Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիական քաղաքի պաշտոնական փուչիկը, կամ ինչպես են զուգադիպել Վահրամ Դումանյանի ու Թոբիաս Քեյլի դիտարկումները

Հուլիս 15,2024 16:11

Այս տարվա ապրիլի 10-ի ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին ի պատասխան՝ արդյոք ներկայիս դպրոցականները հնարավորություն կունենա՞ն սովորելու Ակադեմիական քաղաքում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահաբար դրական պատասխան էր տվել:

Սակայն երեք ամիս անց՝ հուլիսի 9-ին՝ Մատենադարանում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակի հանրային ներկայացման ժամանակ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը ներկայացրած գերմանական GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը լրիվ այլ բան ասաց: Մասնավորապես, նշել էր, որ ակադեմիական քաղաքի իրագործումն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի 20-30 տարի՝ կախված նրանից, թե ինչ ենք հասկանում «ավարտ» ասելով: Թոբիաս Քեյլը նաեւ հավելել էր, որ առաջին շենքը կավարտվի մինչև 2029 թվականը, եւ մինչ այդ բուհերի տեղափոխում՝ Ակադեմիական քաղաք, չի լինի: Նա ասել էր, որ նախագիծը կարող է արժենալ ավելի քան 5,7 մլրդ դոլար։

Ակադեմիական քաղաքի ժամկետների վերաբերյալ ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, Aravot.am-ին տված հարցազրույցում անդրադարձել էր ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը: Նա մասնավորապես հիշեցրել էր, որ Մայր բուհի (որից սկիզբ են առել հանրապետության մյուս հիմնական բուհերը)՝ Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող կենտրոնական շենքերը խորհրդային տարիներին կառուցվել են 10 տարվա ընթացքում, եւ իր ունեցած տվյալներով՝ 10 տարուց ավելին է պահանջվել Խորհրդային շրջանում միայն մեկ բուհի շենքի կառուցման համար, այսինքն՝ 1950-ականների վերջերին սկսվել է շինարարությունը, 60-ականների 2-րդ կեսին ավարտվել է, հետագայում էլ շարունակվել է: Հետեւաբար ինչպե՞ս կարող է ակադեմիական քաղաքը կարճ ժամկետներում կառուցվել:

«Ռազմավարության մեջ, որն իմ օրոք է ընդունվել, հստակ գրել ենք՝ բուհերի խոշորացում եւ «Ակադեմիական քաղաքի» ստեղծում մինչեւ 2030 թվականը: Քաղաքը քաղաք է, բայց էլի ուզում եմ ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա՝ երբ 50-ականների կեսերին Մայր բուհ էին կառուցում նոր վայրում (1965թ ապրիլի 15-ին է հանձնվել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը), քաղաքային պայմաններում, երբ առկա էին բոլոր կոմունիկացիաները, ճանապարհները, տրանսպորտը, մեկ բուհի շինարարությունը, կառուցումը տեւել է ավելի քան 10 տարի: Այսօր 2024 թվականն է, մենք դեռ «Ակադեմիական քաղաքի» նախագիծ ենք քննարկում եւ մի վայրում ենք կառուցում, որտեղ այդ կոմունիկացիաները չկան: Իմ համոզմամբ, դա բավական տեւական է լինելու: Բացի դրանից, արդեն իսկ ուշացել ենք բարձրագույն կրթության եւ կրթության որակի բարձրացման առումով: Դեռ երեկ, այսօր շատ բաներ պետք է արած լինեինք՝ առանց այդ գործունեությունը կապելու Ակադեմիական քաղաքի հետ»,-ընդգծել էր նա: Ըստ էության, Թոբիաս Քեյլը հաստատել է Վահրամ Դումանյանի ասածը, որը ինչ-ինչ մեկնաբանությունների տեղիք էր տվել մամուլում:

Փաստորեն, հանրությանը պաթոսով հրամցվում է մի նախագիծ, որի ճակատագիրը, չնայած պաշտոնական լավատեսությանը, թերեւս անհայտ է մի շարք, այդ թվում նաեւ ֆինանսական պատճառներով: Չնայած տիկին նախարարը վստահեցրել էր, որ այսօրվա դպրոցականները կսովորեն ակադեմիական քաղաքում, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում առաջարկել է դիտարկել հաջորդ տարի Ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման շուրջ համաժողով կազմակերպելու եւ տարբեր ուղղություններով պանելային քննարկումներ անցկացնելու հնարավորությունը, ինչը ըստ նրա՝ հնարավորություն կտա հրավիրել հնարավոր ներդրողների:

Եվ չնայած ակադեմիական քաղաքը դեռ չի կառուցվել, սակայն ՔՊ-ականները մեկը մյուսին հերթ չտալով, ավետում են նրա՝ հաջողված սուպերնախագիծ լինելու մասին: Օրինակ, մեկ այլ ՔՊ-ական՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե 27 րոպեում՝ մետրո+գնացքով Սասունցի Դավիթ կայարանից հասել է Ակադեմիական քաղաք:

Մնաց՝ այսօրվա դպրոցականներն ավարտեն ու հասնեն ակադեմիական քաղաք՝ մինչեւ թոշակի գնալը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031