Լրահոս
Օրվա լրահոսը

«Տխրություն, կարոտ, ուրախություն, հավատ միահյուսվել էին իրար, ու այս օջախը մի կտոր Արցախ էր հիշեցնում»

Հուլիս 15,2024 16:56

«Ապառաժ». Հովիկ և Զեմֆիրա Վարդանյանների ընտանիքը մեկն է արցախցի այն 16 ընտանիքներից, որ բռնատեղահանումից հետո հաստատվել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Նորաշեն գյուղում։ Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղից են Վարդանյանները։ Գյուղական կյանքին սովոր մարդիկ նախընտրել են բնակվել գյուղում, և տեղավորվելով Նորաշենում, ուրախությամբ հասկացել, որ այստեղ բնությունն ասես Աշանի բնությունը լինի, իսկ մարդիկ արցախցիների նման հյուրասեր ու սրտացավ։ 4 տղաներ ունեն Վարդանյանները․ ավագ որդին ամուսնացած է, ունի 2 որդի, ցավոք, տարիներ առաջ, զինծառայության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով դարձել է հաշմանդամ և առայսօր գամված է անդամալույծի սայլակին։ Երեք տղաները արտագնա աշխատանքի մեջ են։

Երբ այցելեցինք Վարդանյանների ժամանակավոր զբաղեցրած տունը, որտեղ նրանք բարի մարդկանց շնորհիվ ապրում են անվճար, անմիջապես զգացինք հարազատ միջավայրի ջերմությունը, արցախցու կենցաղի համն ու հոտը։ Տանտերերը, թեև չգիտեին՝ ինչու ենք այցելել և ովքեր ենք, գրկաբաց ընդունեցին մեզ, իսկ հետո պարզվեց, որ բոլորս ճանաչում ենք մեկմեկու։ Մանկավարժներ են, դասավանդում էին Աշանի միջնակարգ դպրոցում։ Տանը հյուրընկալվել էր նաև տանտիրուհու քույրը՝ Զարինե Սառաջյանը։

-Երբ եկանք ու տեղավորվեցինք Նորաշեն գյուղում, անմիջապես աշխատանք գտանք։ Մեր մասնագիտություններով դասավանդում ենք կողքի՝ Արծնիի միջնակարգ դպրոցում։ Բացի աշխատավարձից ստանում ենք նաև 30 տոկոս հավելավճար՝ ըստ ՀՀ կառավարության որոշման։ Դպրոցի տնօրեն Արմինե Թորոսյանի գլխավորությամբ ուսուցչական կոլեկտիվը մեզ գրկաբաց է ընդունել, նրանց բարյացակամ վերաբերմունքը արցախցի ուսուցիչներիս հանդեպ անուրանալի է։ Ոչ մի ուսուցիչ, իր դասաժամերը մեզ տրամադրելով, չի տրտնջացել, ինչի համար շնորհակալ ենք բոլորին։

Երեք որդիներս այստեղ չկարողացան աշխատանք գտնել։ Ի դեպ այս բնակավայրերում աշխատանք գտնելը մեծ խնդիր է։ Տղամարդկանց զգալի մասը ընտանիքի կարիքները հոգալու համար մեկնում են տարբեր երկրներ։ Տղաներս ևս մեկնեցին ՌԴ, բայց միևնույն է, հետ են վերադառնալու։

Ինչպես տեսնում եք, սկսել ենք նոր տնտեսություն ստեղծել։ Բավականաչափ քանակի ընտանի թռչուններ ունենք, մշակում ենք տնամերձ հողամասը։ Գյուղում ապրած մարդը ինչպե՞ս կարող է ձեռքերը ծալած նստել։ Անընդհատ աշխատանքի մեջ ենք, և դա է մի քիչ թեթևացնում մեր կորցրածի ցավը։

Երբ խոսում են բնակարանային աջակցության ծրագրի մասին, ես առաջին հերթին գերադասում եմ վերադառնալ Արցախ։ Հակառակ դեպքում կմնամ այս գյուղում, ինձ չեն գրավում մեծ քաղաքներն ու այնտեղի կյանքը։ Նորաշենը ընդգրկված է արտոնյալ պայմաններով բնակարաններ ձեռք բերելու բնակավայրերի ցանկում, այստեղ աջակցության գումարը մեկ անձի համար կազմում է 4 մլն դրամ։ Կարծում եմ՝ այստեղ էլ կմնանք,-ասում է տիկին Զեմֆիրան և ավելացնում,- չեմ կորցնում վերադառնալու հույսս։ Աշանում և Վարդաձորում թողել ենք ամենաթանկը՝ հարազատների գերեզմանները։ Ամենախոցելին դա է մեզ համար։

Ամուսինը կիսում է կնոջ մտքերը, փորձում աշխատանքի մեջ կտրվել տանջող մտքերից, սակայն կարոտի ու կորստի ցավը անդադար կեղեքում է սիրտը։ Թեկուզ մի փոքր հնարավորություն լիներ Արցախ վերադառնալու՝ Հովիկ Վարդանյանը պատրաստ է դրան։ Աշանում նա թողել է մի ողջ կյանք ու պատմություն, հարազատների շիրիմներ։ Խոսելու ընթացքում անթաքույց հուզվում էր, և այդ հուզմունքը հաղորդվում էր բոլորիս․ նույն ցավն է, նույն պատմությունը․․․

Տխրություն, կարոտ, ուրախություն, հավատ միահյուսվել էին իրար, ու այս օջախը մի կտոր Արցախ էր հիշեցնում։ Հեռանալ չէինք շտապում․ ամեն ինչ այնքա՜ն հարազատ էր, այնքա՜ն կարոտաբաղձ․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել