Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ռեժիմի կողմից:
Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարերով, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։
Մենք մեզ համար կայացրինք այս դժվարին որոշումը, ոչ այն պատճառով, որ նրանք, ում օգնությանն իրավունք ունեինք ապավինել, որոշեցին զոհաբերել մեր Հանրապետությունը, իսկ թշնամին բազմապատիկ ավելի ուժեղ էր։
Մենք այս որոշումը կայացրել ենք, քանի որ նրանք, ովքեր իրենց անվանում են ազատության և ժողովրդավարության պաշտպաններ, որոշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար հրաժարվել ինքնորոշման մեր իրավունքից։
Կարդացեք նաև
Մենք հեռացանք, քանի որ միայն այդպես կարող էինք բացահայտել այն մեծ սուտը, որի վրա հիմնված էր հակամարտությունը լուծելու քաղաքական գաղափարը, ստիպելով մեզ և մեր երեխաներին հավատարմության երդում տալ և ընդունել մեզ ատող պետության քաղաքացիությունը։
Երեք տասնամյակ շարունակ մենք մեր բոլոր ուժերով պաշտպանել ենք մեր երեխաների խաղաղության և ազատ զարգացման իրավունքը: Մենք հակադրվում էինք քաղաքական գործարքներին՝ որոնք մեզ առաջարկում էին ի վնաս մեր հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրավունքի, որը ձեռք է բերվել բազմաթիվ մարդկանց կյանքի գնով մեր, հանուն ազգային արժանապատվությունը պահպանելու երկար դարերի պայքարում։ Եվ այս պայքարը չի ավարտվել։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության զորությամբ կվերադարձնենք մեր Հայրենիք։
Նրանց համար, ովքեր կարծում են, թե աշխարհը կարելի է կառավարել ստով, նորից կրկնում ենք.
Մեր հանրապետությունը հռչակվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Ադրբեջանի Միութենական Հանրապետության Շահումյանի շրջանի օրինական իշխանությունների կողմից, երբ նրա իշխանությունները հայտարարեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշման մասին։ Այս քաղաքական հռչակագիրը հիմնված էր Միության գործող օրենքի իրավական նորմի վրա։
Մեր ինքնորոշման իրավունքը ճանաչվել է Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից 1920 թվականին, հիմք է հանդիսացել 1923 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ստեղծման համար, ամրագրվել է ԽՍՀՄ սահմանադրությամբ, միութենական Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքով և պահպանվել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» դաշնային օրենքով և, որպես հետևանք, պաշտպանվել է նաև 1976 թ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով:
1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն հաստատեց, որ ընտրողների մեծամասնությունը պաշտպանել է մեր Հանրապետության անկախությունը հռչակելու որոշումը։ Երևանի իշխանությունների կամքին հակառակ ընտրված օրինական խորհրդարանը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Այս ընտրության համար իրենց կյանքով վճարեցին համազգային առաջնորդ, հանրապետության ղեկավար Արթուր Մկրտչյանը և մեր հազարավոր հայրենակիցները։ Հանրապետության լեգիտիմ իշխանությունների կողմից ընդունված քաղաքական որոշումների օրինականության մեջ ժողովրդի խորին համոզմունքը դարձավ մեր ժողովրդի հաղթանակի հիմքը Լեռնային Ղարաբաղի ազատության համար մղվող պատերազմում։
1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունները ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների իրավունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման համար քաղաքական լուծում գտնելու լիազորությամբ: Մեր ժողովուրդը 2006 թվականին հանրաքվեով հաստատել է Հանրապետության սահմանադրությունը, որով սահմանվել է Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների ընտրության կարգը և նրանց լիազորությունները, իսկ 2017 թվականին հանրաքվեով ժողովուրդը հաստատել է այս սահմանադրության փոփոխությունները։ Այս Սահմանադրությունը եղել և մնում է միակ հիմնարար օրենքը, որով առաջնորդվում և որին ենթարկվում են մեր Հանրապետության քաղաքացիներն իրենց կամքով։
Հակամարտության երեք տասնամյակի ընթացքում ոչ մի պետական գործիչ, քաղաքական գործիչ կամ միջազգային իրավական իշխանության ներկայացուցիչ չի պատասխանել մի պարզ հարցի. ինչո՞ւ Ադրբեջանը և այլ պետություններ, որոնք իրավական առումով ճանաչել են օրենքի գերակայության սկզբունքին հետևելու պարտավորությունը՝ որպես իրենց պետականության հիմնարար սկզբունք, կարող են չկատարել, այս սկզբունքից բխող, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը հարգելու պարտավորությունը։
Մենք մտադիր չենք փոխել մեր համոզմունքները ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ ցանկացած այլ քաղաքական հանգամանքներում։
Եվրոպան և ամբողջ ժողովրդավարական աշխարհն այսօր կանգնած են ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնված ինքնորոշման իրավունքի և մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կամ լռելյայն համաձայնել, որ ագրեսիան, շրջափակումը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են:
Մենք տեսնում ենք, որ եվրոպական երկրների ղեկավարները խոսում են հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի անհրաժեշտության մասին։ Կարծում ենք, որ մեր ժողովրդի՝ հայրենիք խաղաղ վերադարձի համար անհրաժեշտ են հետևյալ անվիճելի պայմանները.
Առաջին՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը: Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը մեր քաղաքացիների վերաբերյալ՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, պայմանով, որ այդ տրիբունալը նույն կերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից։
Երկրորդ՝ Ադրբեջանի զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքից և Շահումյանի շրջանից, որտեղ Ադրբեջանը կրում է 1992 թվականին էթնիկ զտումներ իրականացնելու ողջ պատասխանատվությունը։ Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը հայրենիք՝ Ադրբեջանի իրավասության ներքո։
Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։
Չորրորդ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ողջ սահմանի երկայնքով պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր և ստեղծվի ապառազմականացված գոտի։
Հինգերորդ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը և Շահումյանի շրջանը պետք է փոխանցվեն ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական ինստիտուտների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։
Մենք պատրաստ ենք ողջ ուժերով նպաստել հակամարտության խաղաղ լուծմանը, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի և միջազգայնորեն ճանաչված մարդու այլ իրավունքների և ազատությունների լիակատար հարգման վրա։