Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժողովուրդն ուզում է նոր գյուտ անել. ապրել առանց հայրենիքի՝ առանց օդի

Հուլիս 15,2024 12:00

2020թ. իրադարձություններից մինչ այսօր, 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններից, եւ ընդդիմության բազմաթիվ փորձերի՝ ժողովուրդ հավաքելու ու չհաջողելու եւ վերջապես հրաշքով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձեռնարկելու ու ժողովրդի բավականին լուրջ քանակ հավաքելուց եւ այս ճակատագրին արժանանալուց հետո, ես ու շատերը համոզվեցինք, որ հայ ժողովուրդը հայրենիք չունի եւ արժանի էլ չէ ունենալու:

Ցավոք, պարզվում է, որ այսքանից հետո էլ ես դեռեւս անուղղելի լավատես եմ ու հույսեր եմ տածում, որ այս պահից սկսած՝ րոպե շուտ, կփորձեն հասկանալ սպասվող կորուստների գինը եւ կփորձեն փողոց դուրս գալ ու կփորձեն պատնեշել հայրենիքին սպասվող սարսափելի վտանգների իրողությունը, որն իրականացնելու համար մեծ տաղանդ եւ սարսափելի ջանքեր են անհրաժեշտ, որոնք ոսկերչական ճշգրտությամբ պետք է փորձի իրականացնել սրբազան շարժումը, որն էլ կարող է դա իրականություն դարձնել, շտկելով իր թույլ տված բացթողումներն ու շարժումը տանելով նոր ռազմավարությամբ եւ մարտավարությամբ: Սա է փրկության միակ ճանապարհը …

Շատ են նոր մոտեցումները, որոնք պետք է կիրառել, սակայն կնշեմ դրանցից մի քանիսը: Ամենակարեւորներից մեկը երիտասարդության հետ կապերի ինտենսիվացումն է, ժողովրդի հետ նոր բովանդակային ձեւաչափով թարմ ասելիքը տեղ հասցնելը, հանրահավաքների անցկացման հաճախականության ավելացումը, բանավոր խոսքից բացի, ասելիքի ողջ բովանդակությամբ անհրաժեշտ քանակի թռուցիկների տարածումը՝ տեսանելի վայրերում, դրանք փակցնելու միջոցով ժողովուրդը հնարավորություն ունենա ոչ մեկ անգամ, այլ մի քանի անգամ դրանք ընթերցելու, դրանք միմյանց փոխանցելու համար, որի ընթացքում հնարավորություն կծնվի՝ միմյանց աչքերին նայելով, բացատրել տիրող իրավիճակի ողբերգականության մասին, բանավոր հաղորդակցության ժամանակ դիմացինին արժանապատվություն ներարկելով: Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի տերը նրա ժողովուրդն է, այնպես որ, քարոզ անելով չէ, որ պետք է ժողովրդի մեջ հայրենիք ունենալու ցանկություն առաջացնել, քանզի ժողովրդի ներսում հայրենիք ունենալու պահանջը օդի նման անհրաժեշտություն է, առանց որի ապրել հնարավոր չէ, սակայն մեր ժողովուրդն ուզում է նոր գյուտ անել, ապրել առանց հայրենիքի՝ առանց օդի, որը աբսուրդ է:

Հայեր, լրջացեք, խելքի եկեք: Եթե ապրելու համար մի պայման կա, դա հայրենիքն է, որի վրա պետք է ապրել, արարել, շարունակվել: Հայոց պետականությունը՝ հայրենիքը փրկելու իրոք վերջին հնարավորությունն է եւ եթե հայ ժողովուրդը միասնական կամքով դուրս չգա փողոց, ապա վերջնականապես՝ հավանաբար հավերժորեն կկորցնի իր պետականությունը ու նրա հետագա գոյությունը լրջորեն վտանգված կլինի …

Շատ բան պետք չէ: Պետք է ընդամենը սթափվել ու դուրս գալ փողոց եւ փրկել երկիրը հետագա պատերազմներից, ահռելի զոհերից ու բազում այլ կորուստներից եւ փրկել տիրող զարհուրելի իրավիճակը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
13.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031