Լրահոս
Օրվա լրահոսը

36-ամյա տղամարդու սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու անձինք հայտնաբերվել են

Հուլիս 15,2024 13:35

2024 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 17:40-ին սահմաններում, անհայտ անձից ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցում կայանված ավտոմեքենայի սրահում գտնվող անձի ուղղությամբ կրակել են:

Նույն օրը՝ ժամը 20:25-ին, ահազանգ էր ստացվել նաև բժշկական կենտրոնից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ Կ.Բ.-ն՝ «Նստատեղի վիրավորում՝ ձախ ազդրի, ձախ նստանյարդի վնասումով հրազենային վիրավորումով ուղեկցված» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին: 36-ամյա տղամարդը ճանաչվել էր տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են 9մմ տրամաչափի փամփուշտի պարկուճներ:

Քննությամբ իրականացված ապացուցողական գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, ինչպես նաև՝ միջադեպին ներկա անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի օրը Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ Վ.Խ.-ն, տեղեկացված լինելով ընկերոջ՝ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչ Ս.Հ.-ի կողմից Կ.Բ.-ին ապօրինի կյանքից զրկելու մտադրության մասին, 2024 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 17:12-ի սահմաններում, իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի կողմից վարվող «Toyota camry» մակնիշի ավտոմեքենայով, գնացել են Երևան քաղաքի Բարբյուսի փողոց, որտեղ իրենց է սպասել Ս.Հ.-ն:

Ժամը 17:24-ի սահմաններում հասնելով Չեխովի փողոց՝ Վ.Խ.-ն, ավտոմեքենան ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ վարելով, դուրս է եկել փողոցի հանդիպակաց գոտի՝ նպատակ ունենալով հարմար պայմաններ ստեղծել Ս.Հ.-ի համար, վերադասավորվել է «OPEL» մակնիշի տաքսի ավտոմեքենայի հետնամասում և կայանել խցանման մեջ՝ այդ կերպ խոչընդոտը վերացնելու եղանակով հեշտացնելով Ս.Հ.-ի կողմից Կ.Բ.-ին ապօրինի կյանքից զրկելու մտադրության իրագործումը:

Այնուհետև Ս.Հ.-ն մոտեցել է «OPEL» մակնիշի նշված մեքենայի հետևի կողային հատվածին և, Կ.Բ.-ին կյանքից ապօրինի զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող 9մմ տրամաչափի ակոսափող հրազենից 2 կրակոց արձակել նրա ուղղությամբ, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Կ.Բ.-ն խույս է տվել կրակոցներից և դրանք դիպել են վերջինիս ձախ ազդրի շրջանին, որից հետո նա տեղափոխվել է բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

2024 թվականի ապրիլի 12-ին որոշումներ են կայացվել, դատարան ներկայացնելու նպատակով, Ս.Հ.-ին և Վ.Խ.-ին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, սակայն նշված անձինք չեն հայտնաբերվել և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ 2024թ. հուլիսի 12-ին Վ.Խ.-ն և Ս.Հ.-ն հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Վ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ս.Հ.-ին՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքը վերստին քննարկելու համար, որոնցից մեկը՝ Ս.Հ.-ի մասով, բավարարվել է, իսկ Վ.Խ.-ի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և վարույթ իրականացնող մարմնի կողմից, որպես խափանման միջոց, վերջինիս նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031