Համացանցում տարածվող տեսալսողական մեդիայում ատելության խոսքի վերահսկման, ինչպես նաև մեդիա կազմակերպությունների իրական շահառուների բացահայտման մասին քննարկման ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչները ցանկանում էին իմանալ, թե նոր օրենքի նախագիծը ինչպե՞ս կանդրադառնա գործող լրատվականների վրա և ինչպե՞ս «սունկ կայքերի» վրա, որոնք եւս հեռուստանման տեսարտադրանք են թողարկում։
«Արդյոք կա՞ն մեխանիզմներ, որ նրանք իրավական դաշտ կգան,-հարցրեց «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:- «Դոգին» ո՞նց եք վերացնելու, կասեք»։
Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ծրագրի համակարգող Մհեր Բաղդասարյանը պատասխանեց. «Դա մեծ խնդիր է, քանի որ շատ մեդիաներ կան, որ Հայաստանի սահմաններից դուրս են տարածում իրենց փիառը»։
Դավիթ Ալավերդյանը հարցրեց. «Իսկ կեղծ հաշիվները ո՞նց եք վերացնելու: Դա նշանակում է, որ արդյունքում օրենքը չի գործելու և դա կոտրվելու է լրագրողների գլխին, ովքեր ի սկզբանե գրանցված կառույցներ են, ունեն ՍՊԸ, առանց այդ էլ տարեկան ներկայացնում են իրական շահառուների մասին հաշվետվություններ, որոնք պետական ռեգիստրի կայքում ներկայացված եմ, այսինքն` լրացուցիչ մի հատ էլ մարմին ստեղծել, որը դրանով է զբաղվելու՝ անիմաստ է: Երկրորդ՝ ոչ մի մարմին չի կարող վերահսկել ամբողջ կայքերը: Ամենամեծ վտանգը գալիս է տիկտոկից, ինստագրամից, որտեղ վիդիոկոնտենտը գերակայող է դարձել, ի՞նչ մարմին պետք ստեղծվի, որ կարողանա վերահսկել»։
Կարդացեք նաև
«Արմլուր» կայքի թողարկման պատասխանատու Սոնա Գրիգորյանը հետաքրքրվեց. «Որ ասացիք՝ միջազգային փորձով պետք է ուսումնասիրեք, ի՞նչ եք կարծում, դա ինչպե՞ս պետք է արվի»:
Մհեր Բաղդասարյանի պատասխանն էր. «Իհարկե, կա վերահսկողություն հատկապես եվրոպական երկրներում և մեծ թափով ավելի է զարգանում, որովհետև այնտեղ հիմնականում մի քանի սկզբունք է դրված: Նախ՝ իրական շահառուների բացահայտումը չպետք է պարզապես լինի ինչ-որ հաշվետվություն, որը լրացվում և ուղարկվում մի տեղ փոստով կամ գրավոր, շատ կարևոր է, որ իրական շահառուները միշտ բաց և հասանելի լինեն։ Ես այս մասով ուզում էի խոսել, երբ դուք ցանկանում եք հասկանալ թե x մեդիան ում է պատկանում կամ որտեղից է ֆինանսավորում, դրա մասին պետք է ունենաք բաց և հասանելի տեղեկատվություն: Իսկ երկրորդ ամենակարևոր հարցը, որ միջազգային շատ տարբեր երկրներ իրար հետ համագործակցում են այդ առումով, եթե Հայաստանը մաս կազմի այդ միջազգային համագործակցությանը, այդ դեպքում չեմ ասում, որ ամբողջովին խնդիրը կլուծվի , բայց ավելի կհեշտանա»։
Դավիթ Ալավերդյանն արձագանքեց. «Բա նրանք, որոնք չկան ոչ իրավական, ոչ վարչական դաշտում, ի՞նչ եք անելու, ունե՞ք մեխանիզմներ նրանց պատժելու կամ ստիպելու, որ իրավական դաշտ գան։ Նորից եմ կրկնում լրացուցիչ էլեմենտներ մտցնելով՝ ավելի շատ ստիպում եք, որպեսզի արդեն իսկ գործող լրատվամիջոցները, ովքեր օրենքի սահմաններում են գործում՝ ավելի շատ վարչարարության վրա ժամանակ ծախսեն՝ կոնտենտ ստեղծելու փոխարեն: Պետք է մեխանիզմներ մտածել ոչ թե արդեն իսկ գործող լրատվամիջոցներին լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու համար, այլ նրանց համար, որոնք զբաղվում են ֆեյքերով, ովքեր զբաղվում են «Դոգ սթայլ» կոնտենտով, ֆեյք նյուզով, օրենքը դրանց պետք է ուղղված լինի։ Եկեք օրենք մշակելուց մտածենք նրա մասին, թե ոնց կարողանանք ստվերից բերել այդ բոլոր ֆեյքերը»։
«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիրը նաեւ ասաց. «Մեր մասով կարող եք որոնել՝ տեսնել, թե ովքեր են մեր հիմնադիրները և շահառուները։ Պետությունը դա վերահսկվում է, եթե կասկածներ ունի՝ ստուգում է: Նաև չմոռանանք, որ յուրաքանչյուր լրատվամիջոց առևտրային կազմակերպություն է Հայաստանում։ Եթե դուք ստիպում եք, որ մենք բացահայտենք մեր բոլոր գաղտնիքները, եկամտի աղբյուրները, դրանով նաև խախտվում են մեր իրավունքները, որպես տնտեսվարող սուբյեկտ։ Սա արդեն սահմանադրական խնդիր է, որին մենք բնականաբար ընդդիմանալու ենք: Իհարկե, մենք կողմ ենք, որ բոլորը նույն իրավական դաշտում լինեն, բայց եկեք մտածենք այն մեխանիզմների մասին, որ քաջալերենք նրանց, որոնք աշխատում են թափանցիկ, և պարտադրենք նրանց, ովքեր չեն աշխատում։
Հիմա մենք օրինակ՝ ինքնակարգավորման մարմնում քննարկում ենք, որ ստեղծենք այնպիսի օրենքներ, որ այն լրատվամիջոցները ովքեր կմիանան որևէ ինքնակարգավորման մարմնի, պետության կողմից կամ միջազգային դոնորների կողմից կխրախուսվեն: Իսկ նրանք ովքեր չեն միանա, կշարունակեն ֆեյք նյուզ տարածել՝ կհայտնվեն սև ցուցակում։
Կարծում եմ մենք ևս պատրաստ ենք մասնակցել և աջակցել, բայց նորից կրկնեմ, որ օրենքը մեր դեմ չպետք է լինի»։
Մհեր Բաղդասարյանի պատասխանն էր. «Մենք ունեցել ենք քննարկում, որ այն մեդիաները, որոնք պատշաճ լրացնում են իրենց հիմնական ֆինանսները, կոմերցիոն գաղտնիքը բացահայտելու մասին տեղեկությունը, պետք է ներկայացվեն որպես վստահելի մեդիա: Նրանք, ովքեր չեն անում՝ պետք է հստակ տեղեկացնել, որ այսինչ մեդիան չի լրացնում և այլն։ Սակայն այստեղ բախվեցինք մի խնդրի, որ այդ դեպքում պետությունը գնահատական է տալիս x կամ y մեդիային, ինչը կարող է խնդրահարույց լինել։ Այս դեպքում հարցի մյուս կողմը գալիս է, որ ինչու պետք է պետությունը ստանձնի այդ լիազորությունը, գուցե դա պետք է անի ինքնակարգավորման մարմինը»։
Նա համաձայնեց. «Բոլոր կազմակերպաիրավական ցանկացած ձև ունեցող կազմակերպությունները Հայաստանում լրացնում են իրական շահառուների մասին տվյալները: Այստեղ մեդիայի դաշտում կոնկրետ խնդիրը այն է, որ մի շարք կազմակերպության շահառուներ, որոնք փաստացի մեդիա գործունեություն են ծավալում կամ գրանցված են օրենքով որպես հասարակական կազմակերպություն, իրենց իրական շահառու ասվածը միայն կազմակերպության նախագահի անունը բացահայտելն է, ինչը այսպես թե այնպես հայտնի է։ Մի մասն էլ դա չի անում, գործում է անհատական ֆինանսավորման միջոցով, խոսքը հիմնականում այդ մարդկանց իրական շահառուի դաշտ բերելն է, պարզ է, որ մեր մոտ գոյություն ունեն պատշաճ գործունեություն ունեցող մեդիաներ, ովքեր անպայման լրացնում են այն, ինչ պետք է հրապարակվի: Այդ դեպքում ստացվում է՝ մեդիայի ինքն իրենով ստանձնած պատասխանատվության մասին է խոսքը, քանի որ շատ հաճախ մեդիաները լրացնում են այնպիսի տվյալներ, որ իրականությանը աղերս չունեն: Այստեղ մենք մեր նախորդ հետազոտությունում այդ խայծ հարցերը կիրառել ենք, երբ հարցնում ենք x կամ y հեռուստատեսությունը ում է պատկանում՝ բոլորը հստակ պատասխանում են, բայց որ նայում ենք մեդիայի իրական շահառուների տվյալները՝ այնտեղ ոչ մի նման բան չկա, չգիտենք որն է ճիշտ, որը սխալ»։
Դավիթ Ալավերդյանի արձագանքն էր. «Մենք այս հարցը ինքնակարգավորման մարմնում քննարկել ենք դա վերաբերում է ոչ միայն վիզուալ արտադրանք ունեցող կայքերին, այլ բոլորին: Եկել ենք այն եզրահանգման, որ ամեն ինչ վերահսկել և մոնիթորինգ անել հնարավոր չէ , դրա համար պետք են մեծ ռեսուրսներ։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր նման բաները պետք է հիմնված լինեն բողոքի առկայության վրա: Նույն սկզբունքով աշխատում է Երևանի մամուլի ակումբի դիտորդ մարմինը. մենք կարող է շատ բան տեսնենք և նկատենք, բայց եթե չկա բողոքող կազմակերպություն՝ մենք այդ հարցով չենք զբաղվում։ Ինչպես արդեն նշեցի՝ շատ մեծ ծավալների կոնտենտ է ստեղծվում, տարբերություն չկա՝ պրոֆեսիոնալ լրագրողներն են դա անում, թե բլոգերները կամ պատահական ինչ-որ մեկը։
Եթե սկզբունքներ եք ստեղծում, պետք է հաշվի առնեք դա։ Ինչ վերաբերում է գործող հեռուստատեսություններին՝ կարծում եմ ՀՌՀ-ն փայլուն կարողանում է այդ հեռուստատեսությունների խնդիրներով զբաղվել, մենք ինքներս գրեթե ամեն շաբաթ բողոքներ ենք ստանում ՀՌՀ-ից տարբեր էթիկական հարցերի շուրջ, այստեղ լրացուցիչ կարգավորումների կարիք չկա: Եթե գտնում է ՀՌՀ-ն, որ կա՝ կարող է առաջարկներ առաջարկել, դա եկեք համացանցի կարգավորումների հետ չխառնենք, իրենք բազմաթիվ օրենքների են ենթարկվում»։
Ծրագրի մոդերատոր Շուշան Ավագյանի դիտարկումն էր. «Մարդկանց մոտ դեռ իրազեկվածության մասին խնդիր կա, պատկերացնենք, որ քաղաքացիների կողմից ակնկալում ենք, որ բողոքներ գան, ինչքանո՞վ դրանք արդյունավետ կլինեն»:
Դավիթ Ալավերդյանը զգուշացրեց. «Լրատվական դաշտը շատ զգայուն է, օրենք ստեղծելիս պետք զգույշ լինեք, որ լրատվամիջոցներին ձեր դեմ չտրամադրեք: Յուրաքանչյուր քննարկմանը պետք է ներգրավեք մեծ թվով շահառուների, հատկապես այն կայքերը, ովքեր ունեն վիդեո արտադրություն՝ պետք մասնակցեն, որպեսզի մենք կարողանանք այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք չեն խոչընդոտի աշխատող լրագրողներին։ Հակառակ դեպքում՝ բոլոր իշխանությունները փորձում են այս կարգավորումները փոխել, միշտ գալիս են նրան, որ ստեղծեն ցենզուրա, լրատվամիջոցները թույլ չեն տա երբեք նման մարմնի ստեղծում։ Պետք է առաջարկվեն խաղի այնպիսի կանոններ, որ հասկանան այդ կանոնները ուղղված չեն իրենց դեմ, այլ ֆեյք տարածող թիվիների դեմ, որոնք գտնվում են իրվական դաշից դուրս։
Կարծում եմ՝ հաջողության բանալին պետք է գտնել այնտեղ, որտեղ կներգրավվեք որքան հնարավոր է շատ փորձագիտական համայնք, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը պատրաստ են աջակցել այս աշխատանքներում: Մենք պետք նաև միջազգային փորձի ուսումնասիրություն անենք, վերցնենք, այն, ինչ ընդունելի է Հայաստանի համար: Հույս ունենանք, որ աշնանը կունենանք նոր նախագիծ»։
Մհեր Բաղդասարյանը պատասխանեց. «Օրենքի հետ կապված արդարադատության նախարարությունը կատարում է մշակումներ: Մենք էլ աշնան սկիզբ կներկայացնեք մեր նախագիծը և կդրվի քննարկման։ Եվ ասեմ, որ մենք էլ ցենզուրային դեմ ենք, մենք նույնպես կընդդիմանանք»։
Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի դիտարկումն էր. «Խնդիրը նաև այն է, որ հիմա ՀՌՀ-ում ենք նստած, որը զբաղվում է լիցենզավորված հեռուստատեսություններով և ռադիոյով, ու ստացվում է, որ իրականության մեջ հեռուստատեսությունը կամ ՍՊԸ-ն, որը որ անցնում է արտոնագրման գործընթացով՝ ավելի շատ է կանոնակարգվում, բայց, ըստ էության, իր լսարանը, իր ազդեցությունը ստացվել է այնպես, որ ինքը համարժեք է, ինչ-որ դեպքում ավելի փոքր է քան օրինակ յութուբ հարթակը: Սա օրենքի տակ է, բայց նրանք՝ ոչ»։
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ