Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Հարությունյան. Շուշիում մտավոր վիթխարի հարստության կորստի դառը դասը սովորեցրեց իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը. «Ա1+»

Հուլիս 14,2024 22:31

«Ա1+»-ի հարցազրույցը «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանի հետ

-Պարոն Հարությունյան, նախ խոսենք «Կաճառ» գիտական կենտրոնի գործունեության մասին՝ Արցախում։ Երբ է այն հիմնադրվել և ի՞նչ խնդիրներ էր իր առջև դրել։

– «Կաճառ» գիտական կենտրոնը հիմնադրվել է 2006 թ. փետրվարի 20-ին Շուշի քաղաքում՝ նախ և առաջ այդ հինավուրց բերդաքաղաքի հոգևոր-մշակութային, գիտակրթական զարթոնքին ու հետագա զարգացմանը նպաստելու նպատակով: Զբաղվում էր հետազոտական, վերլուծական գործունեությամբ, ռազմավարական ուսումնասիրություններով ու վերջնամշակումներով, առաջարկում էր խորհրդատվական, գիտակրթական ծառայություններ, տալիս էր սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական ընթացիկ գործընթացների փորձագիտական գնահատականները, կանխատեսումներ էր անում և գեներացնում իրադարձությունների հետագա զարգացման բեմագրեր: Նույն թվականին հրատարակվել են «Կաճառ» տեղեկագրի 9 համարներ, իսկ 2007 թ. որոշվել է հրատարակել համանուն տարեգիրք՝ նվազագույնը 15 մամուլ ծավալով:

Առայսօր տպագրվել է «Կաճառ» տարեգրքի 16 հատոր՝ յուրաքանչյուրը 15 և ավելի մամուլ ծավալով: Մինչև 2020 թ. նոյեմբերի 9-ը Կենտրոնի հայագիտական գրադարանում հավաքվել, դասակարգվել է շուրջ երեսունհինգ հազար գրադարանային միավոր: Ստեղծվել էր Արցախի պատմության արխիվ՝ ավելի քան 500 հազար միավոր փաստաթղթերով և վավերագրական նյութերով: Արխիվային հիմնական ֆոնդերն էին. Արցախյան շարժում, պետական շինարարություն, պաշտպանության բանակ և բանակաշինություն, հակամարտության պատմություն, անվանի արցախցիներ (ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ ու թեկնածուներ, արվեստագետներ, գրողներ, պետական-քաղաքական և ռազմական գործիչներ և այլն), անհատական ծագման ֆոնդեր (Արցախում ապրած ու ստեղծագործած երկու տասնյակ նշանավոր մտավորականների գործունեության ու ստեղծագործության արդյունքում առաջացած փաստաթղթերով), Արցախի պարբերական մամուլի արխիվ (շուրջ 100 անուն թերթերի, ամսագրերի և այլ պարբերականների հավաքածուներ), հազարավոր բացառիկ լուսանկարների ֆոտոարխիվ, աուդիոձայնագրություններ, տեսաֆիլմեր ու տեսաերիզներ: Կենտրոնի աշխատակիցները մասնակցել են միջազգային և հանրապետական գիտաժողովների և իրենց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Հրապարակվել են հոդվածներ գիտական ամսագրերում և պարբերական կամ գիտական ժողովածուներում: Հրատարակվել է 6 միավոր ուսումնաօժանդակ գրականություն բուհերի համար: Կազմակերպվել են միջազգային թեմատիկ գիտաժողովներ (2010թ., 2012թ. և 2020թ.), գիտագործնական կոնֆերանսներ, «Կլոր սեղաններ», քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, հիշատակի երեկոներ ու հոբելյանների արժեվորման ցերեկույթներ, ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքներ, հանդիպումներ և դասախոսություններ զորամասերում: Կենտրոնի գիտամեթոդական խորհրդատվությունների, նախաձեռնությունների շնորհիվ պաշտպանվել են ատենախոսություններ, հրատարակվել մենագրություններ և ժողովածուներ, ստեղծվել են գիտատեղեկատվական ու համագործակցային կապեր այլ համանման կառույցների հետ:

-Կենտրոնը Շուշիում էր տեղակայված, 2020 թվականի աշնանային պատերազմից հետո որտե՞ղ էր իրականացնում գործունեությունը։

– Պատերազմի և Շուշի քաղաքի բռնազավթման հետևանքով «Կաճառ» գիտական կենտրոնի ամբողջ գույքը և գործավարական փաստաթղթերը մնացել են Շուշի քաղաքում: 14 տարիների գործունեության ընթացքում ձևավորված փաստաթղթերի մոտ 2 տասնյակ գործերը, մի խոսքով՝ հասարակական նախաձեռնություններով 14 և անհատական ջանքերով՝ ևս 18 տարվա ընթացքում հավաքված ու պահպանված մշակութային ու պատմավավերագրական, սկզբնաղբյուրային ու գիտական մեծ ժառանգությունը մնացել է այնտեղ։ Հայ ժողովրդի մտավոր ու նյութական ժառանգության մաս կազմող այդ անգին հարստությունը Ստեփանակերտ տեղափոխելու խնդրանքով տակավին 2021թ. փետրվարին պաշտոնական գրություններով դիմել եմ ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, ինչպես նաև ռուս խաղաղապահներին, ՌԴ նախագահի վարչակազմին, սակայն ապարդյուն, այդպես էլ դրական տեղաշարժ չի եղել: Այդ ծանր հարվածից չենք հիասթափվել և արդեն Ստեփանակերտում գործունեություն ենք ծավալել հայագիտական գրադարանը և Արցախի պատմության արխիվը վերականգնելու, հրատարակչական գործունեությունը վերսկսելու ուղղությամբ: Կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ, գործարկել ենք պաշտոնական կայք, հրատարակել «Կաճառ» տարեգրքի 14-րդ և 15-րդ հատորները, միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն, մենագրություններ և այլն:

– Պարոն Հարությունյան, կարողացե՞լ եք, արդյոք, այդքան մեծ դժվարություններով վերականգնած աշխատությունները հասցնել Հայաստան:

– Շուշիում մտավոր վիթխարի հարստության կորստի դառը դասը սովորեցրեց իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը և օգտագործել ամենափոքր իսկ հնարավորությունը մտավոր ժառանգության մնացորդները փրկելու համար: Սակայն, Երևանում մենք կրկին բախվեցինք տարբեր տրամաչափի չինովնիկների բյուրոկրատական պատին և առայսօր լուծված չէ Կենտրոնի տեղակայման հարցը:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031