«Ֆուտբոլասերի համար ակնկալիքները միշտ ավելին են։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում ֆուտբոլն ավելի մաքուր էր, ստեղծագործ եւ դիտարժան։ Բացառությամբ մեկ կամ երկու հանդիպման` Եվրոպայի այս առաջնությունն ինձ համար դիտարժան չէր»,- Aravot.am- հետ զրույցում ասաց մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը։
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց Իսպանիան 4-րդ անգամ (1964, 2008 և 2012 թվականներին)։ Եվրո-2024-ը մեկնարկել էր հունիսի 14-ին՝ Գերմանիայում։ Առաջնությունը տեղի է ունենում չորս տարին մեկ, սակայն այս դեպքում՝ երեք, քանի որ նախորդ Եվրո-ն քովիդով պայմանավորված տեղի ունեցավ 2021-ին։
Ըստ մարզական մեկնաբանի՝ Արմեն Գարամյանի` Իսպանիան արժանի չեմպիոն է, քանի որ այն իր ցուցադրած խաղով առաջին հավաքականն էր․ «Սպասված եզրափակիչ էր։ Հաղթեց այն հավաքականը, որը խաղով արժանի էր։ Անգլիան իր խաղաոճին չդավաճանեց, ինչպես Իսպանիան, բայց այստեղ հաղթեց ռոմանտիկ ֆուտբոլը, ոչ թե՝ պրագմատիզմը»։
Մենուա Մեհրաբյանը ևս այն կարծիքին է, որ Իսպանիան արժանի էր չեմպիոնության, քանի որ միակ հավաքականն էր, որը մրցաշարի մեկնարկային խաղից մինչև եզրափակիչ խաղաց ամենագեղեցիկ, գրավիչ, դիտարժան եւ ամենաարդյունավետ ֆուտբոլը․ «Կարծում եմ` այս տեսանկյունից, Եվրոպայի առաջնությունն ունեցավ արժանի հաղթող»։ Ըստ նրա՝ Իսպանիա-Անգլիայի դիմակայությունը տիպիկ եզրափակիչին բնորոշ հանդիպում էր։ Առաջին խաղակեսում կողմերը չէին ցանկանում ռիսկի դիմել, որից տուժեց դիտարժանությունը, բայց երկրորդ կեսում Իսպանիան աստիճանաբար սկսեց խաղալ իր ֆուտբոլը, բացեց հաշիվը, ստիպեց Անգլիայի հավաքականին «չփակվել», ինչի արդյունքում տեսանք որակապես այլ խաղակես։
Կարդացեք նաև
Եվրո-2024-ի ընթացքում իր խաղով աչքի ընկավ Վրաստանը, քանի որ հավաքականի համար սա պատմության մեջ առաջին մասնակցությունն էր Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին․ «Վրաստանի հավաքականն առավել քան պատվով ներկայացավ Եվրոպայի առաջնությանը։ Վրաստանի ընտրանու համար կարևոր էր զգալ այսպիսի մրցաշարերի շունչն ու մակարդակը։ Կարծում եմ, որ ճիշտ աշխատանքը շարունակելու դեպքում, վրացիների համար սա չի լինի խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլում հանդես գալու միակ դեպքը»,-ընդգծեց Մենուա Մեհրաբյանը։ Արմեն Գարամյանի համար ևս Վրաստանի հավաքականի արդյունքը բավականին լավն էր և մեծ հաջողություն է փլեյ օֆֆ դուրս գալը։
Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ