«Միկա» մարզահամալիրում կայացած MixFight 56 MMA մենապայքարային միջազգային խոշոր մրցաշարում կայացած 12 մենամարտերից 10-ում հաղթեցին Հայաստանի ներկայացուցիչները:
Մրցաշարի գլխավոր մենամարտը կայացավ ամենավերջում: MMA չեմպիոնական գոտու համար կարատեի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ Մուհամմեդ Խան Օսպանովի հետ: Մարտը հետաքրքիր զարգացում ստացավ, սակայն երկար չշարունակվեց: Ունանյանը կարճ ժամանակում նախաձեռնությունը լիովին վերցրեց իր ձեռքը եւ մրցակցին ծանր նոկաուտի ենթարկեց: Անգամ մի պահ ութանկյունում բժշկի ներկայության անհրաժեշտություն առաջացավ:
Չեմպիոնական գոտին ստանալուց հետո Կամո Ունանյանը շնորհակալություն հայտնեց մրցակցին, իր մարզիչներին, թիմակիցներին, ընկերներին ու երկրպագուներին: Դիմելով Օսպանովին, նա մրցակցին ռեւանշ մենամարտի հնարավորություն տվեց: «Կարող ենք այդ ռեւանշ մենամարտը կազմակերպել Ղազախստանում, բայց մի պայմանով. եթե դու մինչ այդ մի քանի անընդմեջ հաղթանակ ունենաս»,-ասաց նորընծա չեմպիոնը:
Օսպանովը ընդունեց առաջարկը եւ հայտարարեց, որ իր համար պատիվ էր մենամարտել Կամո Ունանյանի նման մարզիկի հետ:
Կարդացեք նաև
Պարգեւատրման հանդիսավոր արարողությունից հետո Կամո Ունանյանը Aravot.am-ին ասաց. «Երջանիկ եմ, հպարտ եմ, ուրախ եմ, որ մեկ տարի ութ ամսում հասա այս հաջողությանը: Յոթ մենամարտ, յոթ հաղթանակ, որից վեցը՝ նոկաուտով: Ամեն ինչ անելու եմ, որ նույն ոգով շարունակեմ: Այսօրվա հաղթանակս նվիրում եմ 44-օրյա պատերազմի մեր անմահ հերոս տղաներին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ