Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. Ամուսինները Բեռլինի ստադիոնից իրենց լայվերով ուզում են ասել՝ դուք բոլորդ հեռուստացույցո՞վ եք այս ֆուտբոլը դիտում, իսկ մենք կյանքը այսպես ենք վայելում

Հուլիս 15,2024 17:38

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների շարքում առանձնացրեց Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանը այցը Բեռլին՝ Եվրոպայի առաջնության եզրափակչի Իսպանիա-Անգլիա հանդիպումը դիտելու:

«Բացի Իսպանիայի թագավորից եւ Միացյալ Թագավորության թագաժառանգից, որոնց երկրներն էին հանդես գալիս Եվրո 2024-ի եզրափակչում, աշխարհի ուրիշ ոչ մի երկրի ղեկավար երեկվա ֆուտբոլային հանդիպմանը ներկա չի եղել: Համենայն դեպս, որեւէ կադրում չկային եւ այդ մասին որեւէ տեղեկատվություն չկար: Անգամ Գերմանիայի Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, ոչ մի կադրում չի երեւում: Փաստորեն, այդ մարդը Բեռլինում չի գնացել այդ խաղը դիտելու, իսկ Նիկոլ Փաշինյանը ամբողջ ընտանիքով է գնացել:

Ես մի քանի բան ունեմ արձանագրած: Նախ, ցուցադրաբար, իբրեւ գնում են բոլորի հետ միասին՝ սովորական ավիաընկերության բյուջետային ինքնաթիռով: Բայց տեղ հասնելու լուսանկարներում երեւում են ՀՖՖ նախագահը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Այսինքն, նրանք էլ են այնտեղ, որոնք լուսանկարներում եւ տեսանյութում օդանավում չկան:

ՈՒԵՖԱ-ի կայքում Նիկոլ Փաշինյանի հետ ՈՒԵՖԱ-ի նախագահի հանդիպման մասին որեւէ տեղեկություն չկա: Այսինքն, ինքը իբրեւ գնացել է մասնավոր այցով: Ես հարցում եմ անելու: Այդ օդանավի տոմսերը իրենք իրենց անձնակա՞ն միջոցներով են գնել, թե՞ պետական միջոցներով: Եթե պետական միջոցներով են գնել, ուրեմն դա գործուղում է: Եթե դա գործուղում է, պիտի վարչապետի որոշում լինի գործուղման վերաբերյալ: Եթե մասնավոր այց է, ուրեմն տոմսերը իրենք պետք է գնած լինեին: Սա շատ կարեւոր է ՝ հասկանալու, թե իրենք ինչ նպատակով են գնացել: Կառավարության կայքում դրված է, որ ինքը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ: Բայց ՈՒԵՖԱ-ի կայքում նորությունների բաժնում նման բան չկա: Ինչպե՞ս կարող է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահը հանդիպի պետության ղեկավարի հետ ու դա այնքան անկարեւոր լինի, որ իրենց պաշտոնական կայքում որեւէ տեղեկություն չդնեն: Առավել եւս, որ  կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են ֆուտբոլի առաջնության հետ կապված հարցեր: Ստացվում է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահը այս առաջնության հետ կապված հարցերը քննարկում է Նիկոլ Փաշինյանի՞ հետ: Այդ դեպքում ինչո՞ւ ՈՒԵՖԱ-ի կայքում տեղեկատվություն չկա:

Ամուսինները Բեռլինի ստադիոնից իրենց լայվերով ուզում են ասել. շատ էլ, որ Կիրանցը, միջպետական ճանապարհը փակվել են, Արցախը, այդքան տարածք հանձնել են, այսքան մարդու մահվան պատճառ են հանդիսացել… Դուք բոլորդ հեռուստացույցո՞վ եք այս ֆուտբոլը դիտում, իսկ մենք կյանքը այսպես ենք վայելում եւ ձեզ ասելու բան չկա:

Ի դեպ, նրանք, ովքեր կերել են կուտը, թե իրենք Բեռլին գնացել են բյուջետային ինքնաթիռով, թող ինտերնետում փնտրեն, թե դրանց վերադարձի վերաբերյալ տեսանյութեր կա՞ն, թե ինչ ինքնաթիռով են վերադարձել: Շատ քիչ եմ հավանական համարում, որ հեծանվով հետ եկած լինեն: Ամենամեծ հավանականությունն այն է, որ պետական օդանավը գնացել է Բեռլին եւ իրենց հետ է բերել: Ես առավել քան համոզված եմ: Վերադարձի վերաբերյալ դեռ տեսանյութ չեն հրապարակել, որ նույն բյուջետային ընկերության ինքնաթիռով են հետ գալիս»,-արձանագրեց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031