Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամության կարգի փոփոխությունը չի հանգեցնի «Զինապահի» շահառու դառնալու պահին նշանակված հատուցման գումարի նվազեցման

Հուլիս 15,2024 14:32

Կարևորելով ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների առաջարկությունները և կարծիքը, ինչպես նաև փորձելով սատար կանգնել և բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար՝ ԶԻՆԱՊԱՀԻ գործադիր թիմը, համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ, մշակել է ԶԻՆԱՊԱՀԸ կարգավորող օրենքի փոփոխության նախագիծ։

Համաձայն այդ նախաձեռնության՝ ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոփոխվել է, կշարունակեն ստանալ ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։

Սա նշանակում է, որ եթե օրինակ՝ 1-ին խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը սահմանափակման աստիճան ունեցող անձը (հիմնադրամի շահառուն) վերափորձաքննության արդյունքում ճանաչվի 2-րդ կամ 3-րդ խմբի զինհաշմանդամ կամ ֆունկցիոնալության ծանր կամ միջին սահմանափակման աստիճան ունեցող անձ, ապա դա չի հանգեցնի նշանակված հատուցման գումարի վերանայման (նվազեցման) կամ դադարեցման:

Ավելին՝ 2024թ․ հունվարին ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարված 26% ինդեքսավորումը կտարածվի նաև նշված շահառուների հատուցման ամսական գումարների վրա։

Օրենսդրական այս փոփոխությունը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, արժանեցել դրական եզրակացության։ Հաշվի առնելով նախագծի կարևորությունը՝ հանձնաժողովի որոշման համաձայն այն ԱԺ-ում քննարկվել է 24-ժամյա ռեժիմով։

Եվ այսօր՝ հուլիսի 11-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը  քննարկվել և ընդունվել է ՀՀ Ազգային ժողովում։

Օրենքի փոփոխությունը ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրությամբ պաշտոնական հրապարակումից 10 օր անց։ Այս փոփոխությանը կտրվի հետադարձ ուժ, ինչը նշանակում է, որ  ԶԻՆԱՊԱՀԸ կվճարի հատուցման գումարները նախկին չափով, ինչպես նաև միանվագ կերպով կվճարի օրենքի փոփոխության արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը նախորդ ժամանակահատվածի համար:

Սույն փոփոխության հետ կապված հուլիսի 15-ի դրությամբ ԶԻՆԱՊԱՀԸ ունի 293 շահառուներ, որոնցից 46-ի հաշմանդամության խումբը փոփոխվել է առաջինից 2-րդի կամ ֆունկցիոնալության խորը սահմանափակման աստիճանից ծանր աստիճանի, և 247-ի հաշմանդամության խումբը փոփոխվել 1-ին կամ 2-րդից 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճանից միջին աստիճանի։

ԶԻՆԱՊԱՀԻ ամսական հատուցման գումարը կվճարվի օրենքը կիրարկվելու ամսվանից ԶԻՆԱՊԱՀԻ կողմից բացված հատուկ հաշվին, որին փոխանցվում է ամսական հատուցման գումարները։

Այս ծրագիրը նպատակ ունի ևս մեկ անգամ ցույց տալ մեր գնահատանքը և շնորհակալությունը մեր զինծառայողներին։

Միասին՝ զինվորիս կողքին․․․

ԶԻՆԱՊԱՀ  Զինծառայողների ապահովագրության ազգային  հիմնադրամը ստեղծվել է 2017թ. հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ ԶԻՆԱՊԱՀԸ ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։

 ԶԻՆԱՊԱՀԸ կառավարվում է անկախ Հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու երիտասարդ գործառնական թիմի կողմից:

 ԶԻՆԱՊԱՀՆ աջակցում է 5,434 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,500 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն ՀՀ դրամ, այնուհետև ամսական 100,000 300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ ապահովելու նպատակով։ 2017թից ի վեր ԶԻՆԱՊԱՀԸ տրամադրել է ավելի քան 969 մլրդ ՀՀ դրամի հատուցում։

ԶԻՆԱՊԱՀ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031