պարզելու, թե մեքենայի մեջ ում դեղերն էին, մեղադրանք էին առաջադրում, պաշտոնական հայտարարություններ էին հնչեցնում, փորձում Կարապետի անվան հետ խաղալ։
Ստացվե՞ց, բնականաբար՝ ոչ, ամոթ է նման գործելաոճը, առաջին հերթին հենց իրենց է խայտառակում։
Հարցում կատարեցին պոլիկլինիկա, ճշտեցին, որ մեքենայի մեջ սկեսրոջս դեղերն են եղել, նա հիվանդ է, մի՞թե չէին կարող այս ամենն ավելի վաղ պարզել, իհարկե, կարող էին, բայց երևի իրենց տվյալ պահին պետք էր Կարապետին վարկաբեկել, մեկուսացնել։
Մինչև օրս ամուսնուս թե՛ հեռախոսը, թե՛ մեքենան, թե՛ անձնագիրը, թե՛ ոսկյա շղթան՝ խաչով, և թե՛ սկեսրոջս թոշակի քարտն առգրավված են։ Մեքենայի մեջ, ինչ եղել է, առգրավվել են։
Փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո եկան ու Կարապետին տնից նորից տարան Գեղարքունիքի մարզ, հեռախոսն էին իր ներկայությամբ զննել, ամեն ինչ նորմալ է եղել։
Վերջը ո՞վ պիտի պատասխան տա, որ 25 օր ապօրինի կալանավորել է, հիմա էլ տնային կալանքի մեջ է։ Ո՞վ պետք է պատասխան տա մեր հոգեապրումների համար, սկեսրոջս առողջականը կտրուկ վատացել էր, մինչև օրս էլ նա լավ չի զգում այդ հոգեապրումներից»,- ասաց Անգին Մալխասյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի ժամանակ ձերբակալել, ապա 25 օրով կալանավորել էին գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։
Այժմ փոխվել է նրա խափանման միջոցը է․ 25 օրյա կալանքից հետո նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ երկարացնելու կալանքի ժամկետը, սակայն փաստաբանների միջնորդությամբ դատարանը փոխել է խափանման միջոցը՝ երկամյսա տնային կալանք սահմանելով ու 2 միլիոն դրամ բռնագանձելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ