Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները չեն տրամադրում սահմանային սյուների կոորդինատները, դատախազությունն էլ կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնիք

Հուլիս 15,2024 17:42

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Սկզբում փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել են, որ աշխատանքները շարունակվում են, իսկ հիմա չեն պատասխանում։

Ինչպես հայտնում է «Ազատությունը» «Գլխավոր դատախազությունը հրաժարվում է հայտնել՝ Կիրանցում սեփականության վկայականների տրամադրման հիմք դարձած կադաստրային քարտեզների անճշտությունները պարզելու նպատակով կառավարությունից գրություն ստացե՞լ է։

««Ազատության» գրավոր հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի նախկին անդամ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը մերժել է տեղեկության տրամադրումը՝ այն համարելով գաղտնիք պարունակող, այն դեպքում, երբ նույն հարցին մոտ մեկուկես ամիս առաջ պատասխանել էին՝ առանց որևէ պնդման, թե հարցը գաղտնիք է պարունակում։

Ընդ որում՝ այն ժամանակ ասել էին, թե կադաստրային քարտեզներում առկա անճշտությունները պարզելու հարցով կառավարությունից որևէ գրություն չեն ստացել:

«Եթե չեմ սխալվում, համապատասխան գրությունով կարծեմ դատախազությանն ուղարկվել է, որպեսզի պարզեն եղելությունն էդ քարտեզների հետ կապված», – ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Եթե գրություն ուղարկել-չուղարկելու հարցը գաղտնիք է, նշանակո՞ւմ է՝ արդյոք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հունիսի 3-ին խորհրդարանում նման հայտարարություն անելով օրենք է խախտել: Պատասխանը ստանալու համար դիմել ենք դատախազություն:

Կադաստրային քարտեզներում առկա անճշտությունների հարցով գլխավոր դատախազություն գրություն ուղարկվե՞լ է, թե՞ ոչ, փորձել ենք պարզել նաև կառավարությունից:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր հավաստիացրել, թե գրավոր հարցման դեպքում առավել հստակ կասեն: Հարությունյանին ուղղված մեր հարցը, սակայն, մնացել է անպատասխան, այն վերահասցեագրվել է Կադաստրի կոմիտե, որտեղից 5-րդ օրն է՝ արձագանք դեռ չկա».- հայտնում է «Ազատությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031