Լրահոս
Օրվա լրահոսը

Սուբվենցիոն ծրագիրը՝  փորձանք  ու հեղեղումների պատճառ Մասիսում

Հուլիս 14,2024 23:20

Սկզբում երազում էին ոռոգման նոր ցանցի մասին, այսօր ցանկանում են փրկվել սուբվենցիայով կառուցող, սակայն շարունակության մասին չմտածող պետական չինովնիկների անտարբեր, արհամարհական, լուռ վերաբերմունքից։

Դարակերտ գյուղում խողովակներ տեղադրելիս պաշտոնյաները հեռուստացույցով նկարվեցին ու անհետացան՝ օգտագործողներին երկու տարի թողնելով տարերքի հույսին։

Գյուղում ոռոգման ջուրը տեղ չէր հասնում քայքայված ցանցի ու եղեգների թավուտի պատճառով, մարդիկ երազում էին նոր ցանցի մասին։ Պետության ու համայնքի համատեղ ֆինանսավորումով՝ սուբվենցիայով ոռոգման խողովակներ տեղադրելուց հետո  և ընթացքում պետք էր մտածել շարունակության մասին՝ ինչպես կառավարել։ Պետք էր մտածել օգտագործողների՝ բնակիչների մասին, որոնց տների դիմացով հոսող փոքրիկ առուները 4 անգամ փոքր են, կան տեղադրված նորերի թողունակությունը։ Հավանաբար Մասիս համայնքում հույսները դրել են ժողովրդական խոսքի վրա՝ ջուրն իր ճամփան կգտնի։ Ջուրն էլ, հատկապես գիշերով, լցվում է մարդկանց բակերը, իսկ խոնավությունը՝ ներծծվում տան պատերի մեջ։

Մենք՝ անշնորհակալ բողոքողներս, երկու տարի դիմում ենք ներքևից վերև բոլոր ղեկավարներին, հարևաններով ելքը գտել ենք, բայց մեկը պիտի հարցնի՝ որ ասենք, ու պիտի արվի։ Այս մասին մտածող չկա, կարևորը՝ գործի կեսն արել են, ցույց տալու բան կա։ Սկզբում  երազում էին ոռոգման նոր ցանցի մասին, այսօր ցանկանում են փրկվել սուբվենցիայով կառուցող, սակայն շարունակության մասին չմտածող պետական չինովնիկների  անտարբեր, արհամարհական, լուռ  վերաբերմունքից։

Եվ անկառավարելի, անսպասելի առատ ջուրը՝ գիշերով, հատկապես երբ Երևանյան լճի ջուրն են փոխում ու բաց թողնում, ողողում է  մարդկանց բակերն ու այգիները, նաև գյուղի հիմնադրման ժամանակ տեղադրված ծեր, քայքայված ու ծռված 60 տարեկան  էլեկտրասյուները, որոնց կողքով  դարակերտցիները վախով են անցնում՝ հանկարծ շուռ չգան։ Շուռ գալու դեպքում վնասվելու է գազատարը, հոսանքի լարերը՝ միաժամանակ և սյուների վրա տեղադրված արագիլների բները։

Առաջին հայացքից կարծես շատ բան է փոխվել, կոպիտ և անտարբեր պաշտոնյաներին փոխարինել են քաղցր խոսքով ու ոչինչ չանող   պաշտոնյաները։ Վերջինը, ում դիմեցինք, այդպիսի պաշտոնյա էր՝ համայնքապետի տեղակալ պարոն Հակոբյանը։ Գերզբաղված Հակոբյանը երեք րոպեում լսեց մեզ, ապրումակցեց  արագիլների պահով՝ ախ այդ էլցանցը, հարցրեց, թե բնակիչները տանը կլինեն արդյոք, որ գան նայեն, քանի որ չի բացառվում՝ այսօր էլ գան։ Հետո ներողություն խնդրեց ու հարազատավարի դիմեց մյուս հավաքվածներին՝ «Եկեք, հայանիստցիներ ջան, տեսնենք ինչ եք խառնվել իրար»։

Մեկ ամիս է՝ գալիս ու տեղ չեն հասնում։

Առանց այդ էլ շոգից ու խորշակից տապակվող Արարատյան դաշտավայրում ամենօրյա հեղեղումների հետևանք տիղմահոտը, մոծակների պարսը, երևանյան լճի սև տիղմը, կոյուղու ակնհայտ «Կոկո Շանելը», մարդկանց կյանքը դարձրել են առավել անտանելի։

Իսկ պաշտոնյաները հավանաբար սպասում են՝ սյուները տապալվեն, որ հետո տասնապատիկ ավելի ֆինանսներով ու ջանքերով փորձեն հետևանքները վերացնել։

Հ․Գ- «Սպիտակ արագիլների պաշտպանության»  ՀԿ որ դիմենք, երևի ավելի շուտ կարձագանքեն, քան Մասիս համայնք։

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

ԲՆԱԿԻՉ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031