Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը՝ կրոնական ազատության խախտման առաջամարտիկ. պատասխանատվությունն անհրաժեշտ է. Արտակ Բեգլարյանի հոդվածը Newsweek-ում

Հուլիս 15,2024 12:10

 Ամերիկյան հայտնի Newsweek հանդեսը հրապարակել է «Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանի հոդվածը.

«Ադրբեջանի լոբբիստները հաճախ մոլորեցնող կերպով գովաբանում են Ադրբեջանը որպես «կրոնական հանդուրժողականության փարոս»: Այդ խոսույթը պահանջում է շատ ավելի մանրակրկիտ քննություն, քանի որ իրականությունը փաստում է մեծապես տարբերվող եղելություն:

Վերջին տարիներին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնիկ հայերի նկատմամբ, ինչպես գնահատվել է միջազգային առաջատար փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի կողմից: Բացի բազմաթիվ հայկական ու քրիստոնեական հուշարձանների ավերածությունից, ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հանգեցրել է մոտ 150,000 հայերի բռնի տեղահանմանը մեր հինավուրց հայրենիքից:

Ադրբեջան՝ մարդու իրավունքների դժոխք

Տարիներ շարունակ Freedom House-ը դասակարգել է Ադրբեջանը որպես «ոչ ազատ» երկիր, որն ունի քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների աշխարհի ամենավատ ցուցանիշներից մեկը՝ ինչպես ներքին խախտումների, այնպես էլ հայերի դեմ իրականացված հանցագործությունների պատճառով:

Ցեղասպանության առաջին փուլի՝ 2020թ.-ի ավարտից հետո ադրբեջանական իշխանությունները 2022թ.-ի դեկտեմբերին շրջափակման ենթարկեցին Արցախի քրիստոնյա հայերին: Ինչպես փաստում է Amnesty International-ը, շրջափակումը հանգեցրել է անհրաժեշտ մթերքների, դեղորայքի և վառելիքի խիստ պակասության՝ առաջացնելով ծանր հումանիտար ճգնաժամ:

Չնայած ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ)՝ 2023թ.-ի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին ընդունված հրամաններին, որոնք պահանջում էին Ադրբեջանից վերացնելու շրջափակումը, Ալիևի ռեժիմը ոչ միայն շարունակեց շրջափակումը, այլև սեպտեմբերին սկսեց ագրեսիա, որը հանգեցրեց ամբողջ բնակչության բռնի տեղահանմանը: Հետագայում՝ 2023թ.-ի նոյեմբերի 17-ին ԱՄԴ-ը նոր հրաման ընդունեց, որը ճանաչեց բռնի տեղահանումը և պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը և մի շարք այլ քայլեր:

Բացի այդ, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածման վերաբերյալ: ECRI-ի վերջին զեկույցն ընդգծել է ռասիզմի և անհանդուրժողականության հետ կապված ընթացիկ խնդիրները: ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն (CAT) նույնպես ահազանգել է հայերի նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում արտադատական սպանությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին՝ ընդգծելով, որ այդ գործողությունները հաճախ կատարվում են էթնիկ ատելության հիման վրա:

Freedom House-ը բառացիորեն օրեր առաջ հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ «Ադրբեջանի փաստագրված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման չափանիշներին, ինչպես դրանք հասկացվում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում՝ արտադատական սպանությունների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և ազատազրկումների, սննդի և կենսապահովման դեղորայքի հասանելիության սահմանափակումների, հարկադրական վտարման, բնակչության բռնի տեղահանման և գույքի նպատակային ոչնչացման միջոցով»:

Քրիստոնյա հայերի կրոնական ազատությունը՝ Ադրբեջանի մարդու իրավունքների դժոխքի կրակներում

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) վերջին զեկույցը խորհուրդ է տվել պետքարտուղարությանը դասել Ադրբեջանը որպես «հատուկ մտահոգության երկիր»՝ Աֆղանստանի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի և այլ երկրների շարքում: USCIRF-ը փաստագրել է կրոնի կամ հավատքի հիման վրա ձերբակալված բանտարկյալների թվի զգալի աճ, իսկ իշխանությունները հաճախ մեղադրվում են ազատազրկված անձանց խոշտանգելու մեջ: Բացի այդ, USCIRF-ն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական վայրերի ոչնչացումը, ներառյալ՝ հայկական մշակութային ժառանգության համակարգված վերացումը:

2020 թվականից ի վեր ագրեսիաների հետևանքով ավելի քան 6,000 հայկական մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ 4-րդ դարից ի վեր կառուցված ավելի քան 400 եկեղեցիներ, անցել են ադրբեջանական բռնազավթման տակ: Վանդալիզմի հարյուրավոր դեպքերի հետ մեկտեղ վերջին և ամենացավալի օրինակներից մեկը բռնազավթված Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու ամբողջական ոչնչացումն էր, որտեղ ես պսակադրվել եմ 2017 թվականին: Վերջերս տեղի ունեցած մեկ այլ հանցագործություն էր Բերձորի Սուրբ Հարության եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը:

2021 թվականին BBC-ն հետաքննել և փաստագրել է Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավիրումը: 2020 թվականի ագրեսիայի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց տաճարը երկու անգամ թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից, որը փաստագրել է նաև Human Rights Watch-ը:

2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանով ԱՄԴ-ը պաշտոնապես հանձնարարեց, որ Ադրբեջանը «պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգությանը վնաս հասցնող և սրբապղծող գործողությունները, այդ թվում՝ եկեղեցիներ և այլ պաշտամունքի վայրեր, հուշարձաններ, տեսարժան վայրեր, գերեզմաններ և արտեֆակտներ»: Այդ վճռից հետո Եվրոպական խորհրդարանը կոչ արեց Ադրբեջանին ամբողջությամբ իրականացնել ԱՄԴ-ի հրամանը, մասնավորապես՝ «զերծ մնալ հայերեն լեզվի ճնշումից, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումից կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայության վերացմանը միտված գործողություններից կամ այնտեղ հայերի մուտքն ու օգտվելն արգելափակելուց» և ապահովել «հայկական մշակութային և կրոնական շենքերի ու վայրերի, արտեֆակտների կամ օբյեկտների վերականգնումը կամ վերադարձը»:

2023 թվականին մեր տներից բռնի տեղահանվելուց հետո մեզնից ոչ մեկին չի թույլատրվում վերադառնալ կամ այցելել մեր եկեղեցիները և գերեզմանները: Ավելին, մեծ ցավով և անհանգստությամբ մենք հաճախ հետևում ենք արբանյակային և ադրբեջանական լուսանկարներին, որոնք ցույց են տալիս մեր եկեղեցիների, գերեզմանների, տների և այլ ժառանգության ոչնչացումը մեր բռնազավթված հինավուրց երկրում:

Չնայած այս փաստագրված հանցագործություններին, ոչ մի միջազգային առաքելություն, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մուտք չունի Լեռնային Ղարաբաղ: Այս հանցավոր սցենարի և ողբերգությունների հետևում մենք արձանագրում ենք միջազգային հանրության խորը անբարոյականությունը, երբ իմ ժողովրդի ցեղասպանությունից անմիջապես հետո որոշվեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը (COP 29) անցկացնել նավթով հարուստ, ավտորիտար և ցեղասպանական Ադրբեջանում 2024 թվականին:

Ամփոփելով՝ թեև որոշ կրոնական համայնքներ կարող են Ադրբեջանում զգալ հարաբերական և ցուցադրական ազատություն, հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանության, մարդու իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումների, ինչպես նաև ներքին իրավախախտումների և բռնաճնշումների լայնածավալ ապացույցները ստեղծում են զորեղ հիմնավորումներ, թե ինչու Ադրբեջանը պետք է դասվի որպես «հատուկ մտահոգության երկիր» և պատասխանատվության ենթարկվի միջազգային հանրության կողմից: Հետևաբար, Պետքարտուղարությունը պետք է հետևի ոչ միայն Freedom House-ի խորհրդին Միջազգային քրեական դատարան դիմելու վերաբերյալ, այլև USCIRF-ի հորդորին՝ կիրառելով պատժամիջոցներ Ադրբեջանի բռնապետական և ցեղասպանական ռեժիմի դեմ, որը ոչ թե «փարոս» է, այլ՝ մարդու իրավունքների դժոխք»:

Արտակ Բեգլարյանը «Արցախ Միություն» հասարակական կազմակերպության ղեկավարն է և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Նա Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի և Լոնդոնի համալսարանական քոլեջի շրջանավարտ է: Նա նաև Ադրբեջանի կողմից 2023 թվականին բռնի կերպով տեղահանվել է իր հայրենի Արցախից և ապաստան է գտել Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031