Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ թափով հանգստի գոտիներ են կառուցվում, սակայն անտառային հողերում կառուցապատում չի թույլատրվում

Հուլիս 15,2024 13:01

Ինչպես են անտառային տարածքներում ընթանում հանգստի եւ զբոսաշրջության նպատակով կազմակերպող աշխատանքները: Թեմայի վերաբերյալ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը հետեւյալը ներկայացրեց. «Դրանք պարբերաբար ընթացքող գործընթացներ են, որոնք ունեն կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումներ: Դիմումատուները կարողանում են դիմումներ ներկայացնել որեւէ անտառային տարածքի, անտառային հողի վերաբերյալ, այնուհետեւ սահմանված կարգի համաձայն սկսվում են գործընթացները՝ տեղանքի տեղորոշում, կոորդինատների սահմանում, կադաստրային տվյալների վերհանում: Եթե այդ ամենը համապատասխանում է անտառկառավարման պլաններին, ապա լիազորված մարմինը սահմանված կարգի համաձայն հայտարարում է մրցույթ, որ ընթացքում հայտատուները ներկայացնում են իրենց հայտերը, որոնց մեջ է գտնվում նաեւ անտառօգտագործման ծրագիրը»:

Արթուր Պետրոսյան

Նրա խոսքով, հիմնականում անտառների վարձակալության մասով ակնկալվում է որպես զբոսաշրջության, հանգստի, մշակութային եւ նման այլ նպատակներով անտառօգտագործման տեսակը, ու սահմանված կարգով՝ հայտերի հետ միասին ներկայացվում են ծրագրերը: Մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ համապատասխան հանձնաժողովը դիտարկում է հայտերը եւ քննարկում ներկայացված ծրագրերը: Ամենավերջում հաղթողի հետ կնքվում է վարձակալության պայմանագիր:

Արթուր Պետրոսյանը նշեց, որ վերջին տարիներին միտումը գնում է դեպի հանգստի, զբոսաշրջության հաստատմանը. «Հայտատուները նախատեսում են բավականին հետաքրքիր սխեմաներով ծրագրեր՝ կացարանների, տաղավարների տեղադրմամբ: Անտառային հողերում կառուցապատում չի թույլատրվում՝ բացառությամբ անտառային տնտեսության վարման նպատակով: Հայտատուները հաշվի են առնում նաեւ միջազգային առկա փորձը, հետաքրքիր լուծումներ են առաջարկում, ընդ որում շեշտադրումը հիմնականում բնապահպանական է լինում»:

Սևակ Մարկոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի խոսքով, մրցույթում կարող է հաղթող ճանաչվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի հետ կնքվում է անտառային հողերի վարձակալության պայմանագիր: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն ընդգծեց, որ իրենց ՊՈԱԿ-ն անպայման իրականացնում է վերահսկողություն՝ վարձակալության ներդրումային ծրագրերի կոնկրետ կետերի վրա: Նա տեղեկացրեց, որ վարձակալության գործընթացը մեծ թափ է առել հատկապես 2022թ երրորդ եռամսյակից:

«Հայանտառի» տնօրենը տեղեկացրեց, որ մինչեւ 2022թ «Հայանտառն» ուներ կնքած շուրջ 130 պայմանագիր, որի վարձակալության արժեքը կազմում էր տարեկան 25 միլիոն դրամ, իսկ 2022թ երրորդ եռամսյակից մինչեւ 2024թ երկրորդ կիսամյակը վարձակալության պայմանագրերի թիվը հասել է 235-ի՝ տարեկան 92 մլն դրամի չափով: Իսկ հաղթող ճանաչված ներդրումային ծրագրերը, ըստ Մարկոսյանի, կազմում են 15,1 մլրդ դրամ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել