Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ ենք զանգելու մենք, ո՞ւմ հետ ենք շփվելու»․ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններն ավարտվելու են Դոնալդ Թրամփի հաղթանակով

Հուլիս 15,2024 11:53

«ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները, կարելի է ասել, այլեւս ավարտված են՝ Դոնալդ Թրամփի հաղթանակով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նման եզրակացության է անում Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ տեղի ունեցած մահափորձին եւ դրա քաղաքական հետեւանքներին։ Այս թեման, ըստ նրա, «կարող է մնալ» ԱՄՆ գործող վարչակարգի վրա եւ աշխարհը, փաստացի, պետք է համակերպվի, որ Թրամփին կարող է տեսնել ԱՄՆ-ի նախագահի աթոռին, ուստի բոլոր զարգացումները պետք է դիտարկել այդ համատեքստում։

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանում մեծ քարոզ է իրականացվել, թե մեզ պետք է Բայդենը հաղթի ԱՄՆ ընտրություններում, մինչդեռ Բայդենի հաղթանակի շանսերը քիչ էին, հիմա՝ էլ ավելի քչացան, ուստի մեզ պետք է ակտիվ աշխատանք տանել Հանրապետական դերակատարների շրջանում եւ սա նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների տնային աշխատանքն է։

Այս համատեքստում, Էդմոն Մարուքյանը նկատեց նաեւ, որ հայ քաղաքական միտքը սովորաբար եւ ավանդաբար իր ուժերը կենտրոնացրել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վրա եւ երբ նախագահ է լինում Հանրապետականի ներկայացուցիչը, հայկական լոբբին թուլանում է։

«Բոլոր այն հույսերը, որոնք կապվել են Բայդենի ադմինիստրացիայի հետ, հօդս են ցնդելու։ Սալիվանը, Բլինքենը լինելու են տարբեր ԲՈՒՀ-երում, դասախոսներ են աշխատելու հունվար ամսից հետո եւ ո՞ւմ ենք զանգելու մենք, ո՞ւմ հետ ենք շփվելու»,- հարց հնչեցրեց Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ վերջին շրջանում Հայաստանի հույսն ում հետ կապվում էր՝ նրանք հեռանում են որոշում կայացնողների դաշտից․ «Շառլ Միշելն այլեւս գոյություն չունի, չնայած Շառլ Միշելի վրա հույս դնելը մի մեծ խայտառակություն է եղել։ Մակրոնը գնացող նախագահ է՝ այլեւս շատ թուլացած։ Շոլցը՝ Գերմանիայում, էլի շատ թույլ վիճակում է, չնայած նրան, որ հույսեր չկան այս մասով»։

 

 

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում, թեկնածուի նկատմամբ վերջին մահափորձը տեղի էր ունեցել 1981 թվականին՝ Ռոնալդ Ռեյգանի դեմ, որից հետո, երեք տարի անց, Ռեյգանը ջախջախիչ հաղթանակ էր տարել դեմոկրատ թեկնածուի նկատմամբ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031