Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Չալոյան. Ռինգը ցույց կտա ամեն ինչ

Հուլիս 15,2024 13:40

Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Դավիթ Չալոյան

2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Դավի՛թ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

– Շատ ուրախ եմ, որ կարողացա ուղեգիր ձեռք բերել: Լավ մարզումներ ենք իրականացնում և նախապատրաստվում խաղերին: Լավ տրամադրությամբ եմ մոտենում խաղերին՝ հույսով, որ ամեն ինչ բարեհաջող կստացվի:

 –Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճեցիք վարկանիշային վերջին մրցաշարում: Ինչպիսի՞ն էր այդ ճանապարհը: Արդյոք լարվածություն կա՞ր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թայլանդի մրցաշարն ուղեգրի վերջին հնարավորությունն էր:

-Այո, վարկանիշային երեք մրցաշար ենք ունեցել, բայց վերջապես վերջին մրցաշարում կարողացա ուղեգիրը նվաճել: Վնասվածքներ էի ստացել, բայց կարողացա վերականգնվել: Շատ դժվար ճանապարհ ենք անցել մարզիչներիս հետ, բայց, իհարկե, կար լարվածություն. շատ մեծ պատասխանատվություն էր, ու կարողացանք պատվով դուրս գալ: Օլիմպիական խաղերին մասնակցելն ինձ համար մեծ երազանք է եղել: Շատ լավ եմ տրամադրված:

Ինչի՞ վրա եք աշխատում այս փուլում:

-Նախապատրաստվելու համար քիչ ժամանակ ունենք, բայց կարծում եմ՝ կհասցնենք: Այժմ աշխատում ենք հիմնականում տեխնիկայի և տակտիկայի վրա:

Դավի՛թ, վերհիշենք 2021 թվականը, երբ 24 տարեկանում առաջին անգամ մասնակցելով մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ նվաճեցիք փոխչեմպիոնի կոչումը՝ գրանցելով նաև պատմական հաջողություն հայկական բռնցքամարտում: Ի՞նչ հիշողություններ ունեք:

-Այդ ժամանակ փորձի պակաս ունեի, բայց կարողացա հասնել մինչև եզրափակիչ՝ հաղթելով բավական ուժեղ մրցակիցների: Դա ինձ մեծ վստահություն և փորձ տվեց: Դրանից հետո եղել են մրցաշարեր, որոնցում չեմ կարողացել հանդես գալ այնպես, ինչպես կցանկանայի, և այդ առումով Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցության հնարավորությունը կարևոր քայլ էր ինձ համար: Փորձելու եմ ամեն ինչ անել՝ պատվով հանդես գալու և լավ մրցելույթ ունենալու համար:

Ինչպիսի՞ն են սպասելիքները Փարիզից:

-Կարծում եմ՝ հնարավորություններ ունեմ: Ժամանակից շուտ խոստումներ տալ չեմ ցանկանում: Ամեն ինչ ռինգը ցույց կտա:

Երբվանի՞ց եք սկսել զբաղվել բռնցքամարտով և ի՞նչն է Ձեզ ամենից շատը գրավել այս մարզաձևում:

-Բռնցքամարտով բավական ուշ եմ սկսել զբաղվել՝ 15 տարեկանում, հայրիկիս խորհրդով: 2020 թվականի ամռանն ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունս՝ առավել լրջությամբ եմ վերսկսել մարզումներս ու մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերի: Ինչպես բռնցքամարտում, այնպես էլ սպորտում առհասարակ՝ ամենաոգևորիչը հաղթանակներն են, որոնց շնորհիվ կարողանում ենք բարձր պահել մեր երկրի պատիվը միջազգային տարբեր հարթակներում:

Բլից հարցեր

Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

– Ալեքսանդր Ուսիկի:

Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Գլուխդ միշտ բա՛րձր:

Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

Ընտանիքս, ծնողներս:

Ձեր կյանքի կանոնները:

Պայքարել մինչև վերջ:

Ինչի՞ց եք վախենում:

– Վախեր չունեմ:

Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

– Աստծուն:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031