Լեւոն եւ Սիրանուշ Քոչարյանների դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել էր 2024 թվականի հունիսի 7-ին: Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումով խնդրել են. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 31-րդ եւ 34-րդ հոդվածներին (ի համակցում 78-րդ հոդվածի) հակասող եւ անվավեր»:
Դիմողները հայտնել էին, որ իրենց վերաբերյալ առկա չեն քրեական վարույթ, եւ իրենց պատկանող գույքի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ, իրենք հոր եւ եղբոր ընտանիքից առանձին տնտեսություն են վարում, հետեւաբար, իրենց նկատմամբ անսահմանափակ քանակի անձնական տվյալներ հավաքելը եւ մշակելն ինքնին հակասահմանադրական է եւ ցանկացած նորմ, տվյալ դեպքում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» oրենքի 12-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը, որոնք նման բլանկետային լիազորություններ են ընձեռում հանրային իշխանության ներկայացուցիչներին, ինքնին հակասահմանադրական են»:
Նրանք ներկայացրել են թիվ ԵԴ/15338/02/22 քաղաքացիական գործը:
Ըստ դիմողների` «ինչ-որ ժամանակ ոչ օրինական ճանապարհով, այլ անձի կողմից ձեռք բերված սեփականության առկայության պարզումն ինքնին ծանր կշիռ չունի, եթե դրա համար հնարավոր ամենածանր ձեւով միջամտություն է գործադրվում անձի հետ զուտ փոխկապակցված մեկ այլ անձի մասնավոր կյանքի նկատմամբ»:
Կարդացեք նաև
Դիմողների պնդմամբ՝ վիճարկվող դրույթները՝ իրենց համակարգային փոխկապակցվածության եւ կիրառման մեջ, կարելի է ասել, ի չիք են դարձնում իրենց՝ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված՝ մասնավոր կյանքի իրավունքը, քանի որ հնարավորություն են տալիս առանց որեւէ ժամանակային կամ բովանդակային սահմանափակման հանրային իշխանության մարմիններից պահանջել այնպիսի զգայուն տեղեկություններ, ինչպիսիք են՝ բանկային, ավանդային եւ վարկային հաշիվները, անհաշիվ գործարքները, որոնք իրենց էությամբ կարող են պարունակել ընդհուպ մինչեւ ամենանեղ անձնական ոլորտին պատկանող տեղեկություններ:
Ըստ դիմողների՝ դատարանները, ելնելով վիճարկվող օրինադրույթների կիրառման ոլորտի վերացականության բարձր աստիճանից, բավարարում են գլխավոր դատախազության ցանկացած դիմում՝ առանց իրատեսական ժամանակային սահմանափակման: Միաժամանակ, դիմողները գտնում են, որ կանխավարկածն իրավակիրառ պրակտիկայում համաչափության սկզբունքի ճիշտ հակառակ կիրառումն է՝ «որքան շատ տեղեկություն որքան շատ մարդկանց մասին, այնքան լավ» մոտեցմամբ, ինչն ուղղակիորեն ոտնահարում է իրավական պետության սկզբունքը:
Սահմանադրական դատարանը մերժել է անհատական դիմումը:
Սահմանադրական դատարանը հղում է կատարել իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմանը, որով արձանագրվել էր. «…անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաեւ այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: …Անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեեւ դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաեւ արձանագրել է, որ «դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի եւ իր իրավունքների խախտման փաստի միջեւ: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաեւ դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ եւ նյութեր»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը (Դ.Խաչատուրյան, Վ.Գրիգորյան, Է.Շաթիրյան) որոշմամբ «հիշեցնում» է, որ անհատական դիմումի ընդունելիության շեմը չի կարող բավարարված համարվել բացառապես համապատասխան հիմնական իրավունքին կամ ազատությանը միջամտության փաստի հիմնավորմամբ: Ըստ ՍԴ ՍԴԴԿՈ-32 որոշման՝ դիմողները սահմանափակվել են իրենց՝ Սահմանադրության 31 եւ 34-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին միջամտության վերաբերյալ պնդումներով՝ առանց իրենց կողմից վիճարկվող դրույթների եւ իրենց կողմից վկայակոչված իրավունքների ենթադրյալ խախտման միջեւ անմիջական պատճառահետեւանքային կապի առկայության մասին փաստական բավարար հիմնավորումներ ներկայացնելու:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման: Մինչդեռ, ըստ ՍԴ-ի` հիմնական իրավունքի կամ ազատության միջամտության համար Սահմանադրությամբ նախատեսված պայմանները, դրա հիմնավորումը բացակայում է ներկայացված դիմումում։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Ա» – Թերթի առաջիկա համարում կանդրադառնանք նաեւ Արա Զոհրաբյանի եւ Էդիկ Բեգլարյանի ՍԴ դիմումին, նրանք բարձրաձայնում են ցավոտ մի հարցի մասին. դատարաններն ուղղակի հրաժարվել են իրականացնել արդարադատություն, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործողությունն անմիջականորեն վերաբերում է ոչ միայն Էդիկ Բեգլարյանին, այլ երբեմնի Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին:
«Առավոտ» օրաթերթ
13.07.2024